Մատչելիության հղումներ

Լոռու մարզի դպրոցներն ապահովելու են հակահամաճարակային կանոնների պահպանումը


Լոռու մարզի Արևածագ գյուղի 127 աշակերտ ունեցող դպրոցում եռուզեռ է՝ երկհարկանի շենքը հարմարեցնում են կորոնավիրուսի պայմաններին։

Մինչև 17 հոգանոց դասարաններ են ունենալու, բայց այստեղ էլ խտության հարցը կարողանում են լուծել։ Բոլոր դասասենյակների չափերը համապատասխան են նախարարության սահմանած չափանիշներին։

Դպրոցի տնօրեն Արմինե Երիցյանն ասում է, որ հարցումներ է արել գյուղում. բոլորն ուզում են ամենօրյա լիարժեք դասեր անել։ Առցանց դասերը գյուղում իրենց չեն արդարացրել։

Դպրոցի մուտքին կից արդեն պարետի պահանջով մեկուսարան են կառուցում։

Արմինե Երիցյան. – «Հենց առաջին հիվանդը նկատում ենք, որ ջերմությունով էկել ա, ստեղ մեկուսացնում ենք, հետո նոր ուղարկում ենք տուն»:

300 աշակերտի համար նախատեսված դպրոցում 127-ին տեղավորելը հեշտ գործ է։ Տնօրենը միայն ափսոսում է, որ միջազգային կազմակերպությունների հաշվին անցած տարի եվրոպական ստանդարտներով ճաշարան են կառուցել, բայց ստիպված պարապուրդի կմատնեն։ Ասում է՝ միակ դժվարությունը, երևի, գյուղի մաքուր օդում ամբողջ ամառը վազվզած երեխաներին դիմակ պարտադրելը կլինի, բայց որոշել է՝ խաղի կվերածեն։. – «Եթե ամեն աշակերտ իրա համար ունենա երկու հատ դիմակ, առաջին օրը չորս ժամ կրում ա, հետո գնում ա լվանում դիմակը, հարթուկում... Կյանք ա, պետք ա էրեխեքը հարմարվեն»:

Այս տարի դպրոցում 7 առաջին դասարանցի կունենան։ Ռոմանը նրանցից մեկն է։ Դպրոցի մասին առաջին հարցերը լսելիս վազեց, ցույց տվեց մայրիկի խնամքով պատրաստած համազգեստը, որին նախկին տարիների համեմատ մի բան ավելացել է՝ դիմակը։ Դարակում արդեն պահած ունի։ Ականջների հատվածում մի քիչ մեծություն է անում։ Դրա ձևն էլ գիտի՝ կապելու է։

Դիմակի տակից հազիվ երևացող աչքերը խոշորացնում ու երազանքների մասին է ասում՝ բժիշկ է դառնալու։ Ավագ եղբայրը՝ Արտուշը, երաժշտական քոլեջից անցած տարի այդպես էլ բան չհասկացավ։ Վոկալի բաժնում է սովորում, բայց օնլայն երգել չէր լինի։ Նորմալ պարապմունք չեն արել։ Հուսով է, թե այս տարի անցած ուսումնական տարվա բաց թողածը կլրացնեն։

Հարևան Մղարթ գյուղի 30 աշակերտ ունեցող դպրոցում էլ պնդում են, թե Կրթության նախարարության ուղեցույցի բոլոր պահանջները կատարել են։ 20-25 աշակերտի համար նախատեսված դասասենյակներում ամենաշատը 8 երեխա կսովորի, ասում է դպրոցի տնօրեն Աղաբեկ Մոսինյանը։

Նախկինում էլ թերծանրաբեռնված իրենց դպրոցում սոցիալական հեռավորությունը պահպանված էր. – «Ասում ա, եթե երեխան դիմակ չունի, դպրոցը պարտավոր ա առնել: Մենք էլ 30 երեխա ունենք, ես մտածել եմ, որ սկի չենք էլ պարտադրելու... ով կբերի` կբերի, ով չէ` մենք կապահովենք: Չորս ժամը մեկ էլ կփոխենք»:

Մինչև ուսումնական տարեսկիզբ ջրի խնդիրը ամբողջ գյուղում կլուծվի։ Իրենք էլ այդ մասով ապահովված կլինեն։

Լոռու մարզպետարանն ուսումնասիրել ու իմի է բերել մարզի դպրոցներում տիրող իրավիճակը։ Մարզի իրենց ենթակայության 149 դպրոցներից 12-ում միայն պահանջված կանոնները պահելու խնդիրներ կարող են լինել։ 12 դպրոցից 3-ում մշտական հոսող ջուր չկա, որից 2-ում արդեն ջրագիծ է կառուցվում։ Մինչև ուսումնական տարվա մեկնարկը ջրով կապահովվեն։ Մյուս 9-ը շենքի ներսում սանհանգույց չունեն։ Դրանցից 2-ում, սակայն, ևս մոտ օրերս հարցը կլուծվի, «Ազատությանն» ասացին մարզպետարանից։ Ֆինանսական միջոցների վերաբաշխման միջոցով երկու դպրոցներում առաջին անգամ սանհանգույց է կառուցվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG