Մատչելիության հղումներ

Հանրահավաքների ու հանրային միջոցառումների արգելքներն օգոստոսի 12-ից կմեղմացվեն


Հայաստանում մարտից հայտարարված արտակարգ դրության ժամկետն օգոստոսի 12-ից կերկարաձգվի ևս մեկ ամսով, բայց մի շարք սահմանափակումներ կվերանայվեն, օրինակ՝ հանրահավաքների ու հանրային միջոցառումների արգելքները, այսօր պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցում հայտնեց պարետ Տիգրան Ավինյանը։

«Վերանայվելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հնարավորությունների հարցը, վերանայվելու են ապրանքների արտահանման որոշակի սահմանափակումներ, վերանայվելու են հանրահավաքներ անցկացնելու հարցերը, վերանայվելու են հանրային միջոցառման հարցերը», - ասաց նա:

Ուսումնական տարվան հաշված օրեր են մնացել, պարետատունը մշակել է նաև ուսումնական հաստատությունները վերաբացելու մոդելներ, որոնք կհրապարակվեն օգոստոսի 12-ին. - «Ամսի 12-ին արդեն վերջնական ամբողջական լուծումները և ոլորտային վերաբացումների հետ կապված, և հանրային միջոցառումների հետ կապված, և հանրահավաքների հետ կապված, և օտարերկյա քաղաքացիների մուտքի հետ կապված, և մեր քաղաքացիների, ովքեր պետք է մեկնեն արտագնա աշխատանքի, նրանց խնդիրների հետ կապված, կարծում եմ` մենք բոլոր լուծումներն արդեն կհայտարարենք»:

Հունիսյան ծանր դրությունից հետո առաջին անգամ ակտիվ բուժվող կորոնավարակակիրների թիվը պակաս է 8 հազարից, հայտնեց վարչապետը՝ մտահոգվելով` քաղաքացիները նահանջող թվերից ոգևորված չեն պահպանում անվտանգության կանոնները. - «Մեր խնդիրը շարունակում է մնալ նույնը, և հիմա այս լավատեսության ֆոնին շատ ավելի խստորեն պետք է դնենք մենք խնդիրը` պահպանել հակահամաճարակային կանոնները, և որևէ կասկած չկա, որ մեր հակահամաճարակային կանոնների մեջ անկյունաքարային նշանակություն ունի դիմակի պարտադիր կրումը բաց և փակ տարածքներում, և մենք պետք է խստորեն հետևենք այս կանոնների պահպանմանը»:

Չնայած վարակվածության նահանջող ցուցանիշին, համաճարակային առումով իրավիճակը բարդ է, և դրա մեղմացումն ու հաղթահարումը հնարավոր է միայն հանրության ու կառավարության համագործակցության դեպքում։ Անվտանգության կանոնների պահպանման պահանջը ուժի մեջ է, ինչպես նաև տուգանքները, ասաց վարչապետը. - «Համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետությունում բարդ, և եթե մեր արձագանքն այս իրավիճակին չլինի պատշաճ այն առումով, որ մենք առավել մեծ ջանքեր գործադրենք հակահամաճարակային կանոնները պահպանելու ուղղությամբ, մենք կարող ենք նորից իրավիճակը ետ գլորել դեպի հուլիսի առաջին շաբաթվա իրավիճակը, որը, ինչպես հայտնի է, մեր համաճարակային իրավիճակի պիկն էր և գագաթնակետը»:

Անվտանգության կանոնները խստիվ պահպանելու կոչ արեց նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ շեշտելով` նույնիսկ ցածր ցուցանիշի դեպքում չպետք է թուլացնել զգոնությունը։ Երեկ թեստավորված 1848 քաղաքացուց 288-ն են վարակված եղել։ Մահացել է երկու մարդ։ Թորոսյանի փոխանցմամբ` ծայրահեղ ծանր է 68 հիվանդ. - «Մեր ամենավատ օրերին մենք ունեինք մոտավորապես 650 քաղաքացի, որոնք ծանր էին և ծայրահեղ ծանր: Այդ թիվն այս օրերին տատանվում է արդեն 350-ի շրջանակներում: Մենք ունենք 300 քաղաքացի ծանր վիճակում և 68 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում և թոքերի օդափոխության սարքերին միացված 24 քաղաքացի»:

Ցուցանիշների նվազման արդյունքում կրճատվել է նաև կորոնավարակակիրներին բուժող հիվանդանոցների թիվը. - «Արդեն ունենք այս պահի դրությամբ 15 գործող բժշկական կենտրոն, որոնք զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ նախկին 20-ի փոխարեն: Մենք ունենք կայունացող և դեպի լավ գնացող իրավիճակ, և երբ որ մենք հետահայց ենք նետում այն պահից, երբ որ մենք սկսեցինք ունենալ իջեցող թվեր, տպավորություն է, և հաշվարկները ցույց են տալիս, որ մենք շաբաթական կտրվածքով ունենում ենք մոտավորապես 50-100 նվազ դեպք մեկ օրվա հաշվարկով, քան նախորդ շաբաթ, և այդ իրավիճակը եթե մենք կարողանանք պահպանել` պահպանելով կանոնները, մենք, այո, իրական շանս ունենք, եթե ոչ զրոյացնելու կորոնավիրուսային հիվանդության արձանագրվող նոր դեպքերը, ապա այնքան իջեցնելու, որ համարենք, որ այն այդ պահին առնվազն մեզ համար այլևս հանրային առողջապահական խնդիր չէ»:

Հայաստանում մինչ այս պահը կորոնավիրուսից մահացել է 770 հոգի։ Վարակվածների թիվը մոտենում է 40 հազարին։ Այս պահին բուժվում է 7 հազար 738 վարակակիր։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG