Մատչելիության հղումներ

Սենատոր Քամալա Հարիսը՝ ԱՄՆ փոխնախագահի թեկնածու


Առաջիկա նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի մրցակից, դեմոկրատ Ջո Բայդենը նախօրեին հայտարարել է, որ փոխնախագահի պաշտոնում առաջադրում է Կալիֆորնիայից ընտրված սենատոր Քամալա Հարիսի թեկնածությունը։

«Ինձ համար մեծ պատիվ է հայտնել, որ ես ընտրել եմ Քամալա Հարիսին», - անցած գիշեր Թվիթերում գրել է նախագահի թեկնածու Ջո Բայդենը` հավելելով, որ քաղաքական դաշնակցին համարում է սովորական քաղաքացիների համար պայքարում «անվախ մարտիկ և լավագույն պետական ծառայողներից մեկը»:

Ազատական հայացքներով հայտնի դեմոկրատ գործիչը մինչև օրենսդիր գործունեությունը զբաղեցրել է Սան Ֆրանցիսկոյի շրջանային և Կալիֆորնիայի նահանգային դատախազների պաշտոնները։

Ներգաղթյալների ընտանիքում ծնված 55-ամյա Հարիսը ԱՄՆ պատմության մեջ առաջին աֆրոամերիկացի կին գործիչն է, որ առաջադրվում է փոխնախագահի պաշտոնում։Նրա մայրը ծագումով Հնդկաստանից է, հայրը՝ Ճամայկայից: Հարիսը Հարվարդի և Կալիֆորնիայի համալսարանի շրջանավարտ է, մասնագիտությամբ իրավաբան և տնտեսագետ :

2017-ից Սենատի իրավական հարցերով, ներքին անվտանգության և կառավարության հարցերով, ինչպես նաև հետախուզության և բյուջեի հարցերով հանձնաժողովների անդամ է։

Նախօրեին արձագանքելով Բայդենի հայտարարությանը` Հարիսը հայտարարել է, թե կանի հնարավորը Բայդենի հաղթանակը ընտրություններում ապահովելու համար:

«Ջո Բայդենը կարող է համախմբել ամերիկացի ժողովրդին, որովհետև նա իր կյանքը անցկացրել է մեզ համար մղած պայքարում։ Եվ որպես նախագահ նա կարող է կառուցել Ամերիկա, որը համապատասխանում է մեր իդեալներին», - Թվիթերում գրել է Հարիսը, ով անցած տարեվերջին ինքն էր ցանկանում պայքարել Սպիտակ տան դեմոկրատական կուսակցության թեկնածուն դառնալու համար, սակայն մի քանի ամիս անց դադարեցրել է ընտրապայքարը` այդ որոշումը բացատրելով ընտրողների ոչ բավարար աջակցությամբ։

Ընտրապայքարը լքելուց հետո նա հրապարակավ իր աջակցությունն էր հայտնել նախկին փոխնախագահին` պատրաստակամություն հայտնելով պայքարել նրա հաղթանակի համար:

Մինչ այդ, նախընտրական քարոզարշավի ներկուսակցական բանավեճերից մեկի ժամանակ Հարիսը քննադատության տարափ էր հնչեցրել նախկին փոխնախագահի հասցեին, մասնավորապես`հիշեցնելով 1970-ականների վերջին և 80-ականների սկզբին սենատոր Բայդենի որոշումներից մեկի մասին, որով նա չէր միացել առաջարկին, որը կարող էր վերջ դնել սեգրեգացիայի կանոններից մեկին՝ սևամորթ դպրոցականներին հատուկ ավտոբուսներով տեղափոխմանը:

«Կալիֆորնիայում ապրում էր փոքրիկ մի աղջնակ, ով երկրորդ դասարանում էր սովորում: Նրան ամեն օր դպրոց էին տանում։ Այդ աղջնակը ես էի», - բանավեճերից մեկի ժամանակ դիմելով Բայդենին ասել էր Քամալա Հարիսը:

Արդեն նախկին քաղաքական մրցակիցների նոր կազմավորվող դաշինքը դեմոկրատական կուսակցությունում մեծ ոգևորությամբ են ընդունել :

Կուսակցության առաջնորդներից նախկին նախագահ Բարաք Օբաման «հրաշալի որոշում» է որակել Հարիսի ընտրությունը և հայտարարել է, որ Հարիսին վաղուց է ճանաչում, և նա ավելի քան պատրաստ է փոխնախագահի պաշտոնին: Սպիտակ տան նախկին ղեկավարի խոսքերով, սենատորը իր ողջ քաղաքական կարիերան նվիրել է ԱՄՆ-ի Սահմանադրության պաշտպանությանը և մարդկանց իրավունքների համար պայքարին:

Հակառակ ճամբարից հնչող արձագանքը, ինչպես և կարելի էր ակնկալել, ծայրաստիճան բացասական է: Սպիտակ տան ղեկավարը իր կոշտ և հետևողական քննադատին անվանել է զզվելի, ստոր, սարսափելի, կոպիտ. - «Ես կարծում էի, Բայդենը նրան չի ընտրի, նա ամենաստորն է, ամենաահավորը, ամենակոպիտը բոլոր սենատորներից»:

Սպիտակ տան ղեկավարի այդ գնահատականները կիսել է նաև փոխնախաահ Մայք Փենսը` հավելելով. - «Ինչպես գիտեք, ծայրահեղական ձախերը զավթել են Ջո Բայդենին և Դեմոկրատական կուսակցությունը: Այնպես որ, հաշվի առնելով նրանց խոստումները հարկերի բարձրացման, բաց սահմանների, համընդհանուր առողջապահության և աբորտների պահանջների հարցերում, զարմանալի չէ, որ նա ընտրել է հենց սենատոր Հարիսին»:

«Ռոյթերզը» փորրիկ հարցախույզ է անցկացրել Վաշինգտոնի փողոցներում` լսելու անցորդների կարծիքը Բայդեն - Հարիս տանդեմի վերաբերյալ: Շատերը չեն թաքցրել իրենց զարմանքը:

Ռաշեկ Էլլիս, ԱՄՆ պաշտպանության նախարարության աշխատակից. - «Նա բոլորովին այն անձը չէ, որը կարծում էի կընտրվեր։ Բայց հուսով եմ, որ նա կկարողանա միավորել երկիրը»:

Սաբրինա Մացցա , վաճառողը. - «Կարծում եմ, դա փոքր-ինչ ռիսկային է, չէ՞ որ նա շատ հակասական թեկնածու է, նույնիսկ դեմոկրատական փրայմերիզների ժամանակ չի կարողացել ստանալ բավարար աջակցություն»:

Ջամալ Գուդրիչ, դատախազ. -«Ես կարծում եմ, որ դա հիասքանր լուր է: Վաղուց ժամանակն է, որպեսզի փոխնախագահ դառնա սևամորթ կին։ Նա կբերի ուժ և վստահություն: Իմ կարծիքով, նա արդեն ապացուցել է, որ կարող է դիմակայել ոչ միայն Ջո Բայդենին, այլ նաև Դոնալդ Թրամփին։ Ավելի լավ թեկնածու դժվար է պատկերացնել»:

Հայաշատ Կալիֆորնիայից ընտրված Քամալա Հարիսը, ի դեպ, հայտնի է որպես Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով: Քամալա Հարիսը դեռևս Կալիֆորնիայի գլխավոր դատախազ աշխատելու տարիներին պաշտպանել է Ամերիկայի նահանգների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրենքներ ընդունելու իրավունքը, ինչպես նաև ամերիկահայերի՝ Ցեղասպանության տարիներին չվճարված ապահովագրության վկայականների հարցում արդարության հասնելու իրավունքը: Սենատոր Հարիսը նաև Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի համահեղինակներից է, ինչի մասին նաև հրապարակավ իր դիրքորոշումն էր հայտնել՝ կարևորելով մեկ ու կես միլիոն հայերի ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելը:

Հիշեցնենք, ավելի վաղ ԱՄՆ նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության կապակցությամբ արած իր հայտարարությունում խոստացել ընտրվելու դեպքում ճանաչել այն։

«Եթե ընտրվեմ, ես խոստանում եմ սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և մարդու իրավունքները դարձնել իմ վարչակարգի առաջնահերթությունը», - ասել է Բայդենը, ով 2007-ին՝ սենատոր եղած ժամանակ, աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերին։ Նա, մասնավորապես, համահեղինակել է համապատասխան բանաձևը, որը սակայն չէր դարձել Սենատի քննարկման առարկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG