Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) միջնորդությունը։
Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ ընդունված պրակտիկա է, երբ դատարանը կալանավորման որոշում է կայացնում, սակայն մեղադրյալը հետախուզման մեջ է լինում։ Այլ մանրամասներ գլխավոր դատախազությունից չհայտնեցին։
ՊԵԿ քննչական վարչությունում քննվող գործով Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։ Սերժ Սարգսյանի փեսան հետախուզման մեջ է։
Ըստ ՊԵԿ-ի` քննությունը պարզել է, որ Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպանը 2012-2018 թվականներին կասկածելի աղբյուրներից ստացած խոշոր ֆինանսական միջոցներով, քողարկված եղանակով, Շոտլանդիայում հաշվառված օֆշորային «Ուոլտեքս Էքսպրես Էլ Փի» կազմակերպության միջոցով և ապա իր մտերիմներից Ռոզա Ստեփանյանի միջոցով, վերջինիս օժանդակությամբ հանդիսացել է «Սպայկա» ընկերության 49 տոկոս բաժնեմասի փաստացի բաժնետերը, սակայն այդ մասին ոչինչ չի նշել իր հայտարարագրերում։
Հիշեցնենք նաև, որ հուլիսին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը երկրորդ անգամ մերժել էր Պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը: ՊԵԿ-ը լրացրել էր մեղադրանքը և հավելել «Սպայկայի» դրվագը, ապա երկրորդ անգամ դիմել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որն էլ բավարարել է ՊԵԿ-ի միջնորդությունը: