Մատչելիության հղումներ

Միջազգային ավիացիոն կոմիտեն կոչ է անում ապահովել կոնֆլիկտի գոտում օդանավերի անվտանգությունը


Քաղաքացիական ինքնաթիռը «Զվարթնոցի» օդակայանում, Երևան, արխիվ, 3 մայիսի, 2019թ.
Քաղաքացիական ինքնաթիռը «Զվարթնոցի» օդակայանում, Երևան, արխիվ, 3 մայիսի, 2019թ.

Միջպետական ավիացիոն կոմիտեն կոչ է անում անհապաղ հաշվի առնել Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունները և ձեռնարկել լրացուցիչ միջոցներ տարածաշրջանի օդային տարածքում թռիչքներ իրականացնող քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությունն ապահովելու համար:

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնում ռազմական գործողությունների կապակցությամբ և կոչ է անում անշեղորեն կատարել միջազգային իրավունքի նորմերը և կանխել հակամարտության գոտում հակաօդային պաշտպանության միջոցների կողմից քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու կամ հրթիռներով և կրակի այլ միջոցներով քաղաքացիական օբյեկտներին, այդ թվում` օդակայաններին հարվածներ հասցնելու վտանգը:

ՄԱԿ-ը Հարավային Կովկասում չվերթներ իրականացնող բոլոր ավիաընկերություններին հորդորում է գնահատել վտանգների աստիճանը և բուն կոնֆլիկտի գոտու օդային տարածքում, ինչպես նաև դրան հարող շրջանների օդային տարածքում գերագույն զգոնություն դրսևորել և տեղեկատվություն փոխանակել իրավիճակի մասին:

ՄԱԿ-ը նաև հույս է հայտնում, որ պատկան երկրների կառավարություններն ու քաղաքացիական ավիացիայի վարչություններն ամեն ինչ կանեն միջազգային իրավունքի նորմերը և քաղաքացիական ավիացիայի միջազգային համաձայնության (Չիկագոյի կոնվենցիայի) պահանջները կատարելու համար, որոնցից հիմնարարը մարդկանց անվտանգության երաշխավորումն է:

1990 թվականին ստեղծված Միջպետական ավիացիոն կոմիտեն ԱՊՀ քաղաքացիական ավիացիայի և օդային տարածության օգտագործման միջպետական խորհրդի գործադիր մարմինն է: Հայաստանը և Ադրբեջանն այդ կառույցի անդամներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG