Մատչելիության հղումներ

Ըստ Մնացականյանի, Արցախի ՊԲ ուժերը լիովին վճռական են շարունակելու իրենց պաշտպանությունը


Արցախի պաշտպանության ուժերը լիովին վճռական են շարունակելու իրենց պաշտպանությունը, «Ալ-Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` ընդգծելով` Ադրբեջանը շարունակում էր իր ռազմական գործողությունները բոլոր ուղղություններով` հիմնականում հարավում:

Զոհրաբ Մնացականյանն ասել է՝ Արցախի «պաշտպանության ուժերը պաշտպանվում են Արցախի քաղաքացիների, ժողովրդի վրա իրականացվող այս մեթոդիկ, թիրախային հարձակումից»:

Հայաստանի արտգործնախարարը ևս մեկ անգամ նշել է, որ հոկտեմբերի 10-ին կրակի դադարը խախտվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից թե՛ կեսօրից առաջ, և թե՛ հատկապես դրանից հետո:

«Նրանք շարունակում էին իրենց ռազմական գործողությունները, և որ ամենասարսափելին է՝ նրանք կրակում էին գյուղերի և քաղաքների ուղղությամբ: Արցախի պաշտպանական ուժերը շարունակելու են վճռականորեն պաշտպանվել: Եվ Հայաստանը եղել և մնում է նրանց անվտանգության երաշխավորը», - ընդգծել է Զոհրաբ Մնացականյանը:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ Արցախի կառավարությունը, նախագահը բացարձակապես, անվերապահորեն աջակցել են հրադադարին:

«Սա շատ կարևոր գործառույթ է՝ անելու նվազագույնը, ի ցույց դնելու դրա հումանիտար գործառույթը: Կան բազմաթիվ լրջագույն հումանիտար հարցեր, որոնք անմիջապես պետք է լուծվեն: Մարմինների վերադարձը, գերիների վերադարձը պետք է իրականացվի: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է: Հայկական կողմերը՝ Արցախը և Հայաստանը, լիովին շահագրգռված են դրանում: Եվ մենք հավատարիմ ենք կրակի դադարին», - ասել է նա:

Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:

Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար:

Սակայն հայկական կողմը պարբերաբար հաղորդում է, որ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, և՛ հարավային, և հյուսիսային ուղղությամբ ձեռնարկում են հարձակողական գործողություններ։

Ադրբեջանական կողմն էլ հայտարարում է հայկական կողմից իրենց գյուղերի գնդակոծության, ինչպես նաև Գյանջայի հրթիռակոծման մասին: Սա հերքվել է ՊՆ-ից կողմից:

XS
SM
MD
LG