Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյան. Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը՝ կռվում է Թուրքիան


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ասուլիսի ժամանակ, Ստեփանակերտ, 27-ը սեպտեմբերի, 2020թ.
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ասուլիսի ժամանակ, Ստեփանակերտ, 27-ը սեպտեմբերի, 2020թ.

«Ուզում եմ հայտարարել, որ մեզ հետ կռվում է ոչ թե Ադրբեջանը, մեզ հետ կռվում է նաև Թուրքիան», - երեկ երեկոյան Ստեփանակերտում ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արային Հարությունյանը:

«Օգտագործում են թուրքական բանակի առկայության, ավելի ճիշտ՝ ձեռքի տակ եղած հիմնական ժամանակակից զենքերն ու զինամթերքները, անօդաչու և ինքնաթիռներ: Այն նույն F-16-ները, որոնք արդեն ամսից ավել է գտնվում են Ադրբեջանի տարածքում՝ սովորական կամ համատեղ զորավարժության անվան տակ, օգտագործել են առավոտյանից մինչև այժմ», - հայտարարեց Հարությունյանը:

«Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը՝ կռվում է Թուրքիան: Ոչ միայն անօդաչու, ոչ միայն ինքնաթիռներ, այլ նաև առկա են զորամիավորումներ, զինվորականներ և այլն: Չեմ խոսում վարձկանների, չեմ խոսում այլ երկրներից կամավորականների [մասին]», - շեշտեց Արցախի նախագահը:

«Ունենք հետախուզության տվյալներ և նաև կարծես թե փաստ ինքնաթիռի` hենց նույն թուրքական ինքնաթիռի խոցման, բայց այս փաստը հաստատված չէ վերջնական: Բայց այն, որ ուղղաթիռներ, տասնյակ, չեմ ուզում քանակ ասել՝ 20-25, ամեն րոպե խփվում է, բայց ամենակարևորը՝ որ հիմնականում օգտագործում են թուրքական ժամանակակից անօդաչու սարքեր, որոնցով Թուրքիան հպարտանում էր արդեն վերջին ամիսներին», - նշեց Արայիկ Հարությունյանը:

Ի պատասխան «Ազատության» հարցի՝ Արցախի նախագահն ընդգծեց, որ թուրքական F-16-ի խոցման մասին «կա նման տվյալ, վերջնական ապացուցված չէ»: «Ես ինչ որ ասում եմ, պետք է ապացուցված լինի: Այն, որ կան ուղղաթիռներ, անօդաչու սարքեր շատ, տասնյակ տանկեր՝ նկարները կա, էդ բոլորը ապացուցված է, կենդանի ուժի և այլն: Բայց կոնկրետ դրա հետ կապված՝ այս փուլում... Այն, որ թռիչքները ամեն օր իրականացնում են և այսօր են իրականացրել, դա երևի արդեն մեր Պաշտպանության բանակի պատասխանատուները ավելի կոնկրետ փաստերով կասեն», - հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

XS
SM
MD
LG