Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանը պետք է պատրաստվի խաղաղ միջոցներով խնդրի կարգավորմանը


Ադրբեջանի նախագահի՝ «Աբշերոն» հանքավայրում ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ արված հայտարարությունները խորապես հիասթափեցնող են, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Դրանք ի ցույց են դնում հարևան երկրի ղեկավարի անկարողությունը՝ սթափ և առանց ցավագին հույզերի ընկալելու ստեղծված իրականությունը և իր սեփական դերակատարումն այդ իրականության ձևավորման գործում։ Նմանօրինակ հռետորաբանությունը, որտեղ առկա են բացահայտ անհիմն և անգամ սուտ պնդումներ, պատիվ չի բերում որևէ երկրի ղեկավարին, - նշել է խոսնակը ` հավելելով, - մենք գիտակցում ենք խաղաղ գործընթացին Ադրբեջանի կողմից 2016թ․ ապրիլի հարձակմամբ և 2020 հուլիսի ռազմական էսկալացիա ձեռնարկելու հետևանքով հասցված վնասները»։

Ըստ նրա` որպեսզի այդ վնասները չդառնան անդառնալի, Ադրբեջանի ղեկավարությունը պետք է վերանայի «ուժի կիրառման և ուժի սպառնալիքի իր քաղաքականությունը», հրաժարվի արտատարածաշրջանային ուժերի ներգրավմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապակայունացման փորձերից և պատրաստվի խաղաղ միջոցներով խնդրի կարգավորմանը։

Աննա Նաղդալյանը նաև շեշտել է, որ Հայաստանը վստահ է իր կարողությունների վրա՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման և պատմական հայրենիքում ապրելու իրավունքը: «Եվ հենց այդ վստահությամբ վերստին ընդգծում ենք, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի», - նշել է նա:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդել էր՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների տապալման մեղավորը Հայաստանի ղեկավարությունն է:

«Ես բացասական եմ գնահատում բանակցությունների ներկայիս վիճակը։ Բանակցություններ փաստացի չեն ընթանում։ Ես ասել եմ, որ մենք չենք մասնակցի բանակցություններին հանուն տեսանելիության: Դա նշանակում է, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից, իսկ դա նշանակում է, որ մենք չենք ցանկանում միանալ Հայաստանի խորամանկ քաղաքականությանը»,- շաբաթ օրը ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել էր Իլհամ Ալիևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG