Ըստ պաշտոնական աղբյուրների՝ չնայած գիշերն Արցախի բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, այդուհանդերձ լուսադեմին Մարտակերտն իր հարակից գյուղերով ու քաղաքացիական ենթակառուցվածքներով կրկին հայտնվել է հակառակորդի նշանակետում: Հայկական կողմի հաղորդմամբ` երեկ Ադրբեջանը նույն ուղղությամբ կիրառել է ավիացիա և ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները՝ կոպտորեն խախտելով ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, այլև խաղաղ բնակչության նկատմամբ կիրառելով արգելված զինատեսակներ:
Հայաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են: Հիմնականում հակառակորդի փոքր խմբերը չեզոքացվում են օջախային մարտերում»:
«Առավոտվանից մարտական գործողությունները շարունակվում են տարբեր ուղղություններով: Կոնկրետ առարկայական ինչ-որ փոփոխություն չկա մարտական գործողությունների ընթացքի մեջ: Իրավիճակի լարվածությունը բավականին բարձր է», - «Ազատությանը» փոխանցեց նա: Հարցին, թե հատկապես որ հատվածներում է իրավիճակի սրում նկատվում, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Միշտ էլ նույնն է` հյուսիսային ուղղությունը, հարավայինը, որը ավելի շատ ծանր ճակատ է մնում վերջին 20 օրերի ընթացքում»:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արցախի Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն այսօր առավոտյան հարավային ուղղությամբ հակառակորդի ինքնաթիռ են խոցել»։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին է հայտարարություն տարածել, թե այսօր` մինչև 13։30-ը, 4 հայկական անօդաչու թռչող սարք են խոցել: Ադրբեջանական կողմն, ի դեպ, շարունակում է լռել սեփական ռազմական կորուստների մասին` պնդելով, թե դա «ռազմական գաղտնիք է»: Ադրբեջանական կողմը նաև հայտնում է, թե հայկական զինված ուժերն առավոտից գնդակոծում են Թարթառ քաղաքն ու հարակից տարածքները:
Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում հերքեց այս լուրը. - «Լկտի սուտ է դա, լկտի սուտ, որովհետև հայկական զինված ուժերը երբեք չեն արել նման բան ու երբեք չեն թիրախավորել միտումնավոր որևէ խաղաղ բնակավայր: Դա ոչ մեր ձեռագիրն է, ոչ էլ մենք ուզում ենք միջոցներ ծախսենք քաղաքացիական բնակչության վրա»:
Պաշտպանության բանակն այսօր նաև տեղեկացրեց, որ իսրայելական և թուրքական զինատեսակներից բացի, Ադրբեջանը հայկական կողմի դեմ կիրառում է նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ:
Պաշտպանության բանակը պնդում է, որ դա ապացուցող փաստեր ունի: Թեև 2017 թվականին Չեխիայի կառավարությունը հայտարարել էր, թե երբեք թույլ չի տա զենքի վաճառք Ադրբեջանին, սակայն 2019-ին կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի հետազոտության կենտրոնի հրապարակած զեկույցի համաձայն` չեխոսլովակայան համատեղ հոլդինգ «Չեխոսլովակ գրուպը», շրջանցելով միջազգային էմբարգոն, զենք և զինամթերք է տրամադրել Ադրբեջանին:
Արցախի ՊՆ-ն այսօր հրապարկեց 62 զոհված զինծառայողի անուն: Պատերազմի 25-րդ օրն է, հայկական կողմն արդեն հայտնել է 833 զոհի մասին: Ադրբեջանական կողմը սեփական կորուստները չի հայտնում պատճառաբանությամբ, թե դա «ռազմական գաղտնիք է»: