Մատչելիության հղումներ

ԱԺ բյուջետային քննարկումն անցավ 44-օրյա պատերազմի զեկույցի քննարկման երանգներով


Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումն այսօր ընդմիջվեց, քանի որ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով պիտի զեկույց ներկայացներ, այդ պահին դահլիճում չէր: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց:

Սա ակնհայտորեն հարուցեց դահլիճում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը. News.am-ի տեսանյութում երևում է, որ դահլիճ շտապած Անդրանիկ Քոչարյանը մոտենում է վարչապետին, թերևս փորձում բացատրել ուշացումը, բայց Փաշինյանը լքում է դահլիճն ու նրա ելույթի ժամանակ չի վերադառնում:

Իր ելույթը սկսելուց առաջ Անդրանիկ Քոչարյանը ներողություն խնդրեց, բայց նաև շեշտեց, որ մեղքի բաժին ունի նաև Ազգային ժողովի քարտուղարությունը. «Ենթադրում եմ, որ իմ պատճառով է եղել, որի համար ներողություն եմ խնդրում թե կառավարությունից, թե մեր գործընկերներից, բայց միաժամանակ ուզում եմ նշել, որ մեր քարտուղարությունը արժե, որ ավելի ուշադիր լինի, երբ որ ելույթ ունեցողից հետո անմիջապես ես պետք է ունենամ, գոնե դուրս գալուց ինձ պետք է զգուշացնեիք: Ես ընդունում եմ իմ մեղքը, բայց նաև նշում եմ, որ դուք թերացել եք»:

Ուշագրավ է, որ Անդրանիկ Քոչարյանի և նրա ուշացման համար ընդմիջում հայտարարած Ալեն Սիմոնյանի միջև վերջերս հրապարակային անհամաձայնություն էր արձանագրվել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցի պատճառով: Քոչարյանի ղեկավարությամբ քննիչ հանձնաժողովը նախատեսվածից երկար էր աշխատել զեկույցի վրա, Ալեն Սիմոնյանը, պատճառաբանելով ժամկետների խախտումները, հայտարարել էր, որ այն այլևս լիագումար նիստում չի կարող քննության առարկա դառնալ, և ուղարկել էր Ազգային ժողովի գրադարան՝ գաղտնի բաժին, հանրությունն այդ զեկույցի բովանդակության մասին ոչինչ այդպես էլ չիմացավ:

Այսօր, թեև քննարկումները բյուջեի մասին էին, սակայն հարցերի մեծ մասը այդպես էլ չհրապարակված զեկույցին էին վերաբերում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը, ով զեկույցին ծանոթացած փոքրաթիվ պատգամավորներից է, հարց ուղղեց՝ իրավապահները ե՞րբ են զբաղվելու հանձնաժողովի արձանագրումներով:

«Կան խայտառակ արձանագրումներ, որ 18թ. բարձրագույն զինվորական պաշտոնին նշանակում է կատարել Նիկոլ Փաշինյանը խիստ կասկածելի հիմքով: Կա արձանագրում, որ բարձրագույն զինվորական պաշտոնի եղել է մարդ, որը, չի բացառվում, որ այլ երկրի ազդեցության գործակալ է... Կա արձանագրում, որ տասնյակ միլիոնավոր դոլարների ՀՕՊ համակարգ է գնվել, որն անարդյունավետ է եղել», - ասաց Մանուկյանը:


Անդրանիկ Քոչարյանը դարձյալ շեշտեց, որ զեկույցը հանրությանը չի հասել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշման պատճառով, իսկ զեկույցն ու դրա հիմք հանդիսացած բոլոր փաստաթղթերը պատրաստվում են նաև իրավապահների համար բացել:

«Մենք հիմա կազմակերպելու են ԱԺ աշխատակազմի հետ, որ այն ամբողջ՝ 16 հազար էջից բաղկացած նյութերը պետք է տեղափոխվեն առաջին բաժին, որից հետո պետք է որոշում կայացվի՝ այդ նյութերին հասանելիություն տալ պետական այն կառույցներին, որտեղ իրենք դա ուսումնասիրելու և որոշումներ կայացնելու հնարավորություն կունենան, առաջին հերթին՝ Գլխավոր դատախազություն, ԱԱԾ, ՊՆ», - նշեց Քոչարյանը:

Ինչ վերաբերում է Գեղամ Մանուկյանի մատնանշած կադրային որոշումներին և պատերազմի ժամանակ ՀՕՊ համակարգում արձանագրված խնդիրներին, Քոչարյանն ասաց՝ օր առաջ պետք է պատժվեն անվտանգությունը խաթարողները:

Թեև զեկույցը Ազգային ժողովի գաղտնի բաժնում է, ի վերջո Անդրանիկ Քոչարյանը չբացառեց, որ փաստաթղթի մի հատված հնարավոր է հրապարակվի:

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը Ազգային ժողովում ձևավորվել էր 2022 թվականին իշխանության նախաձեռնությամբ և գործել առանց ընդդիմադիրների. նրանք ի սկզբանե բոյկոտել են՝ պնդելով, որ պատերազմի պարտության պատասխանատուները չեն կարող օբյեկտիվ քննություն անցկացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG