Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գրանցել է նախագահի հինգ թեկնածուների, այդ թվում՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, բայց նրանց թվում Վիկտոր Բաբարիկոն չկա։
ԿԸՀ-ի նախագահը հայտարարել է, թե Բաբարիկոյի ունեցվածքի և եկամուտների հայտարարագրում անհամապատասխանություններ կան, նրա եկամուտներն իրականում ավելի շատ են, քան ներկայացված է, բացի այդ՝ նախընտրական արշավը ֆինանսավորվում է դրսից։
Բելառուսի պետական վերահսկողության կոմիտեն, իր հերթին, ԿԸՀ-ին հայտնել է, թե Բաբարիկոն հանցավոր խմբավորման ղեկավար է և ստանում է անօրինական եկամուտներ։
Նախկին բանկիր Վիկտոր Բաբարիկոն Բելառուսի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել։ Նա դիտարկվում էր գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ընդդիմադիր թեկնածու։
Հունիսի կեսերին Բաբարիկոն ձերբակալվել է և մինչև հիմա գտնվում է մեկուսարանում։ Նրան մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածներով՝ հարկերից խուսափում, փողերի լվացում և կաշառակերություն։ Քրեական գործով անցնում է նաև նրա որդին։
Բելառուսի նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 9-ին։