ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են կրկին հանդիպել հոկտեմբերի 29-ին, Ժնևում՝ քննարկելու, համաձայնեցնելու և դեռևս հաստատվելիք ժամանակացույցի համաձայն սկսելու իրագործել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքներին համապատասխան հասնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Այսօր տարածած հաղորդագրությունում համանախագահները հայտնում են, որ հոկտեմբերի 24-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, նաև մասնակցել են Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի՝ ԱՄՆ փոխպետքարտուղար Սթիվեն Բիգանի հետ համատեղ հանդիպմանը։
Համանախագահները կոչ են արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ իրագործելու հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարության բոլոր կետերը՝ ինչպես և պարտավորվել էին։ Միջնորդները նշել են, որ այդ հանձնառությունները նրանք վերահաստատել են Փարիզի հետ՝ հոկտեմբերի 18-ին։ Համանախագահները հիշեցրել են կողմերին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հոկտեմբերի 1-ի, ինչպես նաև այդ երկրների արտգործնախարարների հոկտեմբերի 5-ի հայտարարությունները, որտեղ վերջիններս կոչ էին արել անհապաղ դադարեցնել բռնություններն ու շարունակել առարկայական բանակցություններ՝ Մինսկի խմբի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու համար։
Իրենց ինտենսիվ քննարկումների ժամանակ համանախագահները և արտգործնախարարները քննարկել են անհամապաղ հումանիտար հրադադար հաստատելու, հրադադարը դիտարկելու հնարավոր պարամետրերը և համապարփակ լուծում գտնելու հիմնարար տարրերի շուրջ երկխոսություն սկսելու հարցերը՝ համաձայն հոկտեմբերի 10-ին ընդունած հայտարարության։