Մատչելիության հղումներ

Երեկ մարտական գործողությունների ամենաթեժ օրերից մեկն է եղել


ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրում Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ, արխիվ
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրում Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ, արխիվ

Չնայած հրադադարի պայմանավորվածությանը՝ երեկ Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված մարտական գործողությունների ամենաթեժ օրերից մեկն է եղել: Այս մասին երեքշաբթի ուշ երեկոյան հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանի զինված ուժերը գրեթե ողջ երկայնքով Արցախի սահմանի սկսել են լայնամասշտաբ հարձակողական գործողություններ՝ առնվազն երեք-չորս ուղղություններով: Հատկապես թեժ է եղել հյուսիսային ուղղությունը: Օրվա ընթացքում հյուսիսային ուղղությամբ տեղի են ունեցել թեժ մարտեր, մեծ, ծավալուն հրետակոծությունից հետո անցել են լայնամասշտաբ հարձակման զրահատեխնիկայի կիրառմամբ», - ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով. - «Նման թեժ մարտեր այս պատերազմի ընթացքում շատ քիչ են եղել»:

ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ Ադրբեջանի զինուժն էական առաջխաղացում չունի. – «Չնայած նրան, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը՝ հետախուզադիվերսիոն գործողություններով մերձռազմաճակատային տարբեր բնակավայրերում արագ ներթափանցումներ իրականացնել և տեղեկատվական ակցիաներ իրականացնել, դրոշներ պարզելով տարբեր շենքերի վրա նկարվել, որպեսզի հոգեբանական ազդեցություն թողնել առաջին հերթին իրենց հասարակության վրա և հետո նաև մեր հասարակության վրա»:

Ադրբեջանական կողմը հայտնում է «ազատագրված» նոր գյուղերի մասին, միևնույն ժամանակ հայտարարում, թե հայկական կողմն է խախտում հումանիտար հրադադարի ռեժիմը:

Արծրուն Հովհաննիսյանն ընդգծում է՝ ադրբեջանական բանակային կորպուսները երկու շաբաթների ընթացքում մեկ գնդի առաջխաղացում են ապահովել. - «Մեծ հաշվով՝ մեծ գովելու բան չունեն: Ցանկացած օտարազգի ռազմական փորձագետ, մասնագետ, ով գոնե տարրական ռազմական գիտելիքներ ունի, կհաստատի իմ ասածը: Դրանից հետո ոչինչ չի մնում՝ բացի նրանից, որ դիվերսիոն խմբերը արագ ներթափանցումներ կատարեն տարբեր բնակավայրեր, նկարվեն տարբեր շինությունների մոտ և հետո ներկայացնեն տվյալ շինությունները որպես այս կամ այն գյուղի կամ քաղաքի գյուղապետարան, քաղաքապետարան, և այլն, և այլն»:

Հիվանդությունը կարող է հասնել սահմանին կանգնած զինվորին

Արցախում ռազմական գործողությունների մեկնարկից հետո Հայաստանում կտրուկ աճեցին կորոնավիրուսի նոր դեպքերը:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ռոմելա Անովյանի խոսքով՝ կամավորական հավաքների ընթացքում հակահամաճարակային կանոնները ոչ ոք չի պահպանում:

«Սա կարող է բերել ուղղակիորեն, որ հիվանդությունը կարող է տարածվել, որը սահմաններ չի ճանաչում, հասնել դեպի մեր զինվորը սահմանին կանգնած և դրանով թուլացնել նաև մեր զինվորի կամքը և առողջությունը», - մանրամասնեց Աբովյանը:

«Սա զգոնության և սթափության կոչ է՝ խնդրում եմ, բոլորս, մենք հզոր ազգ ենք և կարող ենք միասնական պայքարել այդ հիվանդության դեմ», - հայտարարեց Առողջապահության նախարարության ներկայացուցիչը:

XS
SM
MD
LG