Մատչելիության հղումներ

Միքայել Զոլյանն ընդգծում է՝ լուրջ փաստարկներ կան Արցախի միջազգային ճանաչման օգտին 


Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն ընդգծում է՝ լուրջ փաստարկներ ունեն Արցախի միջազգային ճանաչման օգտին:

«Այն բանից հետո, երբ որ ահաբեկիչներ բերվեցին, այն բանից հետո, երբ որ ըստ էության քաղաքացիական բնակչության էթնիկ զտման փորձ տեղի ունեցավ, երբ որ խփում էին եկեղեցիներին, բժիշկներին, լրագրողներին, մեր փաստարկներն առ այն, որ անհրաժեշտ է Արցախի ճանաչումը այնտեղ ապրող մարդկանց փրկության համար, շատ ավելի ուժեղ է այսօր», - ընդգծեց Միքայել Զոլյանը:

«Մենք միշտ ասել ենք, որ լուծումը պետք է լինի ոչ ռազմական ճանապարհով, խոսել ենք նաև այն մասին, որ պետք է երկխոսություն լինի հասարակությունների միջև և այլն, դրան ի պատասխան Ալիևի վարչակարգը բերեց բիրտ ռազմական ուժի գաղափարը: Նույնիսկ վերջին հարցազրույցներում Ալիևը դա ներկայացնում էր որպես նվաճում, թե ինքը շատ լուրջ դոկտրին է մշակել, որ ռազմական ճանապարհով կարելի է հարց լուծել», - ասաց իմքայլական պատգամավորը:

Այս պահին իրատեսական խնդիր է, ըստ Զոլյանի, պատերազմը կանգնեցնելը և հակամարտությունը ռազմական ոլորտից տրանսֆորմացնել, տանել դիվանագիտական դաշտ:

«Պարզ է՝ երբ որ սկսում ենք բանակցությունները, դա չի նշանակում, որ հակամարտությունը միանգամից լուծվելու է, բայց նշանակում է, որ հակամարտության լուծման մեթոդաբանությունն է փոխվել», - ասաց նա:

Պատգամավորը նաև նշեց, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնության դիմաց վճարեց իր ինքնիշխանության մի մասով և այս գործընթացը խորանալու է. «Այսինքն այս ամեն ինչի արդյունքում Թուրքիան ադրբեջանում ոչ միայն ազդեցություն ձեռք բերեց, այլ ինչ-որ իմաստով այդ կրտսեր եղբայրը դարձավ ոչ թե ուղղակի արտահայտություն, այլ նաև քաղաքական իմաստ ստացավ»

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ եթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում «մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը` խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ առաջին հերթին Հայաստանի իշխանություններին` ճանաչելու Արցախի անկախությունը, միջազգային կառույցներին և աշխարհի բոլոր երկրներին»:

Հայկական կողմը պարբերաբար հաղորդում է, որ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, և՛ հարավային, և՛ հյուսիսային ուղղությամբ ձեռնարկում են հարձակողական գործողություններ։

Ադրբեջանական կողմն էլ հայտարարում է հայկական կողմից իրենց գյուղերի գնդակոծության, ինչպես նաև Գյանջայի հրթիռակոծման մասին: Սա հերքվել է ՊՆ-ից կողմից:

Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև

XS
SM
MD
LG