Մատչելիության հղումներ

Մանկապարտեզները վերաբացվում են, սակայն ոչ բոլորի համար


Սեպտեմբերի 15-ից նոր պայմաններով կվերաբացվեն նաև մանկապարտեզները, որոնցում արդեն երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։ Պարետատան ցուցումների համաձայն՝ յուրաքանչյուր խմբում կարող է լինել առավելագույնը 12 երեխա։ Առաջնահերթությունը տրվելու է աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի և տվյալ մանկապարտեզի աշխատակցի երեխային։

Օրինակ՝ թիվ 26 մանկապարտեզի 139 երեխաներից միայն 72-ը հաճախելու հնարավորություն կունենան, «Ազատության» հետ զրույցում ասաց նախակրթարանի տնօրեն Նադեժդա Բաղրամյանը. - «Հիմնական նախընտրությունը տրվել է ավագ խմբի երեխաների հաճախմանը, քանի որ նախատեսվում է, որ այդ երեխաները պետք է սահուն իրենց հետագա կրթությունը շարունակեն արդեն դպրոցում, ու իրենք պետք է ստանան համապատասխան նախադպրոցական կրթություն, որպեսզի կարողանան արդեն իսկ իրենց հետագա կրթությունը սահուն շարունակեն դպրոցում։ Անհրաժեշտ է երեխային, երեխան պետք է պատրաստ լինի դպրոց գնալուց առաջ, իսկ այդ հիմնական գործընթացը ընկած է մեր հաստատությունների, մանկապարտեզների վրա: Մենք պետք է կարողանանք իրականացնել այդ պատրաստական աշխատանքը, որպեսզի երեխան առանց սթրեսի, առանց որևիցե այլ հոգեբանական ճնշման կարողանա հաճախել դպրոց»:

Մինչև կորոնավիրուսի համաճարակը այստեղ յուրաքանչյուր խմբում 33 երեխա էր։ Մուտքի մոտ ջերմաչափվելուց բացի, երեխաները պետք է նաև անհատական սպասք ունենան։ Աշխատակիցները ափսեների, բաժակների, գդալների վրա հերթով գրում էին փոքրիկների անունները. - «Իհարկե, նախկինում էդպես չէր, բայց հիմա որպեսզի մենք կարողանանք խուսափել ավելորդ շփումներից, երեխաների թեկուզ տարբեր շփումներից, մենք անգամ սպասքը մակնշում ենք, թեպետ ախտահանվում է լվանալուց, համապատասխան փուլեր է անցնում լվացման և ջերմաստիճանային: Յուրաքանչյուր երեխա կունենա անձնական իր սպասքը: Անունները գրված են յուրաքանչյուր և՛ ափսեների, և՛ բաժակների, և՛ անգամ գդալների վրա նշումներ են արված»:

12 երեխա, 12 սեղան ու աթոռ, որոնց միջև հեռավորություն պետք է լինի, նույնը նաև մահճակալների դեպքում. - «Ե՛վ խալիները, և՛ ծաղիկները, պարետի որոշման համաձայն, դուրս են բերված միջանցքներ, խմբասենյակներում մնացել են այն անհրաժեշտ, անգամ խաղալիքները նախատեսված են հաճախ ախտահանման և ամենօրյա ախտահանման համար»:

Այս տարի հերթագրված երեխաների ընդունելություն չի լինի, այն ժամանակավորապես կասեցված է. - «Մենք այս տարի պատրաստվում էինք երկու կրտսեր խումբ ընդունել, այսինքն` 66 երեխա պետք է համալրվեր մանկապարտեզի շարքերին, բայց, ավաղ, այդ հնարավորությունը չստեղծվեց այդ հիվանդության պայմաններում»:

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակն այս առնչությամբ Ֆեյսբուքում գրել է, որ քաղաքային իշխանություններն ակնկալում են, որ ծնողները ըմբռնումով կմոտենան սահմանափակ թվով երեխաներ վերընդունելու խնդրին։

«Հարգելի՛ պաշտոնյաներ, ըմբռնումով մոտենալը ընտանիքի համար բավականին մեծ ֆինանսական բեռ է ենթադրում։ Դա ենթադրում է, որ մենք շարունակաբար երեխային պետք է տանենք մասնավոր պարտեզ կամ դայակին վարձատրենք: Ինչո՞վ է պայմանավորված այդ որոշումը, եթե բոլորն արդեն դպրոց են հաճախում, բոլորը մանկապարտեզ են հախախում. չէ՞ որ այստեղ նաև իմ աշխատելու իրավունքն է խախտվում», - ասում է Ադրինե Նասլյանը, ով իր 3.5 տարեկան երեխային ամիսներ առաջ հերթագրել և սեպտեմբերից պատրաստվում էր առաջին անգամ մանկապարտեզ ուղարկել։ Ինքը և ամուսինը աշխատում են, այժմ ստիպված են դայակի ծառայություններից օգտվել կամ 60-120 հազար դրամ վճարելով ուղարկել մասնավոր մանկապարտեզ. - «Նվազ կարևորություն եք տալիս այս հարցին, բայց եթե անգամ այս մարդիկ հարյուրն են, հազարն են, իքս քանակություն են կազմում, նրանք մարդ են, և նրանք ունեն իրավունքներ և պարտականություններ, նրանք իրավունք ունեն աշխատել ու իրավունք ունեն ամսական բավականին մեծ գումարներ չվճարել մասնավոր մանկապարտեզներին կամ դայակներին»:

30-ամյա կինը կարծում է՝ պետք է մշակվեր որևէ մեխանիզմ, որով այս իրավիճակում հայտնված ծնողներին կաջակցեին. - «Գումարի աջակցություն կամ միգուցե մեկ այլ հաստատության բացում, որտեղ կհաճախեն երեխաները։ Ինչ-որ բան պետք է մտածեն»:

XS
SM
MD
LG