Մատչելիության հղումներ

Արցախի ԱԳՆ. Շանտաժի և սպառնալիքների վրա հիմնված Բաքվի վաղեմի ռազմավարությունն ապացուցել է իր սնանկությունը


Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները ցույց են տալիս «Ադրբեջանի իշխանությունների շփոթվածության աստիճանը այն պայմաններում, երբ շանտաժի և սպառնալիքների վրա հիմնված Բաքվի վաղեմի ռազմավարությունն ապացուցել է իր սնանկությունը և ամբողջությամբ սպառել է իրեն», ասված է Արցախի արտաքին գործերի նախարարության մեկնաբանության մեջ:

Արցախի ԱԳՆ-ն հիշեցնում է, որ սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեսաձևաչափով ելույթ ունենալով Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում, հնչեցրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ «ադրբեջանական կողմի անհիմն ենթադրությունները, որոնք նախկինում հերքվել են»։ ՄԱԿ-ում ելույթին նախորդել էր սեպտեմբերի 19-ին «Ապշերոն» նավթի հանքավայրում անցկացված միջոցառման շրջանակներում Ադրբեջանի նախագահի հարցազրույցը։

Արցախի արտգործնախարարությունը շեշտել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը խեղաթյուրելու, «լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնումը խոչընդոտելու, Արցախի և Հայաստանի դեմ տարածքային պահանջներն արդարացնելու նպատակով միջազգային իրավունքի նորմերը կանխակալ մեկնաբանելու և նոր ագրեսիա սանձազերծելու իրավունք» վերապահելու Ադրբեջանի իշխանությունների բազմամյա պրակտիկան հակամարտության կարգավորման գործընթացը հասցրել է այն իրավիճակին, որում այժմ այն գտնվում է, ինչը, սակայն, պաշտոնական Բաքվին որևէ լրացուցիչ քաղաքական դիվիդենտ չապահովեց:

«Ակնհայտ է, որ, զրկվելով իր հիմնական գործիքից, այն է՝ սպառնալիքի և ուժային ճնշման միջոցով հասնել միակողմանի զիջումների, պաշտոնական Բաքուն իր հարմարավետության գոտուց դուրս է հայտնվել և փորձում է վերադառնալ այն իրավիճակին, որին ընտելացել է՝ ուժեղացնելով ռազմատենչ հռետորաբանությունը՝ ուղղված ոչ միայն հայկական երկու կողմերի, այլև ընդհանրապես կարգավորման գործընթացի դեմ։

Եթե ադրբեջանական իշխանություններն իրոք հետաքրքրված են տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմամբ, ապա նրանք պետք է հրաժարվեն ռազմական շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունից, ճանաչեն Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի փաստը և նստեն բանակցային սեղանի շուրջ՝ իրենց իսկ կողմից սանձազերծված զինված հակամարտության հետևանքով առաջացած խնդիրներին լուծում գտնելու նպատակով», - ասված է Արցախի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG