Մատչելիության հղումներ

Գերմանիայի կառավարությունը պնդում է, որ անհերքելի ապացույցներ կան` Նավալնին թունավորվել է «Նովիչոկ»-ով


Ալեքսեյ Նավալնին, արխիվ
Ալեքսեյ Նավալնին, արխիվ

Գերմանիայի իշխանությունները հայտարարում են, որ անհերքելի ապացույցներ են ձեռք բերել, որոնց համաձայն ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» դասին պատկանող քիմիական նյութով»։ Նոր հետազոտությունն անցկացվել է Գերմանիայի զինված ուժերի լաբորատորիայում։ Բունդեսվերի մասնագետները Նավալնիի արյան թեստը հետազոտել են Բեռլինի «Շարիթե» հիվանդանոցի բժիշկների թույլտվությամբ։ Օգոստոսի 22-ից ի վեր հենց այդ բժշկական կենտրոնում է բուժում ստանում ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդը:

Գերմանական կառավարության մամուլի քարտուղարի գրավոր հայտարարության համաձայն` ուսումնասիրության արդյունքները փաստում են Նավալնիի արյան մեջ «Նովիչոկի» ակնհայտ հետքերը։ «Նովիչոկը», հիշեցնենք, այն նույն նյարդա-պարալիտիկ նյութն է, որով 2018 թվականի մարտին Մեծ Բրիտանիայում թունավորվել էին Ռուսաստանի ռազմական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլիան։

Չորեքշաբթի օրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և մի շարք նախարարներ հատուկ նիստ են գումարել, որի ընթացքում քննարկել են գերմանական կողմի հետագա քայլերը: Պաշտոնական Բեռլինը շեշտում է՝ Ռուսաստանի տարածքում ռուսաստանցի ընդդիմադիր գործչի վրա ռազմական թունավոր նյութով հարձակումը նախադեպը չունեցող իրադարձություն է, ինչի կապակցությամբ ռուսաստանյան իշխանությունները պետք է պարզաբանումներ ներկայացնեն: Նավալնիի արյան հետազոտության արդյունքների մասին Գերմանիան պլանավորում է տեղեկացնել Եվրամիության ու ՆԱՏՕ-ի գործընկերներին և համաձայնեցնել հետագա միասնական արձագանքը։ Բեռլինը նաև մտադիր է կապ հաստատել Հաագայում տեղակայված Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության հետ:

44-ամյա Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 20-ի առավոտյան՝ Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում։ Նրան անգիտակից վիճակում տեղափոխել էին Օմսկի հիվանդանոցներից մեկը, օրեր տևած պայքարից հետո ընդդիմադիր գործչի կինն ու թիմակիցներն ի վերջո կարողացան նրան տեղափոխել Գերմանիա։ Կրեմլի կոշտ քննադատն արդեն շուրջ երկու շաբաթ է` կոմայի մեջ է։ Արևմուտքից հնչող պատժամիջոցների սպառնալիքների և մեղավորներին պատժելու կոչերի ֆոնին` միջադեպից 7 օր անց միայն Ռուսաստանի իրավապահները որոշել են ուսումնասիրել ընդդիմադիր գործչի հոսպիտալացման պատճառները: Քրեական գործ հարուցելու մասին առայժմ խոսք չկա:

Պաշտոնական Մոսկվան շարունակաբար պնդում է, թե ընդդիմադիր գործչի թունավորման հստակ ապացույցներ չկան, և նույնիսկ եթե Նավալնիին թունավորել են, ապա Ռուսաստանը դրան որևէ առնչություն չունի։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ռիա Նովոստիին» հայտնել է, որ Գերմանիայի իշխանությունները ռուսական կողմին չեն տեղեկացրել Նավալնիի թունավորման հարցով իրենց եզրահանգումների մասին, և Ռուսաստանը որևէ տվյալ չունի։

Ռուսաստանի արտգործնախարարությունն իր հերթին հայտարարել է, թե դեռ սպասում է գերմանական կողմին, որը պետք է պատասխանի ռուսաստանյան գլխավոր դատախազության հարցմանը` Նավալնիի արյան անալիզների արդյունքները տրամադրելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG