Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը կարծում է՝ «Անջատում հանուն փրկության» բանաձևը Արցախի դեպքում կիրառելի է որպես «Ճանաչում հանուն փրկության»։
Պաշտոնական Ստեփանակերտը հիշեցնում է՝ Արցախը Խորհրդային Ադրբեջանից անջատվել է դեռ 1988-ին, հետո հանրաքվեով հռչակել անկախություն:
«Անջատման գործընթացը դե յուրե մենք իրականացրել ենք, հիմա մեր ինքնորոշման իրացված իրավունքի փաստը պետք է միջազգայնորեն ճանաչվեր, բայց բանաձևը նույնն է: Որոշ ձևափոխումներով՝ մենք կարող ենք ասել ոչ թե անջատում հանուն փրկության, այլ՝ միջազգային ճանաչում հանուն փրկության: Դա գրեթե նույն բանն է, բայց մի քիչ մոդիֆիկացված և ադապտացված մեր իրավիճակին», - ասաց Մայիլյանը:
Նախօրեին Նիկոլ Փաշինյանն էր հիշեցրել «Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը, ըստ վարչապետի, պետք է դրվի Ղարաբաղի հարցի կարգավորման հիմքում։ «Սա ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է», - մեկնաբանել էր Փաշինյանը։
Ըստ «Անջատում հանուն փրկության» բանաձևի՝ ժողովուրդները կարող են անջատվել պետությունից, երբ կա խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության վտանգ։ Այս սկզբունքը նաև բացառում է միացումը որևէ պետության, եթե դա կհանգեցնի այս ամենին։ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, վարձկան-ահաբեկիչների ներգրավվածությունը, Թուրքիայի և Ադրբեջանի ահաբեկչական գործելակերպը հնարավորություն են ստեղծում հասնել այս միջազգային ըմբռնմանը։
Մասիս Մայիլյանն ասում է՝ հիմա անջատում կամ ճանաչումը կարող է դադարեցնել արյունահեղությունը. «Քանի որ չկա այդ միջազգային ճանաչումը, Ադրբեջանին թվում է, թե իրենք որևէ իրավունք ունեն Արցախի նկատմամբ և փորձում են իրենց ինքնիշխանությունը տարածել Արցախի վրա՝ ուժի ձևով: Որոշ պտուղներ արդեն մենք տեսնում ենք տարբեր մակարդակներով. քաղաքներ են ճանաչում, համապատասխան բանաձևեր են ընդունում տարբեր տեղեր: Մենք այս ալիքը պետք է ուժեղացնենք և հասնենք դրան, որովհետև այս ճանաչումը կարող է կանգնեցնել այդ ցեղասպանական քաղաքականությունը Թուրքիայի և Ադրբեջանի: Սա արդեն աշխարհի համար կամաց-կամաց նորից ընկալելի է դառնում»:
Հայաստանի վարչապետը ֆրանսիական «Libération» պարբերականի հետ զրույցում երեկ հստակեցրել է, որ այս իրավիճակում Ղարաբաղի հարցը հենց այս՝ «Ճանաչում հանուն փրկության» ձևաչափով միակ լուծումն ունի. «Որովհետև ուրիշ տարբերակ չկա: Հակառակ դեպքում հայերին սպառնում է ցեղասպանություն, ֆիզիկական ոչնչացում և էթնիկ զտում այն տարածքներում, որոնք կլինեն Ադրբեջանի հսկողության ներքո»:
Պաշտոնական Երևանը պատերազմի առաջին օրվանից հայտարարում է, որ դիտարկում է Արցախի ճանաչման հնարավորությունը։
Մասիս Մայիլյանի խոսքով, հիմա պետք է նայել դրա պրակտիկ նշանակությանը։ Արցախի նախագահն արդեն ասել է, որ ագրեսիան չդադարելու դեպքում ճանաչման խնդրանքով դիմելու է Հայաստանին:
«Մեծ կարևորություն ենք տալիս միջազգային ճանաչմանը, որովհետև Հայաստանն ամեն րոպե էլ կարող է ճանաչել մեր անկախությունը, բայց մենք պետք է պրակտիկ մոտենանք այս հարցին, այսինքն միջազգային ճանաչումն է, որ կտա մեզ լրացուցիչ հնարավորություններ, ավելացնելու մեր անվտանգային հնարավորությունները: Հայաստանն առանց այն էլ իր պարտավորությունները կատարում է որպես Արցախի անվտանգության երաշխավոր», - հայտարարեց Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարը:
Բաքուն, մինչդեռ, սպառնացել է խզել դիվանագիտական կապերը Արցախի անկախությունը ճանաչող պետությունների հետ։ Ադրբեջանի նախագահը հայկական կողմի այդ ջանքերն անհիմն է որակել: «Ոչ մի պետություն չի ճանաչի Լեռնային Ղարաբաղը։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ամբողջ աշխարհն է ճանաչում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունները», - ասել էր Իլհամ Ալիևը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական պարբերականին նորից ասել է, որ Երևանը հատկապես ակնկալիքներ ունի Ռուսաստանից, որ ավելի գործուն և կոնկրետ քայլեր կձեռնարկի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հարձակումը կասեցնելու համար:
Իր վերջին ուղերձում Փաշինյանը բաց տեքստով պնդեց՝ կարգավորման ռուսական՝ լավրովյան տարբերակը՝ տարածքներ խաղաղության դիմաց, մերժելի է։
Արցախի արտգործնախարարը մեկնաբանում է՝ դա ոչ կարգավիճակ, ոչ էլ խաղաղություն է բերելու. «Նույն բանն է, որ մե հետ փորձում են խոսել ուժի լեզվով, այսինքն՝ եթե տարածք չտաք, խաղաղություն չի լինելու, պատերազմ ենք սկսելու: Այս պատերազմի պատասխանը, աշխարհի պատասխանը պետք է լինի Արցախի միջազգային ճանաչումը, և այդ չճանաչումը կբերի երակարատև խաղաղություն»: