Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարները երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած նիստի ընթացքում այդպես էլ չկարողացան ընդհանուր հայտարարի գալ Բելառուսի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում։ Փակ դռների հետևում ավելի քան հինգ ժամ շարունակված քննարկումներից հետո այդ մասին հայտարարեց ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Նախարարները քննարկեցին պատժամիջոցների թեման, և չնայած այն հանգամանքին, որ դրանք սահմանելու հստակ կամքն առկա է, այսօր մենք չկարողացանք այդ հարցի շուրջ համաձայնության գալ։ Դրա համար բոլոր կողմերի համաձայնությունն էր անհրաժեշտ, որն այսօր բացակայում էր», - հայտարարում էր Բորելը՝ նշելով, որ Մինսկի դեմ պատժամիջոցների սահմանմանն ընդդիմացող միայն մեկ պետություն կա՝ Կիպրոսը։
«Բելառուսի դեմ պատժամիջոցների կիրառմանը Կիպրոսը սկզբունքորեն դեմ չէ։ Դրա հետ մեկտեղ, Կիպրոսի իշխանությունները պնդում են, որ չեն քվեարկի Մինսկի դեմ պատժամիջոցների փաթեթի օգտին, քանի դեռ նույնատիպ պատժամիջոցներ չեն կիրառվել Թուրքիայի նկատմամբ», - ասում էր Ժոզեպ Բորելը։
Պաշտոնական Նիկոսիան ԵՄ գործընկերներից պահանջում է կոշտ դիրքորոշում որդեգրել Թուրքիայի նկատմամբ՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում ցուցաբերած պահվածքի համար։
Բելառուսի դեմ կոշտ պատժամիջոցների կողմնակից պետությունները երեկ խստորեն քննադատում էին Կիպրոսի դիրքորոշումը։ Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսն, օրինակ, Twitter-ում արված գրառման մեջ Կիպրոսի իշխանությունների գործողությունները «պատանդառություն» էր որակել՝ նշելով, որ ԵՄ անդամ պետությունների մեծ մասի համբերությունը հատնում է։
Եվ չնայած Բելառուսի դեմ պատժամիջոցների հարցը դիվանագիտական փակուղում է հայտնվել, Բրյուսելում հույս ունեն, որ արտգործնախարարներին հաջորդ հավաքի ընթացքում ի վերջո կհաջողվի այս հարցում առաջընթաց ապահովել։
«Ինձ համար դա արդեն անհատական հանձնառություն է, քանի որ այս խնդրից է մեծապես կախված ԵՄ հեղինակությունը», - երկուշաբթի երեկոյան Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում էր ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։