Մատչելիության հղումներ

Դիրք կորցրել ենք, դիրքեր գրավելու ենք հաստատ. Արցախի նախագահ


«Պատերազմին սպասելու առումով մեզ շատ բան պետք չէր, մեզ ընդամենը պետք էր հետևել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին քաղաքական և ընդհանուր առմամբ վերջին ամիսների հայտարարություններին, և մեզ համար պարզ էր, այո, պատերազմ մենք սպասում էինք», - քիչ առաջ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Պաշտպանության բանակը հիմնականում առավոտյան ժամը 7:00-ին պատրաստ էր պատերազմի, և սկսվեց, հարձակումը ամբողջ երկայնքով մեկ` Օմարից մինչև Արաքս, այո, ունենք կորցրած դիրքեր` հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային թևում, ունենք տասնյակ զոհեր», -ասաց նա` հավելելով` Ադրբեջանի հետ միասին կռվում է նաև Թուրքիան:

«Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, կռվում է Թուրքիան, ոչ միայն անօդաչու, ոչ միայն ինքնաթիռներ, այլ նաև առկա են զորամիավորումներ, զինվորականներ և այլն, չեմ խոսում վարձկանների, այլ երկրներից կամավորականների մասին: Արցախը կռվում է` միայն օգտագործելով Պաշտպանության բանակի ուժերը, և իհարկե, կլինեն կամավորներ միայն Հայաստանի Հանրապետությունից», - շեշտեց նա:

«Դիրք կորցրել ենք, կարող է կորցնենք նաև, դիրքեր գրավելու ենք հաստատ: Ուզում եմ հայտարարել` պատերազմի արդյունքները մեզ համար կանխատեսելի են: Այն մտահղացումը, այն ծրագիրը, որ ունի թշնամին, ես իրավունք ունեմ արդեն այդպես անվանել, ձախողվելու է», - ասաց Արցախի ղեկավարը:

Նա նաև հավելեց, որ կա դեռևս չճշտված տեղեկատվություն, որ ՊԲ-ն խոցել է թուրքական F-16 ինքնաթիռ:

Այսօր առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

Արցախի պաշտպանության փոխնախարարը հայտնել է 16 զոհի և հարյուրից ավելի վիրավորի մասին:

XS
SM
MD
LG