Մատչելիության հղումներ

Լուկաշենկո. «Գնացեք բերքահավաքը լուսաբանեք, ոչ թե ցույցերը»


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ

Բելառուսում մինչև ընտրությունների օրը՝ օգոստոսի 9-ը, մոտ երկու շաբաթ է մնացել:

Ներքաղաքական վիճակը բավական լարված է: 26 տարի իշխող Ալեքսանդր Լուկաշենկոն վճռականորեն շարունակում է նախագահությունը երկարաձգելու պայքարը և մատ է տափ տալիս ազատ մամուլի վրա:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է Լուկաշենկոյի երկու իրական մրցակիցների՝ գործարար Վիկտոր Բաբարիկոյի և նախկին դիվանագետ Վալերի Ցեպկալոյի թեկնածությունների գրանցումը, պայքարին մասնակցելու իրավունքից զրկվել է նաև ընդդիմադիր բլոգեր Սերգեյ Տիխանովսկին:

Բլոգերը ցանկացել է առաջադրվել թեկնածու, բողոքի ակցիաներին վանկարկել է «Ստո՛պ, տարական» և «Կեցցե՛ Բելառուսը» կարգախոսները: Որպես պայքարի զենք բլոգերը ցույցերի ժամանակ ձեռքում պահել է խորհրդանշական հողաթափը, որի հարվածով, սովորաբար, ավարտվում է ուտիճի երկրային կյանքը:

Լուկաշենկոյին այդ համեմատությունը զայրացրել է: Տիխանովսկին արդեն մի քանի շաբաթ է բանտում է գտնվում, այսօր նրա կալանքը երկարաձգել են ևս 15 օրով: Նրան մեղադրում են հասարակական կարգը խախտելու և ապօրինի ցույցեր կազմակերպելու համար:

Բանտում են Բաբարիկոն և նրա որդին՝ ընտրական շտաբի ղեկավար Էդուարդը, նախկին դիվանագետ Ցեպկալոն էլ հավաստի աղբյուրներից տեղեկություն է ստացել ձերբակալվելու անմիջական վտանգի մասին, վերցրել է երեխաներին ու շտապ մեկնել է Ռուսաստան, կինը՝ Վերոնիկան, Մինսկում է մնացել:

Վերջին պահին թեկնածու է առաջադրվել բլոգեր Սերգեյ Տիխանովսկու կինը՝ Սվետլանան, և տեղի է ունեցել Լուկաշենկոյին անհանգստացնող անսպասելի բան. հենց Սվետլանայի շուրջ էլ միավորվել են ընդդիմադիր ուժերը:

Թեկնածուն նախընտրական հանդիպմանը եկել է Բաբարիկոյի ընտրական թիմի ղեկավար Մարիա Կոլեսնիկովայի և Ցեպկալոյի կնոջ՝ Վերոնիկայի ուղեկցությամբ:

«Մեր երկրի ղեկավարությունն անամոթաբար արգելել է Բելառուսի երեք հզոր թեկնածուներին մասնակցել ընտրություններին, նրանք են՝ Վիկտոր Բաբարիկոն, Սերգեյ Տիխոնովսկին և ամուսինս՝ Վալերի Ցեպկալոն, այս արգահատելի դեպքից հետո մենք որոշել ենք միավորվել և ցույց տալ կանանց համերաշխության ուժը»,- ասել է Վերոնիկա Ցեպկալոն:

«Եթե ես մենակ լինեի, անհրաժեշտ ուժը չէի ունենա, բայց հիմա զգում եմ այս հարգելի կանանց և նրանց թիմերի աջակցությունը, դա ինձ ուժ է տալիս»,- ասել է Սվետլանա Տիխանովսկայան:

Նա խոստովանել է, որ քաղաքական գործիչ չէ, և ընտրություններին է գնում, քանի որ սիրում է ամուսնուն, հայրենիքը և ազնվությունը:

Նա խոստացել է հաղթանակի դեպքում ազատել քաղբանտարկյալներին և նշանակել նոր՝ ազնիվ և արդար ընտրություններ, որոնց կմասնակցեն այսօր բանտերում գտնվող լիդերները:

Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանափակել է տեղական դիտորդների ներկայությունն ընտրություններին, ԵԱՀԿ-ից և ԵԽԽՎ-ից դիտորդներ չեն լինի, արտասահմանյան հատվածը կներկայացնեն միայն ԱՊՀ երկրների դիտորդները:

Ընտրությունների օրը Հանրապետության պալատում տեղեկատվական ավանդական կենտրոնը չի աշխատի, հանրությանը կտրամադրվեն միայն կառավարության տեղեկատվական բաժնի պատրաստած ամփոփագրերը: Այդ որոշումները պատճառաբանվում են կորոնավիրուսի վտանգով, որի մասին ինքը՝ Լուկաշենկոն հեգնանքով է խոսում:

Կարծես, ամեն ինչ արվում է օգոստոսի 9-ի ընտրություններն առավել կազմակերպված և նվազագույն ինֆորմացիայով արագ անցկացնելու համար, բայց ընդդիմադիր շարժումը չի մարում և, ավելին, լուսաբանվում է: Հատկապես դա է զայրացրել Լուկաշենկոյին, ով հայտարարել է, թե լրագրողները պետք է ցույցերը լուսաբանելու փոխարեն գնան դաշտեր բերքահավաքը լուսաբանեն:

Լուկաշենկոն պահանջում է երկրից վտարել BBC-ի և «Ազատության» լրագրողներին:

«Մենք ենք երկրի տերը, կատարեք ձեր պարտականությունները, չեք կարող, ուրիշները կանեն, սա ի՞նչ վերաբերմունք՝ է, BBC, «Ազատություն» ռադիոկայան, «Ազատ Եվրոպա», ինտերնետային հեռարձակումներ, էլ չեմ ասում, որ սադրում են, զանգվածային անկարգություններ են հրահրում, ինչո՞ւ եք դա հանդուրժում, դուք եք նրանց այստեղ հավատարմագրել»,- ասել է վրդովված նախագահը:

Եվրոպական միությունն այսօր տարածել է հայտարարություն, որով Մինսկին կոչ է արել անցկացնել ազատ և արդար ընտրություններ, հավատարմագրել անկախ դիտորդներին և օտարերկրացի թղթակիցներին, չսահմանափակել մամուլի աշխատանքը, չհետապնդել և չհալածել լրագրողներին ու բլոգերներին:

XS
SM
MD
LG