Մատչելիության հղումներ

Պեսկովի ներկայացմամբ` ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքները շարունակվում են


Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն այսօր չպատասխանեց հարցին, թե արդյոք առաջիկա օրերին կկայանան Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները Մոսկվայում։ Դմիտրի Պեսկովը միայն ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքները շարունակվում են: «Ռազմական գործողությունները կանգնեցնելու և գործընթացը դիվանագիտական և քաղաքական հարթություն տեղափոխելու ուղղությամբ աշխատանքն ընդհանուր առմամբ շարունակվում է: Ավելին ասել չեմ կարող», - ասել է Պեսկովը:

Երեկ պաշտոնական Երևանն ու Բաքուն հայտարարեցին, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը պատրաստ են Մոսկվայում բանակցություններ սկսել ստեղված իրավիճակի շուրջ, սակայն ավելի հստակ տեղեկություն, թե երբ կկայանա նման հանդիպում, դեռ չկա: Հայտնի է միայն, որ հոկտեմբերի 23-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ, հիշեցնենք, հայտարարել էր, որ հրադադարն ապահովելու համար այսօր անհրաժեշտ է համաձայնեցնել այն վերահսկող մեխանիզմներ, և որ այդ ուղղությամբ Մոսկվան աշխատանք է տանում Հայաստանի և Ադրբեջանի հետ ռազմական գերատեսչությունների գծով:

Ինչ վերաբերում է ահաբեկիչներին, որ Թուրքիան շարունակում է տեղափոխել Ղարաբաղ, ապա Ռուսաստանի դաշնային խորհրդում կարծում են, որ Ռուսաստանի միջամտության համար անհրաժեշտ են որոշակի քայլեր: «Որպեսզի Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողություն իրականացնի, անհրաժեշտ է, որ Հայաստանը պաշտոնապես դիմի Ռուսաստանին», - այսօր ասել է Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կասաչովը:

Ավելի վաղ, հիշեցնենք, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին մասնակցում են Սիրիայից ժամանած գրոհայիններ, Ռուսաստանին իրավունք է տալիս տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություններ իրականացնել:

Կասաչովի խոսքով` այդ քայլն անհնար է առանց Երևանի կողմից պաշտոնական հարցման ու իրավիճակի մանրակրկիտ գնահատման: «Պետք է գնահատվեն հավաստիությունը, վտանգն ու ռիսկերը, որոնք առաջանում են այդ կապակցությամբ: Բնականաբար պետք է լինի Հայաստանի պաշտոնական դիմումը, այլ ոչ թե հայտարարությունն առ այն, որ Ռուսաստանը դա անելու հիմքեր ունի», - այսօր հայտարարել է ռուսաստանցի սենատորը:

Նույն այս հիմքը բազմիցս հնչեցրել են ռուսաստանցի փորձագետներն ու մեկնաբանները: Պաշտոնական Մոսկվան Արցախում պատերազմի սկսվելուց հետո մի քանի անգամ իր մտահոգությունն է հայտնել, որ պատերազմին մասնակցում են Սիրիայից և Լիբիայից Ղարաբաղ տեղափոխված հազարով վարձկաններ: Նույնիսկ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն էր հայտնել, որ Ղարաբաղում մարտերին մասնակցում են հարյուրավոր, հազարավոր արմատականներ Մերձավոր Արևելքում տեղակայված միջազգային ահաբեկչական կազմակերպություններից:

Սրա հետ մեկտեղ նկատելի է, որ ահաբեկիչների թեման վերջին օրերին ավելի պասիվ են քննարկում Կրեմլի վերահսկողության տակ ռուսական դաշնային հեռուստաընկերությունների քաղաքական թոք շոուների եթերներում:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը հարցում է անցկացրել` պարզելու ռուսաստանցիների վերաբերմունքը պատերազմին: Եվ այդ հարցման համաձայն` ռուսաստանցիների շուրջ 71 տոկոսը հավասար վերաբերմունք ունի պատերազմող կողմերին: Հայաստանին համակրում է հարցված ռուսաստանցիների 12 տոկոսը, իսկ Ադևբեջանին` 2 տոկոսը: Եվ սա այն դեպքում, որ Բաքուն հսկայական գումարներ է ծախսում ռուսական հեռուստատեսությամբ և մամուլում ադրբեջանամետ նյութեր հրապարակելու համար:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG