Մատչելիության հղումներ

Ղարաբաղի հարցը վերջապես քննարկեցին Պուտինն ու Էրդողանը, ՀԱՊԿ-ում էլ «ակտիվ քննարկում են» խաղաղապահների թեման


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Ղարաբաղում պատերազմի սկսվելուց ի վեր երեկ երեկոյան առաջին անգամ իրավիճակը Ղարաբաղում և Ղարաբաղի շուրջ քննարկել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները, ընդ որում՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ։

Կրեմլը երեկ երեկոյան հայտնեց, որ Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել և մանրամասն քննարկել Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։

Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում երկու կողմն էլ կարևորել է հոկտեմբերի 10-ից մարդասիրական հրադադար հաստատելու մասին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության իրագործումը։ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկների հիման վրա հակամարտության քաղաքական կարգավորումն ակտիվացնելու օգտին։

Կրեմլը հաղորդում է, որ Ռուսաստանի նախագահը նաև լուրջ մտահոգություն է հայտնել ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից գրոհայիններ ներգրավելու վերաբերյալ։ Այլ մանրամասներ Կրեմլը տվյալ թեմայի շուրջ չի փոխանցում, իսկ Անկարան ու Բաքուն շարունակում են պնդել, թե գրոհայիններ Ղարաբաղում չկան։

Կրեմլի հաղորդագրությունում նաև առանձին նշված է. - «Պուտինը հույս է հայտնել, որ Անկարան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական դեր կստանձնի հակամարտության կարգավորման գործընթացում»։

Հիշեցնենք, Թուրքիան իսկապես Մինսկի խմբի անդամ է, սակայն որպես միջնորդ բանակցություններով զբաղվում են միայն երեք համանախագահող երկրները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը։ Հումանիտար հրադադարի մասին համաձայնագրում բանակցությունների ձևաչափի անփոփոխ լինելու մասին կետ նույնպես ներառված է, և Ադրբեջանի արտգործնախարարն այս փաստաթուղթը ստորագրել է։

Մոսկվայում ղարաբաղյան պատերազմի շուրջ ակտիվ քննարկումները շարունակվում են տարբեր հարթակներում։ Երեկ, հիշեցնենք, ռուսական մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարարն ասել էր, թե հրադադարը պահպանելու լավագույն մեխանիզմը խաղաղապահներն են, կամ ավելի լավ է, ինչպես Սերգեյ Լավրովն է շեշտել՝ ռուսաստանցի զինվորականները։

Խաղաղապահների հարցին այսօր անդրադարձել է նաև Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը: «Այստեղ գլխավոր հարցն է՝ պատրա՞ստ են արդյոք դրան հակամարտող կողմերը, իսկ ավելի կոնկրետ՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Ցանկացած խաղաղապահների կամ դիտորդների տեղակայումը հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնության դեպքում», - հայտարարել է Դմիտրի Պեսկովը:

Խաղաղապահների, կամ ինչպես Ռուսաստանի արտգործնախարարն էր ասել՝ զինվորական դիտորդների տեղակայման հարցին անդրադարձել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ)։ Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը ասել է, թե կազմակերպությունում ակտիվ քննարկում են Ղարաբաղ խաղաղապահներ ուղարկելու հարցը։ Իսկ կազմակերպության մամուլի քարտուղարը երեկ շեշտել է, թե ինչ պայմաններում է դա հնարավոր։ ՀԱՊԿ-ը դիմելու դեպքում կարող է խաղաղապահ ուժեր ներգրավել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, եթե լինի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշում և միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան մանդատ ստանալու դեպքում: ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը ՏԱՍՍ-ին նաև ասել է, որ պետք է լինի հակամարտող կողմերի համաձայնությունը։

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Տաջիկստանը, Ադրբեջանի դաշնակից Բելառուսը և թյուրքալեզու Ղազախստանն ու Ղրղըզստանը։

Խաղաղապահներին այսօր անդրադարձել է նաև Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` շեշտելով, թե Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման համար ռազմական գերատեսչությունների գծով պետք է մշակել անհրաժեշտ մեխանիզմներ, սակայն հավելել է, թե այսօր նման աշխատանք դեռ չի կատարվում։

Հավելենք, երեկ ռուսական մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցում Սերգեյ Լավրովը ասել էր, թե բանակցային սեղանին կան Մինսկի խմբի առաջարկությունները։ Այսօր Զախարովան կրկնել է, թե ինչ առաջարկությունների մասին է խոսքը. - «Դրանց բովանդակությունը քաջ հայտնի է՝ շրջանների փուլային ազատում, անվտանգության երաշխիքներ Ղարաբաղի բնակչության համար մինչև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումը, վստահելի կապ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև»:

XS
SM
MD
LG