Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԺ-ն դատապարտում է «ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի դեմ իրականացվող ագրեսիան»


Հայաստանի Ազգային ժողովը դատապարտել է սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ «Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան և լայնամասշտաբ զինված հարձակումը»: ԱԺ-ն հայտարարության մեջ նշում է, որ կոպտորեն ոտնահարվել է միջազգային վեճերը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու սկզբունքը։

Ըստ այդ հայտարարության` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այս «հանցավոր գործողությունները», այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներով խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, քաղաքացիական բնակչության և օբյեկտների նկատմամբ ոչ ընտրողական հարձակումները, դրանց նախորդած ագրեսիան Տավուշում 2020 թվականի հուլիսին, մշտական ռազմատենչ ու հայատյաց հռետորաբանությունը, որոնք նպատակ են հետապնդում հայաթափել Արցախը, մեկ անգամ ևս փաստում են, որ «Ադրբեջանի իշխանությունը իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը»:

«Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել զսպելու ոչ միայն Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիան, այլև նրա դաշնակից Թուրքիայի շարունակական նկրտումները՝ միջամտելու Արցախյան հակամարտությանը, որոնք կհանգնեցնեն տարածաշրջանի ծայրաստիճան ապակայունացմանը՝ անմիջական սպառնալիք ստեղծելով միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։ Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող՝ Ադրբեջանի այս արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, որն անպայմանորեն պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին։

Մենք պահանջում ենք իրերը իրենց անուններով կոչել. հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիան, սահման գծել մարդասիրության և մարդատյացության միջև», - նշված է հայտարարության մեջ։

XS
SM
MD
LG