Հայաստանի իշխանությունները Թուրքիային մեղադրում են իր օդային տարածքով դեպի Հայաստան մարդասիրական օգնության տեղափոխումն արգելելու համար։ Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը «Ազատությանը» հայտնեց, որ չեղարկվել է «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության դեպի Հայաստան շուրջ 100 տոննա հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երևան չվերթը, ինչի առնչությամբ ավիաընկերությունը որևէ հիմնավոր պատճառ չի ներկայացրել։ Պաշտոնյան ասում է՝ իրենք լուրջ հիմքեր ունեն պնդելու, որ Թուրքիան միտումնավոր է փակել օդային ճանապարհը։
«Ոչ մի օֆիցիալ հիմնավորում տեղի չի ունեցել, բայց մենք տեղյակ ենք, և նույնիսկ ավիաընկերությունն էլ է հաստատել, որ խնդիրը եղել է Թուրքիայի օդային տարածքը, թույլտվություն չի տրամադրել Թուրքիան` հումանիտար բեռը տեղափոխել Հայաստան, բայց ավիաընկերությունն այդ իրավիճակում էլ իրականում հնարավորություն ուներ այլ ուղղությունով թռիչքն իրականացնել, բայց որոշում է կայացրել չվերթը չեղարկել: Ինքը կարող էր բեռը բերել Ռուսաստանի և Վրաստանի օդային տարածքով, դա լուրջ խոչընդոտ իր համար չէր ստեղծի, մանավանդ կարևոր է նշել, որ իրենք արդեն խոսք էին տվել, որ չվերթը կիրականացվի, փոխանցումն արվել էր, ամեն ինչ հաստատված էր, և վերջին վայրկյանին են այս որոշումը կայացրել: Այսինքն` եթե նախապես իմանային դրա մասին, այլ ընկերությունով կարող էին կազմակերպել չվերթը: Հիմա դրա պատճառով լուրջ ուշացումներ են լինելու: Բեռը կբերենք Հայաստան, բայց լուրջ ուշացումներ այն պարագայում, երբ իրականում օգնության կարիքը կա հենց հիմա: Ամեն վայրկյանն, ամեն ժամը կարևոր է մեզ համար: Փաստն այն է` եթե ավիաընկերությունը չի կարող իրականացնել չվերթը, պետք է ի սկզբանե չհաստատի այդ չվերթը», - ասաց Ռևազյանը:
Պաշտոնական Անկարան դեռևս չի արձագանքել Հայաստանից հնչող այս մեղադրանքին:
Քաղավիցիայի վարչության պետի խոսքով՝ առաջին անգամը չէ, որ Թուրքիան խոչընդոտում է բեռների տեղափոխմանը Հայաստան. - «Մինչև պատերազմն էլ մենք լսել ենք այս խնդրի մասին, մեզ զեկուցել են, որ օրինակ` Թուրքիան պահանջում է, որ ամբողջ ապրանքի ցանկը ավիաընկերությունը տրամադրի, որ ինքը հաստատի իր օդային տարածքով անցնելը, և դա ընդունված չէ: Այսինքն` ինքն իրավունք ունի, որովհետև ինքն է կառավարում իր օդային տարածքը, բայց ընդհանրապես ավիացիայում ընդունված չէ ամբողջ ապրանքի ցանկը պահանջել ավիաընկերությունից: Եթե վտանգավոր բեռ կա օդանավի մեջ, դա կարող են իրենք պահանջել զուտ, որովհետև եթե դեպք պատահի ճանապարհին, և պետք է վայրէջք կատարի ավիաընկերությունը, որ պատրաստված լինեն որևէ դեպքին, բայց որ ընդհանրապես ամբողջ ցանկը պահանջեն, այդպիսի բան իրականում չի լինում»:
Ռևազյանն ասում է` այս բեռը ստուգումների փուլն արդեն իսկ անցել էր, վերջնական հաստատումը ստացել, սակայն վերջին վայրկյաններին չվերթը չեղարկվել է: Հումանիտար բեռը կհասնի Երևան, սակայն հավելյալ ջանքերի ու դժվարությունների գնով, ասում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը. - «Շատ կտրուկ և անսպասելի ինչ-որ չափով ձևով կազմակերպիչների համար իրենց փոխանցվել է, որ թռիչքը չի կարող տեղի ունենալ Թուրքիայի արգելքի պատճառով, և այդ 100 տոննան պետք է կարգոյից հանվի և տեղափոխվի ինչ-որ պահեստ: Սա, իհարկե, ևս մի էժան, բայց ցուցիչ քայլ է Թուրքիայի կողմից` ցույց տալով իր թշնամական վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողով նկատմամբ»:
Ամերիկահայ համայնքի կողմից ուղարկվող 100 տոննա հումանիտար բեռում և՛ մեծաքանակ դեղորայք է, և՛ բժշկական սարքավորումներ, քնապարկեր, հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ: «Կան հիմնականում մեր Առողջապահության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության ցուցակի մեջ տեղադրված իրեր, և բնական է, որ դրանց կարիքը, ինչ խոսք, որ կա Հայաստանում, բայց չկարծի Թուրքիան, որ բեռի առջև դժվարություններ ստեղծելով` մեզ շնչահեղձ է անելու կամ ճարահատյան վիճակում է պահելու», - նշեց Սինանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է աշխարհի տարբեր երկրներից հումանիտար օգնություն ստանալ, օրինակ՝ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից և այլ երկրներից։ Այս օրերին արդեն իսկ ստացել են ավելի քան 700 տոննա մարդասիրական օգնություն։