Կրեմլի կոշտ քննադատ Ալեքսեյ Նավալնին երեկ դուրս է գրվել Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցից:
Նավալնին «Շարիտե»-ում բուժվել է 32 օր, որից 24-ը գտնվել է վերակենդանացման բաժանմունքում: Հիվանդանոցի բժիշկները կարծում են, որ Նավալնիի լիարժեք վերականգնումը հնարավոր է, այդուհանդերձ վաղ է դատել ծանր թունավորման երկարատև հետևանքների մասին, նշված է հիվանդանոցի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ընդդիմադիր գործչի թիմակիցներն այսօր հայտնել են, որ նա դեռ պետք է վերականգնվի Գերմանիայում:
Ալեքսեյ Նավալնին այսօր հերթական գրառումն ու լուսանկարն է հրապարակել և որոշ մանրամասներ հայտնել իր վիճակի մասին. «Երեկ եկավ նյարդահոգեբանը, թեստեր էր անում, ստուգում էր՝ արդյոք չե՞մ հիմարացել: Ես հարցնում եմ, թե ի՞նչ պետք է անեմ, որպեսզի ավելի արագ ապաքինվեմ ոչ միայն ֆիզիկական, այլև գլխի տեսանկյունից, պատասխանը դուրս եկավ՝ ավելի շատ կարդացեք, գրեք սոցիալական ցանցերում, տեսախաղեր խաղացեք»:
Վլադիմիր Պուտինի գլխավոր քննադատը հոսպիտալացվել էր օգոստոսի 20-ին Օմսկում: Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր Տոմսկ-Մոսկվա օդանավում, ինչից հետո ինքնաթիռը վայրէջք էր կատարել Օմսկում, և նրան անգիտակից վիճակում տեղափոխել էին Օմսկի շտապօգնության հիվանդանոց: Երկու օր շարունակ Նավալնիի ընտանիքի համառ պահանջներից հետո, օգոստոսի 22-ին նրան տեղափոխել են Բեռլինի «Շարիտե» կլինիկա:
Ավելի քան երկու շաբաթ ռուս քաղաքական գործիչը կոմայի մեջ էր:
Այն մասին, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» դասի նյարդապալարիտիկ արգելված նյութով, հայտնել են Գերմանիայի իշխանությունները՝ վկայակոչելով Բունդեսվերի լաբորատորիայի հետազոտությունների արդյունքները, որոնք ավելի ուշ հաստատել են Ֆրանսիայի և Շվեդիայի լաբորատորիաների մասնագետները:
Թունավորման հանգամանքները դեռ հայտնի չեն: Նավալնիի հոսպիտալացումից հետո, նրա ընդդիմադիր համախոհներն ու ընտանիքը պահանջել են քրեական գործ հարուցել: Ռուսաստանին ընդդիմադիր գործչի դեմ մահափորձի վերաբերյալ հետաքննության սկսելու կոչ են արեն նաև ԱՄՆ-ը և Եվրամիությունը:
Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղարն այսօր նույնպես հայտարարել է. «Հանցագործությունը տեղի է ունեցել Ռուսաստանում և այդ պատճառով մենք արդեն որոշ ժամանակ համառորեն դիմում ենք Ռուսաստանին՝ խնդրելով բացատրություն տալ այդ հանցագործությանը»:
Ռուսական իշխանությունները, սակայն, պնդում են, որ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան՝ կասկածի տակ դնելով թունավորման վարկածը: Մոսկվան անընդհատ ընդգծում է, որ Օմսկի հիվանդանոցում ռուսաստանցի բժիշկները Նավալնիի օրգանիզմում թունավոր նյութի հետքեր չէին հայտնաբերել: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր, մասնավորապես, հերթական անգամ ընդգծել է, թե Նավալնիի թունավորման մեջ ռուսական հետքեր չկան և չեն կարող լինել:
Նախօրեին ֆրանսիական Le Monde թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ սեպտեմբերի 14-ին Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինն ասել է, թե հնարավոր է՝ Նավալնին ինքն է թույն ընդունել: Սա դարձել է կատակների թեմա ռուսական համացանցում, իսկ Նավալնին, արձագանքելով ՌԴ նախագահի հայտարարությանը, գրել է. «Լավ վարկած է, արժանի է սերտ ուսումնասիրության: Խոհանոցում պատրաստել եմ «Նովիչոկ»-ը, խմել եմ օդանավում ու ընկել կոմայի մեջ: Մինչ այդ պայմանավորվել եմ կնոջս, ընկերներիս և գործընկերներիս հետ, որ եթե Առողջապահության նախարարությունը պնդի, որ ինձ տանեն Գերմանիա բուժելու, նրանք ոչ մի դեպքում դա թույլ չտան: Մահանալ Օմսկի հիվանդանոցում և հայտնվել Օմսկի դիահերձարանում, որտեղ կհաստատեին մահվան պատճառը՝ բավարար ապրել է: Ահա իմ խորամանկ ծրագրի վերջնական նպատակը, բայց Պուտինն ինձ հաղթեց, և իմ սադրանքը տապալվեց»:
Արևմուտքը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով՝ Նավալնիին արգելված քիմիական զենքով թունավորելու համար: Երեկ մասնավորապես Ֆրանսիայի նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային հղած ելույթում կրկին պահանջել է Ռուսաստանից լույս սփռել «Նովիչոկ»-ով Ալեքսեյ Նավալնիին սպանելու փորձի վրա:
Էմանյուել Մակրոնը շեշտել է, որ Ֆրանսիան չի հանդուրժի Եվրոպայում կամ Ռուսաստանում քիմիական զենքի կիրառումը: