Մատչելիության հղումներ

ԵՄ արտգործնախարարները քննարկում են Բելառուսի դեմ պատժամիջոցների հարցը


Նիստից առաջ արտգործնախարարները ոչ պաշտոնական նախաճաշի էին հրավիրել բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային։ Բրյուսել, 21-ը սեպտեմբերի, 2020
Նիստից առաջ արտգործնախարարները ոչ պաշտոնական նախաճաշի էին հրավիրել բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային։ Բրյուսել, 21-ը սեպտեմբերի, 2020

«Ավելի քան 100 հազար ցուցարար, շուրջ 200 ձերբակալված, կրակոցներ օդ». այսպես, մեկ տողով կարելի է բնութագրել Բելառուսի գրեթե բոլոր խոշորագույն քաղաքներում տեղի ունեցած հերթական կիրակնօրյա բողոքի ակցիաները։

Ինչպես և նախորդ հանգստյան օրերին, նախօրեին ևս ամենամարդաշատ ցույցը մայրաքաղաք Մինսկում էր։ Օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր ցուցարարները անցան բելառուսական մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով` չնայած այն հանգամանքին, որ քաղաքի կենտրոնում մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կենտրոնացված, իսկ դեպի պետական հաստատություններ տանող փողոցները արգելափակված էին։ Քաղաքի մի շարք հատվածներում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ արձանագրվեցին, այնուհանդերձ խոշոր ընդհարումներից հնարավոր եղավ խուսափել։

Կիրակի օրը իրավիճակն անհամեմատ ավելի լարված էր Բելառուսի արևմուտքում գտնվող Բրեստ քաղաքում, որտեղ ոստիկանությունը ոչ միայն բռնություն կիրառեց խաղաղ ցուցարաների նկատմամբ, այլև արցունքաբեր գազ կիրառեց։ Երբ գործադրված միջոցները որևէ արդյունք չտվեցին, ոստիկանները սկսեցին օդ կրակել։ Բելառուսի ներքին գործերի նախարարությունը անցած գիշեր մեկնաբանեց Բրեստում տեղի ունեցած միջադեպը՝ պնդելով, թե իրավապահները օդ են կրակել «իրենց անվտանգությանն առկա սպառնալիքը չեզոքացնելու նպատակով»։

Այս օրերին Բելառուսում հնչող գլխավոր հարցը սակայն մեկն է․ «Դեռ որքա՞ն է շարունակվելու այս պատային իրավիճակը, երբ ամեն կիրակի հարյուր հազարավոր մարդիկ են դուրս գալիս փողոց, խաղաղ երթեր են անցկացնում, սակայն իշխանությունները զիջումների չեն գնում»։ Բողոքի ակցիաների որոշ մասնակիցներ չեն բացառում, որ ցույցերը մի պահ կարող են շատ ավելի կոշտ փուլ թևակոխել։

«Դա կախված է ներկայիս իշխանության գործողություններից։ Եթե նրանք, ինչպես ակցիաների առաջին օրերին էր, նորից սկսեն կրակել անզեն մարդկանց վրա, ապա պաշտպանվելը նորմալ քայլ կլինի։ Կպաշտպանվեն ով ինչով պատահի, բայց ամեն ինչ իշխանություններից է կախված», - նշում էր կիրակնօրյա բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Ընդդիմության կողմնակիցների մեծամասնությունը սակայն վստահ է, որ հարկավոր է այնքան ժամանակ շարունակել բողոքի ակցիաները, մինչև Լուկաշենկոյի վարչակազմը համաձայնի երկխոսության մեջ մտնել ընդդիմության հետ։

Բելառուսական իշխանությունները սակայն ընդդիմադիրների հետ բանակցությունների մեջ մտնելու որևէ ցանկություն չունեն։ Ալեքսանդր Լուկաշենկոն շարունակում է պնդել, որ ընդդիմության աջակիցները փողոց են դուրս գալիս Արևմուտքի թելադրանքով՝ գումարի դիմաց։

«Ինձ որևէ մեկը չի վճարում, ո՛չ ես, ո՛չ իմ ընկերները երբեք որևէ գումար [ցույցերին մասնակցելու համար] չենք ստացել։ Նման պնդումները սուտ են և հիմարություն։ Իշխանությունները գումարի դիմաց են սիրում, իսկ մենք նրանց ատում ենք անվճար», - հայտարարում էր երեկ Մինսկում կայացած ցույցի մասնակիցներից մեկը։

Չդադարող բողոքի ակցիաների ֆոնին ԵՄ անդամ պետությունների արտաքին հարաբերությունների նախարարները այսօր առավոտյան Բրյուսելում սկսեցին քննարկել Բելառուսի դեմ պատժամիջոցների կիրառման հարցը։ Նիստի մեկնարկից առաջ նախարարները հանդիպեցին Բրյուսել ժամանած Սվետլանա Տիխանովսկայայի հետ։ Ընտրություններում Լուկաշենկոյի գլխավոր մրցակիցը ԵՄ բարձրաստիճան դիվանագետներին կոչ էր անում չհրաժարվել բելառուս բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պատժամիջոցների կիրառման մտադրությունից։

«Պատժամիջոցները իհարկե շատ կարևոր են, քանի որ դրանք պետք է ստիպեն Բելառուսի իշխանություններին երկխոսություն սկսել իմ կողմից ստեղծված ընդդիմության համակարգող խորհրդի հետ», - հայտարարում էր Տիխանովսկայան։

ԵՄ առաջատար պետության՝ Գերմանիայի իշխանությունները ևս պնդում են, որ ընտրակեղծարարության և մարդու իրավունքների զանգվածային խախտումների միակ համարժեք պատասխանը պատժամիջոցներն են։

«Մենք պետք է ընդունենք, որ վերջին շաբաթներին իրադրությունը չի շտկվել։ Լուկաշենկոյի կողմից խաղաղ ցուցարարների դեմ կիրառվող բռնությունները ուղղակի անընդունելի են։ Այսօր մի գլխավոր հարց է առկա՝ արդյո՞ք ԵՄ պատժամիջոցների թիրախում պետք է հայտնվեն բացառապես ընտրակեղծիքների հեղինակները կամ բռնություն կիրառողները, թե՞ պատժամիջոցները պետք է կիրառվեն նաև այդ գործողությունների գլխավոր պատասխանատուի՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ», - այսօր Բրյուսելում մեկնարկած հավաքից առաջ հայտարարում էր Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը։

Բելառուսի հանդեպ առավել կոշտ դիրքորոշում են որդեգրել ԵՄ երեք պետություններ՝ Լեհաստանը, Լիտվան և Ռումինիան։ Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով, Բելառուսի դեմ կոշտ պատժամիջոցներ սահմանելու հարցում ԵՄ-ն պետք է միասնական դիրքորոշում հայտնի։

«Այժմ ավելի առարկայական, հստակ գործողությունների դիմելու ժամանակն է։ Նվազագույնը, ինչ մենք կարող ենք անել այս պահին, պատժամիջոցների սահմանումն է։ Հուսով եմ, որ ԵՄ մեր գործընկերները իրավիճակը առկախված չեն պահի և մեզ չեն պահի պատանդի կարգավիճակում, քանի որ այժմ գործելու ժամանակն է», - հայտարարում էր Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը։

Լիտվայի արտգործնախարարի այս հայտարարությունն ի դեպ պատահական չէր։ Բանն այն է, որ Կիպրոսի իշխանությունները շարունակում են պնդել, որ արգելափակելու են Բելառուսի դեմ համաեվրոպական պատժամիջոցների սահմանումը այնքան ժամանակ, քանի դեռ ԵՄ-ն կոշտ դիրքորոշում չի որդեգրել Թուրքիայի նկատմամբ՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում իրականացվող գործողությունների կապակցությամբ։

XS
SM
MD
LG