Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հանրապետության քաղաքացիներին հորդորում է ձեռնպահ մնալ Հայաստան այցելելուց, քանի որ այդ երկրի տարածքը կրակի տակ է հայտնվում:
«Լեռնային Ղարաբաղում շարունակվում են ռազմական գործողությունները: Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող հայաստանյան տարածքները պարբերաբար թիրախավորվում են հրետանու և անօդաչու թռչող սարքերի կողմից: Հաշվի առնելով այս հանգամանքները, պետք է խիստ սահմանափակել այցերը Հայաստան և այդ երկիր մեկնել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում», - ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրությունում:
Գերատեսչությունը նաև հիշեցնում է, որ «հայկական ծագումով արական սեռի18-ից 55 տարեկան Ֆրանսիայի քաղաքացիներին կարող են թույլ չտալ հեռանալ Հայաստանի տարածքից»:
Հոկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղում վիրավորվել են մի խումբ լրագրողներ, այդ թվում՝ «Լե Մոնդ» պարբերականից: Հայ բժիշկները Ստեփանակերտում, ապա Երևանում փրկել են ֆրանսիացի լրագրող Ռաֆաել Յաղոբզադեհի կյանքը: Վիրավորներին հատուկ օդանավով վերադարձրել են Ֆրանսիա: