Ադրբեջանի ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, ինչի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ շեշտելով․ - «Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը»: Մարտերի սկզբից արդեն 8 խաղաղ բնակիչ է զոհվել, որոնցից մեկը Վարդենիսում։
Արդբեջանը, որ օրեր շարունակ ոչինչ չի հաղորդում իր զոինվորական կուրուստների մասին, մինչև այս պահը հայտարարել է 12 քաղաքացիական զոհի մասին։
Պաշտպանության բանակը հայտնում է, որ օրվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվել են մարտական գործողությունները:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան. – «Հստակ պետք է ֆիքսենք, որ կիրառվում են բազում միջոցներ, այդ թվում հեռահար, ճշգրիտ միջոցներ. ԱԹՍ-ներ, մեծ քանակության հրետանի»:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին, ապա Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, ի տարբերություն երեկվա, այսօր Հայաստանի սահմանին ակտիվ մարտական գործողություններ չեն ընթացել. – «Եղել են առանձին դրվագներ` հետախուզական, ուսումնասիրման և այլն, բայց կոնկրետ մարտական գործողություններ չեն ընթացել: Գործողությունները շարունակվել են Պաշտպանության բանակի հիմնական ուղղություններով»:
Օրվա վերջում արդեն Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հայտարարեցին, որ Արցախի դեմ օդային հարվածները ղեկավարում է Թուրքիան:
«Այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի օդուժի՝ երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հարվածներ են հասցրել Արցախի Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին: Հարվածները կառավում են Էրզրում - Կարս հատվածից», - հայտարարում է Պաշտպանության նախարարությունը՝ խոստանալով առաջիկայում ներկայացնել օբյեկտիվ հսկման նյութերը։
Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչների մարտերին մասնակցության մասին հայտարարություն է տարածել նաև Հայաստանի արտգործնախարարությունը, որում խստորեն դատապարտել է Թուրքիայի սադրիչ գործողությունները և պահանջել է թուրքական զինուժի և օդուժի անհապաղ դուրսբերումը ղարաբաղյան հակամարտության գոտուց:
Արտգործնախարարությունը հայտնել է նաև երեկ թուրքական կործանիչի հարվածից զոհված ՍՈւ-25 գրոհիչի օդաչուի անունը՝ Հայաստանի զինված ուժերի օդաչու, մայոր Վալերի Դանելին։
Այսպիսով, վերջին տվյալներով հայկական կողմն ունի 77 զոհված զինծառայող։ Թիվը նվազել է 4-ով, քանի որ Պաշտպանության բանակը մինչ այդ հայտարարած զոհվածենրի ցուցակից 4 անուն հեռացրել է։
Արտգործնախարարությունը հայտարարում է, որ Թուրքական օդուժը Ադրբեջանում է հայտնվել օգոստոսի սկզբին՝ թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների ժամանակ և մինչ օրս դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից։
Թուրքիան և Ադրբեջանը կտրականապես հերքում են F-16-ի մասին հայտարարությունները: Պաշտոնական Անկարան հայտարարում է, թե «Թուրքիան Հայաստանի ինքնաթիռ չի խոցել», իսկ Ադրբեջանը պնդում է, թե «ադրբեջանական կողմը F-16 տիպի կործանիչներ չունի և մարտերում դրանք չի կիրառում»:
Արծրուն Հովհաննիսյանը այսօր հայտարարեց, որ ադրբեջանական զինուժի տրամադրության տակ գտնվող որևէ միջոց չէր կարող խոցել հայկական Սու-ն, բացի F-16-ից, իսկ այդ բազմաֆունկցիոնալ կործանիչներից Ադրբեջանի զինուժը չունի, փոխարենը նման կործանիչներ ունի Թուրքիան. – «Թուրքիայի օդուժից բերվել էին նաև այլ սարքեր: Օրինակ, «Բայրաքթար» և այլ տեսակի ԱԹՍ-ները, որոնք համադրելի չեն ՄիԳ-29-ի կան Սու-25-ի հետ, այսինքն` օպերատիվ իրավիճակի կառավարման տեսանկյունից չէին կարող օգտագործել: Եվ հետևաբար պետք էր F-16-ը, որպեսզի կարողանա էս համադրումը իրականացնել: Ավելին ասեմ. մենք շատ լավ հասկանում ենք, էդքան փորձ ունենք, որ F-16-ը օդում է, աշխատում է, «Բայրաքթարին» է օգնում, զուգահեռ սահմանի մյուս կողմից ռադիոտեխնիկական կապի և կառավարման ինքնաթիռ է թռչում թուրքական... բորտերով գիտենք, համարներով գիտենք, շատ լավ գիտենք էդ ամեն ինչը: Եվ ինչպես են փոխհամագործակցված աշխատում իրար հետ: Էական չի F-16-ը ֆիզիկապես գտնվո՞ւմ է Վարդենիսի գլխավերևում, թե՞ չի գտնվում Վարդենիսի գլխավերևում: Այլ գտնվում է, օրինակ, Գյանջայի գլխավերևում: Բայց ինքը տարածաշրջանին հրթիռային հարված է հասցնում, դա իր խախտումն է... Իսկ ապացույցները, այո, մենք հավաքել ենք, ապացույցները մենք ունենք: Տեղին ու ժամանակին մենք էդ անակնկալները կներկայացնենք»: