Մատչելիության հղումներ

Դադարել է ՍԴ նախագահի և ևս 3 անդամների պաշտոնավարումը. ԱԺ


Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյան, արխիվ
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյան, արխիվ

Այսօրվանից ուժի մեջ են մտել հունիսի 22-ին Ազգային ժողովի կողմից ընդունված Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները:

Ազգային ժողովի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Սահմանադրության 213 հոդվածը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված եւ Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, եւ պաշտոնավարումը դադարում է»:

Համաձայն հաղորդագրության, նշված կանոնակարգումներով դադարել է Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում, ինչպես նաև ՍԴ-ի դատավորներ (անդամներ) Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, և Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարումը:

Հրանտ Նազարյանը, Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարում է առավել քան 24 տարի, Ֆելիքս Թոխյանը, պաշտոնավարում է առավել քան 22 տարի, Ալվինա Գյուլումյանը՝ առավել քան 12 տարի:

ՀՀ Սահմանադրության 213 հոդվածի 3-րդ մասի համաձայն Սահմանադրական դատարանի երեք դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները պետք է կատարվեն հաջորդաբար Կառավարության, Հանրապետության նախագահի և դատավորների ընդհանուր ժողովի կողմից երկամսյա ժամկետում, որը սկսում է հունիսի 27-ից:

Ըստ հայտարարության, Սահմանադրության 13 հոդվածի 4-րդ մասի համաձայն Սահմանադրական դատարանի նախագահը պետք է ընտրվի Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, ընտրությունը պետք է իրականացվի Սահմանադրական դատարանի դատավորների առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:

Հաշվի առնելով այն փաստը, որ Սահմանադրական դատարանի նախագահ դեռևս ընտրված չէ, իսկ Ալվինա Գյուլումյանի՝ որպես ՍԴ անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը դադարել է, Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները իրականացվելու են Սահմանադրական դատարանի դատավորներից տարիքով ավագ դատավորի կողմից:

Այսօրվա դրությամբ Սահմանադրական դատարանի տարիքով ավագ դատավորն Աշոտ Խաչատրյանն է` ծնված 1962 թվականի սեպտեմբերի 10-ին:

XS
SM
MD
LG