Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը հեղափոխությունից հետո Հայաստանի պետական բյուջե է արդեն վճարել ավելի քան 26,5 միլիոն դոլար։ Դրանից 7,5 միլիոնը Սարգսյանը վճարել է որպես մեղադրյալ Մարտիրոս Սարյանի 14 գծանկարները խարդախությամբ հափշտակելու գործի շրջանակում, տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։
Եվս 19 միլիոն դոլար Սարգսյանը նվիրաբերել է պետությանը սպառազինություն ձեռք բերելու համար։ Շուրջ 111 հազար դոլար էլ վճարել է պետբյուջե նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով։ Սա այն դեպքում, երբ մեղադրյալի աթոռին ոչ թե ինքն է, այլ՝ Գասպարյանը։ Ըստ իրավապահների, Գասպարյանի՝ ռազմական ոստիկանության պետ աշխատելու տարիներին, ոստիկանության աշխատողները ապահովել էին Սերժ Սարգսյանի եղբոր անվտանգությունը, ինչի համար աշխատավարձ էին ստացել պետբյուջեից։ Չնայած, որ Ալեքսանդր Սարգսյանի անունը տարիներ շարունակ կապվում էր տարբեր բիզնեսներում ունեցած ապօրինի մասնաբաժինների հետ, նա այս պահին անցնում է միայն մեկ՝ Մարտիրոս Սարյանի գծանկարները հափշտակելու գործով։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համար հասկանալի չէ, թե ինչո՞ւ իրավապահները չեն քննում Սարգսյանի անվան հետ կապվող աղմկահարույց կոռուպցիոն պատմությունները։
«Այս քննության հետաձգումն էլ նույնպես հասկանալի չէ, ես չեմ էլ հասկանում, թե մարդիկ ինչի համար են հապաղում, ես նաև գիտեմ, որ մարդիկ են տուժել, նրանք հապաղում են կոնկրետ անձի կողմից կատարված գործողությունների հետևանքով ահազանգ հնչեցնելուց կամ բարձրաձայնելուց: Սա պայմանավորում եմ հենց իրավապահ մարմինների նկատմամբ անվստահությամբ», - նշեց Սաքունցը:
Մարտիրոս Սարյանի գծանկարների գործով Ալեքսանդր Սարգսյանը ստորագրություն է տվել երկրից չբացակայելու համար։ Բացի իրենից, այս գործով մեղադրյալ է նաև նրա ավագ որդին՝ Պրահայից անցած տարեվերջին արտահանձնված 33-ամյա Նարեկ Սարգսյանը։ Երկուսն էլ մեղադրանքը չեն ընդունում։
Սարգսյանի պաշտպան Միհրան Պողոսյանն ավելի վաղ «Ազատությանը» փոխանցել էր միայն պաշտպանյալի մեղքը չընդունելու մասին։ Պողոսյանն այսօր էլ հավելեց՝ հրապարակայնացնելու տեղեկություններ չունեն։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը շեշտում է՝ հարյուրավոր գործարարներ պետք է դիմեին իրավապահներին՝ բողոքելով Ալեքսանդր Սարգսյանից, բայց չգնացին այդ քայլին։ Եթե իրավապահ համակարգում վեթինգ իրականացվեր, Սարգսյանի գործողություններից տուժածները չէին լռի, համոզված է Սաքունցը։
«Այս առումով, իհարկե, կարծում եմ, որ տեղին է հիշել, որ անցումային արդարադատության այն ինստրումենտներից մեկը, որը կոչվում էր համակարգային կոռուպցիայի հետևանքով մարդու իրավունքների կոպիտ խախտումներից տուժածների տվյալների հավաքագրում, դա պետք է նախորդեր այս բոլոր պրոցեսներին: Փաստը մնում է փաստ, որ իրապես տուժածները շատ ավելի շատ են, և պատահական չեն դրա մասին այդ խոսակցությունները գնում: Հիմա բացարձակապես այն մարմինները, որոնք պետք է զբաղվեին այդ ահազանգերով, այդ մարմիններն իրենց դիրքում չեն գտնվում», - ընդգծեց իրավապաշտպանը:
Դեռևս 2018-ի հուլիսին Ազգային անվտանգության ծառայությունը շուրջ 9 ժամ խուզարկել էր Երևանի Թումանյան փողոցի վրա գտնվող Սարգսյանների բնակարանը, ինչից հետո Ալեքսանդր Սարգսյանը բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն։ Նրա այդ բնակարանից էլ հայտնաբերվել էին Սարյանի գծանկարները։ Այժմ արվեստի այդ գործերը գտնվում են Ազգային պատկերասրահում՝ պատասխանատու պահպանության, «Ազատության» հարցին ի պատասխան փոխանցում են ԱԱԾ-ից։
Սարյանի գծանկարների գործի քննության ձգձգումը կասկածելի է, ասում է Սաքունցը և անդրադառնում նաև նրա եղբոր՝ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ազդեցության մեծ լծակներ ունեցած Սաշիկ Սարգսյանի դեմ ապացույցների հավաքագրման գործընթացին. - «Չեն կարողանում հավաքագրել, թե չեն ուզում հավաքագրել, թե չգիտեն ոնց հավաքագրեն: Լրիվ տարբեր հարցեր են և բոլորն էլ իրավունք ունեն գոյություն ունենալու»:
Ըստ քրեական գործի, հենց Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանն է Սարյանի ժառանգի վստահությունը չարաշահելով վերցրել 280 հազար դոլար արժողությամբ գծանկարները՝ խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել։
Պրահայից անցած տարեվերջին Հայաստան արտահանձնված և չեխ իրավապահներին Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալեսի անձնագրով ներկայացված Նարեկ Սարգսյանը մեկ այլ քրեական գործով մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական զենք պահելու համար։ Սարգսյանի փաստաբան Արթուր Պիվազյանն «Ազատությանը» փոխանցեց, որ նա իրեն առաջադրված և ոչ մի մեղադրանք չի ընդունում, բայց այդ մասին մանրամասն կխոսի նախաքննությունն ավարտվելուց հետո։
Փաստաբանի փոխանցմամբ՝ Հայաստան տեղափոխվելուց հետո դատարանն արդեն երրորդ անգամ է կալանավորում Նարեկ Սարգսյանին, ով առողջական խնդիրներ ունի և առաջիկայում հնարավոր է Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկից տեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։