«Լուրերի ժամ» թողարկումն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմանը: Վարչապետը նախ նկարագրել է առճակատման հանգամանքները` ասելով, որ օրեր առաջ Ադրբեջանը սկսել է շփման գծի երկայնքով ռմբահարել և հրետակոծել հայկական դիրքերը:
«Մենք դա համարում ենք նախապես ծրագրված ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: Երեք օր շարունակ Ադրբեջանը կրակի տակ է պահում Ղարաբաղի ավանները, խաղաղ բնակիչներին, ենթակառուցվածքները: Ավելին, այսօր արդեն կրակի տակ է հայտնվել բուն Հայաստանի տարածքը, կան զոհեր խաղաղ բնակչության և զինվորականների շրջանում: Տասնյակ մարդիկ զոհվել են, հարյուրավոր մարդիկ` վիրավորվել», - ասել է վարչապետը:
Ապա նա ընդգծել է, որ այդ մարտերին ուղղակի մասնակցում են նաև թուրքերը` հրահանգիչներն ու սպաները: «Որտեղի՞ց այդպիսի տեղեկություն, կա՞ն դա ապացուցող փաստեր». պատասխանելով BBC-ի այդ հարցին` Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հենց այս պահին Լեռնային Ղարաբաղի օդային տարածքում է F-16 մակնիշի ռազմական օդանավը. – «Թուրքիան գործողությունների մասնակից է և դա չի էլ թաքցնում: Այսօր ընդամենը երկու երկիր է ձգտում հարցը լուծել զենքի ուժով՝ Ադրբեջանը և Թուրքիան: Հետևաբար Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի բուն գոյությունն է սպառնալիքի տակ»:
«Թուրքիայի նախագահը Հայաստանին մեղադրում է իրավիճակը սրելու և տարածաշրջանային ճգնաժամ ստեղծելու մեջ: Ինչպե՞ս կմենաբանեք դա»: Պատասխանելով այս հարցին` Նիկոլ Փաշինյնանն ընդգծել էլ, որ հենց ինքն է հեղինակել հակամարտությունը լուծելու հետևյալ բանաձևը՝ «կարգավորումը պետք է հավասարապես ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար»:
«Ես առաջինն եմ Հայաստանի ղեկավարներից, ով նման բանաձև է առաջարկել», - ասել է Փաշինյանը:
«Հիմա կոնֆլիկտը շատ ավելի վտանգավոր ծավալի է հասել և կարող է զարգանալ անհամեմատելի ծանր տարբերակով: Ինչո՞ւ Հայաստանն այդ դեպքում չի հայտարարում միակողմանի հրադադար և չի ասում՝ «Մենք կռիվ չենք ուզում»: Ահա Նիկոլ Փաշինյանի արձագանքը. - «Հենց այս պահին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը մահվան վտանգի տակ է: Եթե Լեռնային Ղարաբաղը չկռվի, բոլոր հայերին այնտեղ պարզապես կկոտորեն, և սա չափաանցություն չէ»:
Հաղորդավարը վկայակոչել է Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանին, ով մասնակցել է թողարկամնը և ասել, թե ադրբեջանցիներն ընդամենը պայքարում են Ղարաբաղ վերադառնալու և այնտեղ ապրելու համար:
Մեկնաբանելով այդ պնդումը` Հայաստանի վարչապետն ընդգծել է որ ամբողջ միջազգային մամուլում հաճախ սխալ ըմբռնում ես տեսնում, թե սա իբր տարածքային վեճ է Հայաստանի և Ադրբեջանի միջև. – «Դա բացարձակ թյուր ըմբռնում է: Սա ինքնորոշման հարց է: Լեռնային Ղարաբաղի հայության պայքարն է հայրենի հողում ապրելու իրավունքի համար»:
BBC -ն անդրադարձել է նաև Ռուասաստանի գործոնին. արդյո՞ք Հայաստանում հիասթափված են այն հանգամանքից, որ Մոսկվան չի միջամտում: «Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն, բայց հիմա Ռուսաստանը բացարձակ չեզոք է», - արձագանքել է Փաշինյանը:
Ըստ BBC -ի թղթակցի, Ռուսաստանը հիմա Թուրքիային է հորդորում զուսպ լինել. ադրյո՞ք դա տարօրինակ չէ` հաշվի առնելով, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, չեզոք է և մեկ այլ երկրի է կոչ անում չեզոք լինել:
«Միջազգային համայնքը պետք է Թուրքիայից պահանջի հեռու մնալ այս կոնֆլիկտից, քանի որ թուրքերի միջամտությունը միայն է'լ ավելի է սրում կացությունը», - ասել է Փաշինյանը:
Հայաստանի վարչապետը նշել է, որ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, պարտավոր է չեզոք լինել, բայց ամբողջ եռյակը՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ նահանգները ոչ միայն պետք հանդես գան որպես կայունության և խաղաղության աջակիցներ, այլև ավելի ակտիվ ջանքեր գործադրեն դրա համար: