Մատչելիության հղումներ

ԱԱԾ․ Ալեքսանդր Սարգսյանը պետությանը նվիրաբերել է 19,6 մլն դոլար


Ալեքսանդր Սարգսյան, արխիվ
Ալեքսանդր Սարգսյան, արխիվ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում քրեական գործի նախաքննության ընթացքում «հարկային ստուգումների արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների կատարման նպատակով մինչ օրս ՀՀ պետական բյուջե է փոխանցել 3.165.448.706 ՀՀ դրամ , ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության համար սպառազինություն ձեռք բերելու նպատակով իր նախաձեռնությամբ նվիրաբերել է 19.600.000 ԱՄՆ դոլար գումար»: Այս մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը՝ ի պատասխան «Ազատության» գրավոր հարցման:

«Թիվ 58213018 քրեական գործի նախաքննության ընթացքում Ալեքսանդր Ազատի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով [«խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»], և որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը», - փոխանցում է ԱԱԾ-ն:

Ըստ նույն աղբյուրի՝ դեռևս կալանքի տակ է պահվում Ալեքսանդր Սարգսյանի բանկային հաշվեհամարին առկա 3 միլիոն 855 հազար 760 դոլարին համարժեք 1 միլիարդ 873 միլիոն 899 հազար 360 դրամ գումարը, և առաջիկայում նախատեսվում է կալանքի տակ պահվող գումարը ևս ուղղել հարկային պարտավորությունների կատարմանը:

«Փոխանցումները կատարվել են բանկային եղանակով», - նշում է ԱԱԾ-ն:

Ավելի վաղ, հիշեցնենք, հաղորդվում էր Ալեքսանդր Սարգսյանի կողմից պետությանը 18,5 միլիոն դոլար նվիրաբերելու մասին:

«Ինչ վերաբերում է Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի վերաբերյալ քննվող քրեական գործին, ապա հայտնում ենք, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, իսկ Արմեն Ավետիսյանն ունի վկայի կարգավիճակ», - ասված է «Ազատության» հարցմանը ԱԱԾ գրավոր պատասխանում:

Ամիսներ առաջ ԱԱԾ-ն քրեական գործ էր հարուցել Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և փողերի լվացման դեպքով: Մաքսային կոմիտեի նախկին պետը հայտարարել էր Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG