Մատչելիության հղումներ

Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման և փողերի լվացման մեջ. նա հետախուզման մեջ է


Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

Քրեական գործն, ըստ ՊԵԿ-ի, հարուցվել է դեռևս մարտ ամսին, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել Մինասյանին ներգրավել որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նախաքննական մարմինը նաև միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նախկին դեսպանին կալանավորելու վերաբերյալ։ Դատարանը, սակայն, դեռևս որոշում չի կայացրել։

«Ազատության» հետ զրույցում Միքայել Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանն ասաց, որ որպես մեղադրյալ Միքայել Մինասյանը ներգրավվել է այս տարվա մարտի 23 -ին, այսինքն մոտ մեկ ամիս առաջ: Ինչ վերաբերում ներկայացված մեղադրանքներին, ապա ըստ փաստաբանի, դրանք պարզապես զավեշտալի են, և իր պաշտպանյալը այդ մեղադրանքները չի ընդունում։

Մակինյանի փոխանցմամբ՝ վարույթն իրականացնող մարմնի համար էլ ակնհայտ է, որ Միքայել Մինասյանն իր օրինական ծագում ունեցող, վարույթն իրականացնող մարմնին հայտնի ֆինանսական միջոցները իր մի հաշվից փոխանցել է մյուս հաշվին, մինչդեռ սա որակվել է իբրև փողերի լվացում։

«Ազատության» հարցին, թե խոսքը որքա՞ն գումարի մասին է, փաստաբանը չմանրամասնեց, միայն տեղեկացնելով, որ փոխանցումները կատարվել են 2017-18 թվականներին։

«Վարույթ իրականացնող մարմինը ֆիքսել է, որ իր ձեռքի տակ եղած փաստաթղթերը ապացուցում են, որ գումարի ծագման աղբյուրն օրինական է, այդ գումարն առաջացել է կոնկրետ գույքի բաժնեմասի վաճառքից: Հիմա այդ պայմաններում այդ օրինական գույքի վաճառքից առաջացած գումարի փոխանցումը գնահատել որպես փողերի լվացում, սա իմ տեսած, էս վերջին ժամանակներում, ամենազավեշտալի մեղադրանքներից մեկն է», - ասաց Մակինյանը:

Ինչ վերաբերում է ապօրինի հարստացմանն ու կեղծ հայտարարագիր ներկայացնելու մեղադրանքին, ապա այս դեպքում էլ Մինասյանը մեղադրանքը չի ընդունում։

Ըստ Փաստաբանի, Միքայել Մինասյանը մի ընկերության հետ ունեցել է պայմանագիր, որը պետք է Մինասյանի գույքի և եկամուտների հայտարարագրերը կազմեր և հանձներ համապատասխան մարմին։ Սակայն տվյալ ընկերության աշխատակիցը մեխանիկական սխալ է թույլ տվել, մասնավորապես՝ Միքայել Մինասյանի գույքի վաճառքից ստացած եկամուտը ավելի շատ է ներկայացրել, քան իրական արժեքն է եղել, այդ մասին, ըստ փաստաբանի, տեղյակ է նաև նախաքննական մարմինը։ Ընդ որում, ըստ Մակինյանի, իրենք միջնորդում են կանչել այդ անձին հարցաքննության, բայց վարույթ իրականացնող մարմինը դա չի անում։

«Քննչական մարմինն ու դատախազությունը շատ լավ գիտեն՝ երբ որ այս անձինք հարցաքննվեն, քրեական գործը քանդվելու է, չեն ուզում հարցաքննեն», - ասաց պաշտպանը:

Ի դեպ, Վատիկանում նախկին դեսպանի փաստաբանը նշում է, որ Միքայել Մինասյանին կալանավորման միջնորդություն դատարան ներկայացվել է այն ժամանակ, երբ հերթապահել են Շենգավիթի դատարանի դատավորները, այն դեպքում, երբ Մինասյանին մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ հերթապահ էին Ավան և Նոր Նորք նստավայրի դատավորները։

Ըստ փաստաբանի, նախաքննական մարմինը այս ամենը միտումնավոր է արել, մեղադրյալ ներգրավել է մարտի 23-ին, սակայն կալանավորման միջնորդություն ներկայացրել է մեկ շաբաթ անց։

«Սպասել են այնքան ժամանակ, մինչև փոխվի հերթապահությունը ու սկսվի մակագրվել Շենգավիթի դատավորներին: Խոսքը չի վերաբերում ամբողջ Շենգավիթի կազմին, բայց պատահակա՞ն է արդյոք, որ էլի գործը մակագրվել է Արտուշ Գաբրիելյանին, այն դատավորին, ով քննել է Արա Մինասյանի վերաբերյալ միջնորդություն, Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ միջնորդություն, Վահագն Հարությունյանի վերաբերյալ միջնորդություն, Սամվել Մայրապետյանի վերաբերյալ միջնորդություն ու բոլոր միջնորդությունները բավարարել է: Հիմա էլ կբավարարի Միքայել Մինասյանի վերաբերյալ միջնորդությունը», - ասաց նա:

Հավելենք, որ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը դեռևս 2013-ին պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է բավական լուրջ կարողություններ, այդ թվում՝ հայտնի արվեստագետների 200-ից ավելի թանկարժեք գեղանկարներ, արձանիկներ ու քանդակներ, նրանց թվում են Մինաս Ավետիսյանի, Արշիլ Գորկու, Սերգեյ Փարաջանովի, Գրիգոր Խանջյանի, Տոնինո Գուերրայի, Երվանդ Քոչարի, Վարդգես Սուրենյանցի, Հակոբ Կոջոյանի, Գազազի, Բուտեռոյի, և Գառզու գեղանկարները, քանդակները և այլն։

Միքայել Մինասյանը հայտարարագրել էր նաև 3 առանձնատուն, մեկ ամառանոց, մեկ բնակարան բազմաբնակարան շենքում, 2 ընկերություններում բաժնեմասեր։ Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 400 միլիոն դրամ, 268 հազար եվրո և 1 միլիոն 304 հազար դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG