ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը նախկին փոխնախագահ Ջոզեֆ Ռոբինեթ Բայդենին պաշտոնապես առաջադրել է նախագահության թեկնածու:
Վիսկոնսինի նահանգում՝ Դելավեր քաղաքում անցնող համագումարի ձևաչափը կորոնավիրուսի համավարակի պատճառով փոխվել է և տեղի է ունենում առցանց տարբերակով:
Բայդենի առաջադրումն, ըստ էության, սոսկ արարողակարգային է, քանի որ անցած ամիսների ներկուսակցական նախնական ընտրություններում նա արդեն առաջ է անցել բոլոր հավանական թեկնածուներից:
Եվ, այնուամենայնիվ, առաջադրման բուն փաստը զգացական մեծ նշանակություն ուներ 77-ամյա Ջո Բայդենի համար, ով քաղաքական երկարատև կարիերայի ընթացքում երկու անգամ փորձել է առաջադրվել, սակայն կուսակիցների կողմից թեկնածուի կարգավիճակ չէր ստացել:
Երեկ նա Դելավերում իր տնից է հետևել առցանց հեռարձակվող քննարկումներին և բարեմաղթանքներին: Նրա հետ էին ընտանիքի անդամները տիկնոջ՝ Ջիլ Բայդենի գլխավորությամբ:
«Շնորհակալ եմ, սրտանց, աշխարհի չափ շնորհակալ եմ, կհանդիպենք հինգշաբթի օրը», - ասել է վետերան քաղաքական գործիչը:
Վաղը՝ օգոստոսի 20-ին, դեմոկրատների համագումարն ավարտվում է, և թեկնածուն քաղաքական ուղերձով կդիմի կուսակիցներին ու հայրենակիցներին:
Բայդենին երեկ աջակցություն է հայտնել դեմոկրատական ասպարեզի ամբողջ աստղաբույլը՝ նախկին նախագահներ Բիլ Քլինթոնն ու Ջիմի Քարթերը, նախկին պետքարտուղար Ջիմ Քերրին, նախկին հանրապետական պետքարտուղար Քոլին Փաուելը, ամերիկացի սենատորներ, կոնգրեսականներ և շարքային ընտրողներ:
Բիլ Քլինթոնն ասել է, որ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Ամերիկան իսկապես դարձել է առաջատարը, բայց սոսկ ողբերգական վիճակագրության առումով, երկիրն առաջինն է աշխարհում տնտեսական անկման, պետական պարտքերի և նոր կորոնավիրուսի վարակվածության ու մահացության թվերով:
«Այս պայմաններում Սպիտակ տունն է կոչված երկիրը դուրս հանել ճգնաժամից, Օվալաձև գրասենյակը պետք է հրամանատարական կենտրոն լինի, փոխարենը դա փոթորկի կենտրոն է, այնտեղ լիակատար քաոս է», - ասել է Բիլ Քլինթոնը:
Ջո Բայդենին ջերմ ուղերձով է դիմել ամերիկյան քաղաքական աշխարհի և դեմոկրատական կուսակցության պատրիարքը՝ 95-ամյա նախկին նախագահ Ջիմի Քաթրերը:
«Ջոն ունի փորձ, բնույթ և պարկեշտություն՝ մեզ միավորելու և Ամերիկայի հզորությունը վերականգնելու համար: Մեզ պետք է ողջամիտ, ազնիվ և արդարամիտ մեկը, ով նվիրված է Ամերիկայի ժողովրդին ծառայելու գաղափարին», - ասել է Ջիմի Քարթերը:
Երեկ դեմոկրատների առցանց համագումարի մասնակիցներին դիմել են նաև հանգուցյալ նախագահ Ջոն Քենեդիի դուստրը և թոռը:
«Հայրս ընդունել է նախագահ առաջադրվելու դեմոկրատների վճիռը և ամերիկացիներին հորդորել է նայել դեպի ապագա, միանալ իրեն դեպի նոր հորիզոններ հասնելու ճանապարհին»,- ասել է Քերոլայն Քենեդին:
«Դա ուղերձ էր սրտով երիտասարդներին, անկախ նրանց տարիքից կամ կուսակցական պատկանելությունից, ժամանակները փոխվել են, բայց պապուս կոչի թեմաները՝ խիզախությունը, միասնությունը, հայրենասիրությունը՝ այսօր նույնքան հրատապ են, որքան հրատապ էին 60-ականներին, և վերստին մեզ պետք է լիդեր, ով հավատում է, որ Ամերիկայի լավագույն օրերն առջևում են, մեզ պետք է Ջո Բայդենը», - ասել է Ջեք Շլոսբերգը:
Գործող հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական հանդիպումներում հեգնանքով է խոսում Բայդենի և նրա կողմից փոխնախագահ առաջադրված սենատոր Քամալա Հարիսի մասին:
Նա նույնիսկ ասել է, թե ուրախ է, որ հենց Հարիսն է փոխնախագահի թեկնածուն, «քանի որ դա էլ ավելի է նվազեցնում Բայդենի հաղթանակի հնարավորությունը»:
Հանրապետականները հաջորդ շաբաթ են անցկացնելու ազգային համագումարը: Ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: