Մինսկում այսօր տեղի է ունենում «Խաղաղության և անկախության երթը»: Ակցիայի մասնակիցները հավաքվում են Բելառուսի մայրաքաղաքի կենտրոնում, ոստիկանները փակել են Մինսկի Օկտյաբրսկայա հրապարակը, ցուցարարները քաղաքի տարբեր շրջաններից շարասյուններով շարժվում են դեպի կենտրոն, որտեղ ոստիկանության հատուկ ջոկատը տարբեր պատնեշներով և տեխնիկայով փակել է նաև Անկախության հրապարակը:
Մարդիկ պարզել են նախալուկաշենկոյական շրջանի անկախ Բելառուսի սպիտակ-կարմիր-սպիտակ եռագույնը, երգում են և վանկարկում են «Կեցցե՛ Բելառուսը»: Փողոցներով սլացող մեքենաները ձայնային ազդանշաններով ողջունում են երթերի մասնակիցներին, դրան զուգահեռ ոստիկանները բարձրախոսներով դիմում են մարդկանց և նախազգուշացնում ապօրինի հանրահավաքներ անցկացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին:
Այսպիսի պայմաններում է ծննդյան օրը նշում օգոստոսի 9-ի ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն վեցերորդ անգամ նախագահ ընտրված Ալեքսանդր Գրիգորևիչը, ով հավանում ու հպարտանում է «Բատյկա» մականունով: Այսօր նրան զանգահարել է և 66-ամյակի կապակցությամբ շնորհավորել է ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինը: Այս օրերին նրանք գրեթե ամեն օր են խոսում հեռախոսով: Լուկաշենկոն պնդում է, թե բողոքի ակցիաները կազմակերպում է նենգ Արևմուտքը, որը երազում է Բելառուսը բաժան-բաժան անելու մասին: ՆԱՏՕ-ն կտրականապես մերժում և բացահայտ սուտ է որակում այդ մեղադրանքները, մինչդեռ Լուկաշենկոն սպառնալիքներ է հնչեցնում. - «Նրանք հղփացել ու մոռացել են, թե ինչ է Բելառուսը, նրանք կարծում են, թե մեզ ծնկի կբերեն, դեռ կտեսնենք, թե ով է ավելի շատ վախենում սանկցիաներից»,- ասել է նախագահը, հայտնելով, որ կարգադրել է քննարկել Լիտվայի նավահանգիստներից հրաժարվելու տարբերակը: «Կտեսնենք, թե դրանից հետո ոնց են ապրելու»,- ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի ղեկավարն ակնարկում է միջազային կոնֆլիկտի հնարավորության մասին, ասելով, որ եթե Արևմուտքը չափն անցնի, գործի կդրվի համատեղ զորախումբը՝ Բելառուսի բանակը պատասխան կտա, իսկ Ռուսաստանը կսատարի Բելառուսին:
Լուկաշենկոն այս օրերին գովեստով է խոսում ոստիկանների մասին, նրանք էլ՝ այդ գովաբանությունից ոգևորված, շարունակում են կոշտ միջոցներ կիրառել, երեկ նրանք ուժ են կիրառել բողոքի ցույց կազմակերպած մոտ 10 հազար կանանց նկատմամբ, ովքեր վանկարկել են «Սաշա, դու պաշտոնանկ ես», «Աղջիկներ՝ կռվե՛ք» և «Սա մե՛ր քաղաքն է» կարգախոսները: Կանայք պահանջել են ազատ արձակել բանտեր նետված ակտիվիստներին: Այնուամենայնիվ կանանց չեն ձերբակալել:
Օգոստոսի 9-ի ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաներում ձերբակալվածների թիվը մի պահ հասել է 7 հազարի, հարյուրավոր մարդիկ վնասվածք են ստացել, ձերբակալվածներին դաժանաբար ծեծել և նվաստացրել են:
«Պահանջում էին, որ բացեմ հեռախոսս և ցույց տամ, թե ինչ եմ տեսագրել, հրաժարվեցի, սկսեցին ծեծել, հեռախոսը ջարդեցին, այնքան ծեծեցին, որ մատներս կոտրեցին, և ես ուշագնած եղա»,- Լեհաստանում «Ռոյթերսին» ասել է Ալեքսեյ անունով մինսկցի ցուցարարը, ով դեպքից հետո մարդասիրական վիզա է ստացել և հիմա բուժվում է հարևան երկրում:
Իրավապահների թիվ մեկ թիրախը մամուլն է դարձել: Իրավապահները ձերբակալում են լրագրողներին, այդ թվում` «Ազատության» աշխատակիցներին: Ձերբակալվածներին ներկայացնում են ապօրինի հավաքների մասնակցելու և ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու մեղադրանք, օտարերկրացի լրագրողներին արտաքսում են և զրկում են հավատարմագրերից:
«Իշխանությունները փորձում են արգելափակել ինֆորմացիայի տարածումը ներսում և չեղարկելով հավատարմագրումը` կանխում են ինֆորմացիայի փոխանցումն արտասահման, ամեն բան արվում է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներին Բելառուսի մասին տեղեկություններից զրկելու համար»,- ասել է Բելառուսի լրագրողների միության նախագահ Անդրեյ Բաստունեցը:
Մինսկում Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի և Եվրամիության դիվանագիտական առաքելությունները խստորեն դատապարտել են ուժի անհամաչափ կիրառումը և «անմարդկային» են որակել ոստիկանների վերաբերմունքը ցուցարարների նկատմամբ:
Առճակատումը շարունակվում է, Բելառուսի ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների հոգևոր առաջնորդներն այսօր հավատացյալներին կոչ են արել աղոթել երկրում անդորր և խաղաղություն հաստատելու համար: Այս պահին ընդդիմության ակտիվիստները շարունակում են շարժվել դեպի Մինսկի կենտրոն: