Հայաստանում կորոնավիրուսի ևս 461 նոր դեպք է հաստատվել, դրական է եղել երեկ իրականացված 1969 հետազոտությունների 23,5 տոկոսը։ Ընդհանուր առմամբ մինչ օրս հաստատվել է վարակման 34 հազար 462 դեպք։
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ երեկ կորոնավիրուսից 11 անձ է մահացել, նրանցից ամենաերիտասարդը 53 տարեկան էր, ամենատարեցը՝ 92։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
«Ցավոք, 631 մահվան դեպք ունենք», - ասաց Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Նախորդ օրը 4 վարակակիր էլ մահացել է այլ հիվանդության պատճառով, այսպիսի դեպքերի թիվը 201 է։ Կորոնավիրուսից մինչ օրս առողջացել է ավելի քան 23 հազար մարդ, հիվանդությունը հաղթահարածների թիվը երեկ ավելացել է 631-ով։ Այս պահին կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 10 հազար 500 մարդ։
Եթե շաբաթներ առաջ օրական իրականացված թեստերի ավելի քան 30 տոկոսի պատասխանն էր դրական լինում, ապա վերջին օրերին հարաբերակցությունը որոշակիորեն նվազել է՝ հասնելով 20-25 տոկոսի։ Այդուհանդերձ, Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն ասում է՝ դեռ վաղ է պնդել, որ վարակի տարածման առումով բարելավում կա։
«Կանոնների պահպանումը կարող է բերել թվերի նվազման, և դա ամբողջ աշխարհում հիմք է ծառայում: Երբ որ կանոնները պահպանվում են, բնականաբար, թվերը սկսում են նվազել, բայց այս պահին որևէ գնահատական տալ, որ ունենք թվերի անկում, դեռևս վաղ է, բավական ժամանակ է պետք, որպեսզի այդ գնահատումն արվի», - նշեց Նիկողոսյանը:
Արդեն մեկ շաբաթ է առողջացածների թիվը գերազանցում է օրական հաստատված դեպքերի թվին, Ալինա Նիկողոսյանը պարզաբանում է՝ այն վարակակիրները, որոնք տնային պայմաններում են բուժում ստանում և հիվանդությունը թեթև են տանում, 14-րդ օրը համարվում են առողջացած:
«Նրանք 14-րդ օրն արդեն ավտոմատ համարվում են առողջացած, որովհետև այդ 14 օրվա ընթացքում չեն ունենում որևէ բարդացում և չեն ունենում հիվանդանոցային օգնության կարիք: Այդ թիվը 14 օր հետո ամփոփվում է և տեսնում եք առողջացածներ», - ընդգծեց ԱՆ խոսնակը:
Վաղը Վարդավառ է, Առողջապահության նախարարությունը հորդորում է այս տարի զերծ մնալ տոնն ավանդական ձևով նշելուց։ Ըստ առողջապահական գերատեսչության՝ Վարդավառը տոնելու պայմաններում կմեծանա կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը, քանզի դժվար կլինի հակահամաճարակային կանոններին հետևելը՝ մասնավորապես դիմակներ կրելը։
«Խոնավ կամ թաց դիմակները կարող են նպաստել հիվանդության հարուցչի երկարատև պահպանմանը», - ընդգծում է նախարարությունը, նշելով՝ Վարդավառի ժամանակ կդժվարանա նաև ձեռքերի հիգիենան ապահովելը և սոցիալական հեռավորություն պահպանելը՝ արդյունքում ստեղծելով նպաստավոր պայմաններ հիվանդության դեպքերի թվի շեշտակի բարձրացման համար։