Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածու առաջադրելը միանշանակ չի ընդունվել։ Որոշ իրավաբաններ և իրավապաշտպաններ շեշտում են՝ նախկին իշխանության կադրն ինչպե՞ս կարող է հայտնվել նոր Հայաստանի Սահմանադրական դատարանում և իրականացնել արդարադատություն այն դեպքում, երբ տարիներ շարունակ աչք է փակել տարբեր խախտումների վրա։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը պնդում է՝ Բարձր դատարան ներկայացվող դատավորի թեկնածուն պետք է համապատասխանի հեղափոխության արժեքներին։ Իսկ դրա համար Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ընտրեր ոչ թե 2001-ից դատավորի կենսագրություն կերտած Խունդկարյանին, այլ հեղափոխությունից հետո նշանակված մեկին, որը որևէ առնչություն չի ունեցել նախկին իշխանությունների հետ. - «Եթե նախկինների մարդը չլիներ, նա այդ պաշտոնը չէր ստանձնի: Ես առաջարկում եմ շատ կարճ ժամանակ տրամադրել, փորձել վեր հանել բոլոր գործերը, որոնցով մասնակցել է Խունդկարյանը, այդ թվում նաև վերջերս որոշում է կայացրած եղել, այնպես որ բացեք, նայեք իր անցած ճանապարհը, իր գործունեությունը, ես վստահ եմ, որ կլինեն բազմաթիվ գործեր»:
Երեկ Դատավորների ընդհանուր ժողովը, որին մասնակցում էր 194 դատավոր, 145 ձայնով ՍԴ դատավորի թեկնածու ընտրեց 2018-ի սեպտեմբերից Վճռաբեկ դատարանը նախագահող 47-ամյա Խունդկարյանին։ Բացի Վճռաբեկ դատարանի նախագահից, Դատավորների ընդհանուր ժողովին իր թեկնածությունն էր առաջադրել նաև Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը: Նրան կողմ է քվեարկել 38 դատավոր։
Ըստ Սահմանադրության` Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել 40 տարին լրացած, միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն 15 տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Նինա Կարապետյանցը թեև անուն չի նշում, բայց պնդում է՝ իր ճանաչած դատավորների շարքերում կան այնպիսիները, որոնք աչք չեն փակել մարդու իրավունքների խախտումների վրա։ Մինչդեռ, ըստ իրավապաշտպանի, Խունդկարյանն այդպիսին չէ. - «Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն ուղղակի գնում է կործանման, եթե մենք չենք կարողանում ընդամենը 3 հոգի գտնել այնպիսի մարդիկ, ովքեր բացի տեխնիկական այդ տարբեր պահանջներից` իրավաբան լինելուց, բարձրագույն կրթությունից, օժտված են նաև 2 կարևորագույն հատկանիշներով, իմ պատկերացմամբ, կարևորագույն հատկանիշներով. առաջինը` Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, երկրորդը` բարոյական որակներից զրկված չեն, որովհետև ՀՀ քաղաքացին միայն կապույտ անձնագիրը չի, ՀՀ քաղաքացի լինել նշանակում է պայքարել հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն օրենքի, իրավունքի, ժողովրդավարության, իսկ բարոյական նորմերով օժտված լինել նշանակում է չլռել այն ժամանակ, երբ որ դու կարող ես ու գիտակցում ես, թե ինչ վտանգներ են սպառնում Հայաստանի Հանրապետությանը»:
Երվանդ Խունդկարյանը թերևս մամուլին հայտնի դարձավ 2004 թվականին, երբ Ա1+ հեռուստաընկերությանն առնչվող որոշում էր կայացրել որպես տնտեսական դատարանի դատավոր։ Խունդկարյանը մերժել էր եթերազրկված հեռուստաընկերության դիմումն ընդդեմ «Սինեմաքս» ընկերության` այդպիսով նախապատվություն տալով պետռեգիստրում չգրանցված «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը։ Իսկ 2008-ի հետընտրական արյունալի մարտյան իրադարձություններից հետո Խունդկարյանը Վճռաբեկ դատարանի դատավոր էր։ Թեև նա վարչական և քաղաքացիական դատարանի դատավոր էր և առնչություն չի ունեցել քրեական գործերին, Կարապետյանցը, սակայն, պնդում է՝ դա կապ չունի. - «Մարտի 1-ն ամենածանր, ողբերգական իրադարձություններից մեկն է մեր պատմության, բայց միայն Մարտի 1-ով չի սկսվել ու չի վերջացել հանցավոր ռեժիմի և դատական համակարգի՝ հանցավոր ռեժիմին ծառայելու այդ ամբողջ գործընթացը»:
Մինչդեռ գործընկերոջ օգտին երեկ քվեարկած Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը պնդում է՝ Խունդկարյանն արժանի թեկնածու է։ Սուքոյանը նրա հետ աշխատել է տնտեսական դատարանում. - «Իրեն համարում եմ լավ մասնագետ, շատ ազնիվ և շատ դժվար և շատ բարդ ուղի է անցել դատական համակարգում, և եթե պետք է գնար դատավոր Սահմանադրական դատարան, ինձ թվում է` ամենաարժանի թեկնածուներից մեկն էր: Այլ բան, նաև կարծում եմ, որ այդպիսի դատավորի գնալը Սահմանադրական դատարան և իրականացնել սահմանադրական արդարադատություն միգուցե նաև արդյունավետ կլինի առհասարակ Սահմանադրական դատարանի գործընթացների վերաբերյալ»:
Հարցին, թե կա քննադատություն, որ Խունդկարյանը հին իշխանության կադրն է, դատավորը պատասխանեց՝ Խունդկարյանը քաղաքացիական իրավունքի մասնագետ է և երբևէ առնչություն չի ունեցել քաղաքական երանգ ունեցող քրեական գործերի հետ. - «Երբ որ դուք ասում եք, որ հին իշխանության օրոք է աշխատել, մոռանո՞ւմ եք, որ դատական իշխանությունը հենց երրորդ ճյուղն է իշխանության, հետևաբար մենք աշխատել ենք ոչ թե հին իշխանության, այլ զուգահեռ հին իշխանության, ոչ թե եղել ենք իշխանության ինչ-որ բաղադրիչ, մի մաս: Չէ, ոչ մի վատ բան չեմ տեսնում, որովհետև դատական համակարգը, արդարադատությունը եթե մենք հիմա կիսենք հին, նոր, միջին, անընդհատ կարող ենք վիճել` որն է լավ, որը` վատ»:
Սահմանադրական դատարանում երեք թափուր տեղերն առաջացել են մեկ ամիս առաջ Հայաստանում ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում, երբ դադարեցվեցին Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները։ Կառավարությունն արդեն առաջադրել է իր թեկնածուին՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին։ Նրա թեկնածությունն էլ հատկապես հարուցել է Մարտի 1-ի զոհերի հարազատների և քաղաքական պատճառներով դատապարտվածների դժգոհությունը։ ՍԴ դատավորի մյուս թեկնածուին էլ նախագահը պետք է առաջադրի։
Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն այսօր չցանկացավ պատասխանել «Ազատության» հարցերին՝ մասնավորապես, ինչո՞ւ որոշեց ինքնաառաջադրվել և խորհրդարանի կողմից ՍԴ դատավոր ընտրվելու պարագայում արդյո՞ք կհավակնի բարձր դատարանի նախագահի պաշտոնին, թե՞՝ ոչ։