Մատչելիության հղումներ

Թուրքիան է վիժեցնում հրադադարը, շեշտում է Հայաստանի վարչապետը


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Միայն Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի դիրքորոշման փոփոխությունը կարող է դրդել Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի օրը Reuters գործակալությանը տված հարցազրույցում:

«Համոզված եմ, որ քանի դեռ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել, Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները», - ասել է Փաշինյանը:

«Բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ շաբաթ օրը Մոսկվայում ձեռք բերված հրադադարի մասին համաձայնությունից հետո կայացած իր առաջին հարցազրույցում նա չնշեց գեթ մեկ ազդակ առ այն, որ Անկարայի դիրքորոշումը փոփոխության էր ենթարկվել», - փոխանցում է Reuters-ը:

Վարչապետը Թուրքիային մեղադրել է հրադադարի ռեժիմը վիժեցնելու և իր ծավալապաշտական նկրտումերին համահունչ Հարավային Կովկաս թափանցելու փորձ կատարելու մեջ:

Փաշինյանը նաև ընդգծել է, որ մինչև հրադադարի մասին համաձայնագրի ընդունումը Թուրքիան արդեն հայտարարել էր, որ Ադրբեջանը չպետք է դադարեցնի ռազմական գործողությունները: Իսկ համաձայնագրի ընդունումից հետո տեղի է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի զանգը Ադրբեջան, որը, ըստ էության, հրահանգ էր՝ ոչ մի դեպքում չհամարձակվել դադարեցնել ռազմական գործողությունները:

«Թուրքիան Հարավային Կովկաս է եկել՝ շարունակելու իր այն քաղաքականությունը, որը նա վարում է Միջերկրական տարածաշրջանում, Հունաստանի նկատմամբ, Կիպրոսի նկատմամբ, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում: Դա էքսպանսիոնիստական քաղաքականություն է:

Հայտնի են Թուրքիայի էքսպանսիոնիստական պլանները դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք, և խնդիրն այն է, որ Հարավային Կովկասում հայերը վերջին խոչընդոտն են՝ այդ էքսպանսիոնիստական քաղաքականությունը վարելու ճանապարհին: Եվ հիմա Թուրքիան ամենևին էլ Ղարաբաղի հարց չի լուծում: Թուրքիան փորձում է շարունակել հայերի ցեղասպանության իր քաղաքականությունը, որովհետև Հարավային Կովկասում Հայաստանը և հայությունը վերջին խոչընդոտն են նրա էքսպանսիայի ճանապարհին՝ դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը:

Վարչապետը կրկնել է՝ Թուրքիան շարունակում է Օսմանյան կայսրության 20-րդ դարասկզբի քաղաքականությունը, ինչը նա որակել է որպես Հայոց ցեղասպանության շարունակություն:

«Ամբողջ Հարավային Կովկասը կդառնա Սիրիա, և այդ կրակը կտարածվի դեպի հյուսիս, դեպի հարավ՝ շատ արագ, գործնականում ամիսների ընթացքում և ավելի երկարաժամկետ՝ դեպի արևելք», - շեշտել է Նիկոլ Փաշինյանը:


XS
SM
MD
LG