Մատչելիության հղումներ

Երկու տարվա լռությունից հետո Սերժ Սարգսյանը որոշել է հանդես գալ հանրության առջև


Թավշյա հեղափոխության արդյունքում հրաժարական ներկայացրած երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ էության, մոտ երկու տարվա լռությունից հետո որոշել է հանդես գալ հանրության առջև՝ պատասախանելով ապրիլյան պատերազմին, 2018թ. ապրիլյան իրադարձություններին, ղարաբաղյան բանակացություններին և հանրությանը հուզող այլ հարցերի։

Սերժ Սարգսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում այսօր տեղադրված տեսանյութերում Հանրապետական կուսակցության առաջնորդը հիշեցնում է, որ դեռ ապրիլին խոստացել էր՝ երբ ավարտվի արտակարդ դրությունը, կհրավիրի ասուլիս ու շիտակ կպատասխանի ապրիլյան պատերազմին վերաբերող հարցերին, այնուհետև կորոշվի, թե որն է լինելու հաջորդ ասուլիսի թեման: Սակայն, ըստ Սերժ Սարգսյանի, համավարակի դեմ ձախողած պայքարը ու որպես հետևանք արտակարգ դրության անընդհատ երկաձգումը հնարավորություն չեն տալիս կատարել խոստումը, ուստի որոշել է տեսաուղերձների ձևաչափով պատասխանել վերջին երկու տարիներին հաճախ հնչող հարցերին, քանի որ անցյալի հետ հարցերը պետք է ավարտել։

«Միանշանակ է, որ չի կարող վերադարձ լինել անցյալին, բայց նույնքան էլ միանշանակ է, որ առանց անցյալը ճիշտ պատկերացնելու անհնար է հասնել լավ ապագայի: Չի կարող Հայաստանի Հանրապետության պատմությունը, նորանկախ Հայաստանի պատմությունը սկսվել 2018 թվականի ապրիլից», - ասում է Սերժ Սարգսյանը:

«Մենք շատ բան ունենք անելու։ Առանց հուսահատվելու անհրաժեշտ է համախմբել մեր պետության բոլոր ռեսուրսները, բոլոր կարող ուժերին ու անհատներին ու շարժվել առաջ», - հորդորում է Հայաստանի իշխանության բարձրագույն օղակներում մոտ քառորդ դար եղած Սարգսյանը՝ շարունակելով, թե երկար ժամանակ լռել է, քանի որ չի ցանկացել, որպեսզի Հայաստանում է'լ ավելի վատթարանա իրավիճակը, խորանա բևեռեցումը, և ժամանակ էր պետք, որպեսզի յուրաքանչյուրը ինքնուրույն հասկանա իրավիճակը. – «Ճշմարտությունը հետևյալն է. 2016 թվականի ապրիլին մեր ագրեսիվ հարևանը հարձակվեց մեզ վրա և պարտվեց: 1994 թվականից ի վեր սրանք ամենալայնամասշտաբ ռազմական գործողություններն էին, որի ընթացքում հակառակորդը կիրառեց իր զինանոցում եղած գրեթե բոլոր զինատեսակները: Բայց մեր բանակը շատ արագ անցավ պաշտպանության և այնպիսի ուժեղ հարված տվեց, որ թշնամին ընկրկեց: Նրանք կրեցին մեծ կորուստներ: Նրանց ծրագրերը ծախողվեցին: Եվ այսպիսի դեպքերում բանակը միայն արժանի է գովասանքի, այլ ոչ թե մեղադրանքի, նույնիսկ քննադատության»:

«Ձեզ մեղադրում են նրանում, որ ապրիլյան պատերազմում մենք կորցրեցինք մոտ 800 հեկտար տարածք», - այս հարցով է սկսվում տեսանյութերից մեկը։ Սերժ Սարգսյանի պատասխանը. – «Այո, անկասկած սա հաղթանակ էր: Հաղթանակ էր քանակապես գերազանցող, անակնկալ հարձակված և իր զինանոցում եղած գրեթե բոլոր զենքերը օգտագործած հակառակորդի նկատմամբ: Մենք պաշտպանեցինք մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը և հաջողությամբ հետ մղեցինք նրանց բոլոր լայնածավալ հարձակումները»:

Ուշագրավ է, որ ապրիլյան պատերազմից մոտ մեկ ամիս անց՝ 2016 թվականի մայիսին Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելուց հետո Երևան վերադառնալու ճանապարհին, նախագահական ինքնաթիռում Սերժ Սարգսյանը խուսափեց ապրիլյան պատերազմի արդյունքը հաղթանակ որակել. – «Եթե ուզում ես անպայման ասեմ, որ մենք հաղթել ենք, կարող եմ ասել: Բայց ամենաճիշտ ձևակերպումը հետևյալն է. մեր Զինված ուժերը իրենց խնդիրը կատարել են»:

Նույն այդ ինքնաթիռում Սերժ Սարգսյանը ընդունեց, որ հայկական կողմը 800 հեկտար տարածքներ է կորցրել, որոնք, սակայն, ըստ Սարգսյանի, չունեն ռազմավարական ու մարտավարական որևէ նշանակություն. – «Եթե զուտ մետրով չափենք, ապա պիտի ասեմ հետևյալը. Հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800-ի հեկտարի չափ: Դա մեկ հազարերորդն էլ չկա: Ռազմավարական առումով, կամ մարտավարական առումով, այդ տարածքները որևէ նշանակություն չունեն»:

Բայց այս տարի Սերժ Սարգսյանը մտքափոխ եղավ և հայտարարեց, թե տարածքային կորուստները կազմել են 400 հեկտար։ Այսօր հրապարակված տեսանյութերից մեկում նա անդրադառնում է այս հակասությանը. – «Պարզվում է, որ ավելի ճշգրիտ չափումների դեպքում այն 400 հեկտար է, և ոչ թե 800: Պատերազմից հետո իմ ասածը այն էր, որ նրանք կարողացել են 800 հազար հեկտար անվտանգության գոտուց ետ վերցնել 800 հեկտարը, այսինքն` 0,1 տոկոսը»:

Հայաստանի երրորդ նախագահը պատասխանում է նաև հարցին, թե ինչու Զինված ուժերին հրաման չտվեց վերադարձնել անվտանգության գոտու այդ՝ կորսված հատվածը. – «Պատերազմի ընթացքում ես չեմ պնդել, որպեսզի այդչափ տարածքը մեր բանակը ետ վերցնի, որովհետև ես առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին»:

XS
SM
MD
LG