Մատչելիության հղումներ

«Յուրաքանչյուրիս շահից է բխում, որպեսզի մեր երեխաների գնան դպրոց». փոխնախարար


Վեցամսյա դադարից հետո աշակերտները կվերադառնան դպրոց: Սեպտեմբերի 15-ից սկսվող դասերը կանցկացվեն հատուկ պայմաններով: Ի՞նչ երաշխիքներ կան, որ կպահպանվեն անվտանգության կանոնները, և վարակի բռնկում չի լինի:

Հրայր Թամրազյանի այս հարցերին է պատասխանել «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

Ժաննա Անդրեասյան. – Մենք բոլորս պետք է շատ պարզ պատկերացնենք, որ կանոնները չպահելու հետևանքը լինելու է դպրոցների փակումը մեկը մյուսի հետևից, ինչը նշանակում է, որ կրթական գործընթացն ըստ էության տապալվելու է: Հետևաբար՝ յուրաքանչյուրիս շահից է բխում, որպեսզի մեր երեխաների գնան դպրոց, և մենք չունենանք այն նույն իրավիճակը, ինչ որ գարնանն էր, երբ որ ստիպված էինք տոտալ հեռավար կրթության անցնել, որը, իհարկե, լավ ջանքերից բացի բերեց շատ մեծ խնդիրներ հանրակրթության համակարգի համար:

Եվ ես կարծում եմ, որ այդ գիտակցումը կա: Մենք այս օրերին ունենում ենք հանդիպումներ դպրոցների տնօրենների հետ, արդեն իսկ հանդիպել ենք երեք մարզերի ավելի քան 900 տնօրենների հետ, և այդ խորհրդակցությունների ժամանակ մանրամասն բացատրում ենք ամբողջը: Շարունակելու ենք քննարկումները, շարունակելու ենք այս աշխատանքը, սա շարունակական աշխատանք է:

Ինչ վերաբերում է վերահսկողությանը, կուզեի ասել, որ Սահմանադրության փոփոխությունից հետո առավել հստակ ընդգծվեց, որ վերահսկողական գործառույթը տեսչական մարմիններինն է, և այստեղ էլ, գաղտնիք չի, կրթության ոլորտի տեսչական մարմինը պետք է իրականացնի վերահսկողություն: Բայց այդ վերահսկողությունը կլինի արդյունավետ միայն այն պարագայում, երբ որ մենք ինքներս կուզենանք պահել կանոնները:

Իհարկե, հասկանում եմ, որ երեխաների հետ գործ ունենք, և տարբեր իրավիճակներ կարող են լինել, այդ մասին չէ խոսքը: Խոսքը այն մասին է, որ դպրոցում յուրաքանչյուր աշխատակից պետք է փորձի դա բացատրել, և նաև ծնողները պետք է աշխատանք տանեն երեխաների հետ:

Հեռավորության պահանջը 1,5-2 մետր է, այսինքն՝ 5 մետրի մասին չենք խոսում, և մենք ուղեցույցում ցույց ենք տվել սխեմաներ, թե ինչպես կարելի է դասարանում այդ տեղաբաշխվածությունն ապահովել:

Այստեղ գործելու է նաև հստակ կանոն՝ եթե դասարանում միջին խտությունը լինելու է 20 և ավել սովորող, ապա դասարանները պետք է կիսվեն երկու խմբի, և եթե դպրոցը ունի տարածքի խնդիր, նույնիսկ եթե դասարանը 20 հոգուց փոքր է, ապա նույնպես պետք է կիսեն երկու խմբերի՝ 10-10 հոգանոց կամ ավելի փոքր, որպեսզի կարողանան ապահովել հեռավորությունը: Եվ ինչպես նաև կարող են օգտագործել բացի դասասենյակներից միջանցքները, դահլիճները, կարող են անգամ բացօթյա կազմակերպել որոշ դասեր, եթե դրա համար եղանակային բարենպաստ պայմաններ կլինեն, և կկարողանան հարմարեցնել տարածքները:

Այսինքն, ինչ ենք մենք փորձել անել՝ փորձել ենք ցույց տալ դպրոցներին կազմակերպման ձևը, և ուղեցույցն իրականում ուղղված է աջակցելու նրանց, որպեսզի կարողանան կազմակերպել պրոցեսը:

Ամբողջական հարցազրույցը դիտեք ստորև.

XS
SM
MD
LG