Եվրոպաբնակ հայերը շարունակում են բողոքի ակցիաները՝ փակելով միջպետական ճանապարհներ։ Այսօր ժամեր շարունակ փակ է եղել Իսպանիա-Ֆրանսիա և հակառակ ուղղությամբ միջպետական ավտոմայրուղին։ Հայ համայնքը եվրոպական երկրներից պահանջում է Արցախի անկախության ճանաչումը։
«Հիմա գտնվում ենք Իսպանիա-Ֆրանսիա սահմանին, մյուս կողմում Իսպանիայի սահմանն է, Իսպանիայի ժողովուրդն է: Շարժն ամբողջովին կանգնած է», - պատմում է ակցիայի մասնակիցներից մեկը, մյուսն ավելացնում է. - «Ակցիան սկսեցինք առավոտ 8:30-ի կողմերը: Սան Սեբաստիանի համայնքը փոքր է, Բարսելոնայից էին մարդիկ եկել, Ֆրանսիայից էին մարդիկ եկել»:
Իսպանական Սան Սեբաստիանում բնակվող Գևորգ Պապյանը պատմում է, որ այսօրվա ակցիայի նպատակներից մեկն էլ եղել է իսպանական լրատվամիջոցներով Արցախում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանումը, որպեսզի խնդրի մասին բարձրաձայնվի. - «Մեր ակցիայով փորձեցինք բարձրաձայնել, որ գոնե իրականությանը մոտ լուրեր թողարկեն։ Ճանապարհը փակելուց հետո գնացինք, մեր մոտի հեռուստաընկերություններից մեկի բակում էլ բողոքի ակցիա արեցինք, լրագրողներ եկան, հարցազրույց տվեցինք, ներկայացրինք իրավիճակը, ու հետո ոստիկանությունը եկավ, արդեն կամաց-կամաց խաղաղ ձևով ազատեցինք տարածքը»։
Բողոքի ակցիաներ են իրականանացվել այլ երկրներում ևս, ինչպես օրինակ՝ Չեխիայում, Բելգիայում, Բրիտանիայում։ Պրահայի խորհրդանշական՝ 520 մետր երկարությամբ ձգվող Կառլի կամրջի վրա այսօր հայ համայնքը իրականացրել է բողոքի ակցիա։ Պատմում է Ռուզաննա Նավոյանը. -«Մասկաներով ու սկոչով մարդկանց բերանները փակ էին: Դա նրա համար էր արված, որ ցույց էինք տալիս, որ Չեխիան լուռ է մնում, ու խնդրում էինք, որ իրենք Արցախի խնդրի մասին խոսեն, մեր կռվի մասին խոսեն, դա առաջինն էր: Երկրորդը Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիայի դիմաց էր: Կուզենանք, որ Չեխիայի Հանրապետությունը Արցախի անկախությունը որպես երկիր ճանաչի, չգիտեմ` կստացվի, թե չէ, ամեն դեպքում այստեղի երիտասարդությունը, այստեղի համայնքը փորձում է ինչ-որ քայլեր անել այդ հարցի շուրջ»:
«Վերջ տվեք ագրեսիային», «ճանաչեք Արցախի անկախությունը» և այլ լոզունգներով Լոնդոնի հայերը, օրինակ, BBC հեռուստառադիոընկերության դիմաց են ակցիա իրականացրել։ Պահանջել են, որպեսզի հայտնի լրատվամիջոցը Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ճշմարտությունը ներկայացնի։ Մասնակիցները վանկարկում էին՝ «դադարե՛ք տարածել ադրբեջանական և թուրքական ստերը», «BBC, պատմի՛ր ճշմարտությունը»։