Մատչելիության հղումներ

Վարակաբան. Չնայած 1 շաբաթվա տարբերությամբ համեմատական նվազումներին` իրավիճակի բարելավման մասին վաղ է խոսել


Armenia -- Medics at the Surb Grigor Lusavorich Medical Center in Yerevan, Armenia's largest hospital treating COVID-19 patients, June 5, 2020.
Armenia -- Medics at the Surb Grigor Lusavorich Medical Center in Yerevan, Armenia's largest hospital treating COVID-19 patients, June 5, 2020.

Տանը հոսպիտալացման սպասող հիվանդներ չկան, «Ազատության» հետ զրույցում ժամը երեքի տվյալները փոխանցեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «16 պացիենտ ունենք, ովքեր ոչ թե գտնվում են տանը, այլ տրիաժ կենտրոններում, այսինքն` իրենց մոտ ախտորոշվել է կորոնավիրուսը և հիմա պետք է տեղափոխվեն վերապրոֆիլավորված մասնագիտացված հիվանդանոց կորոնավիրուսային հիվանդության դեմ: Տանը սպասող հիվանդներ այս պահի դրությամբ չունենք», - ասաց նա:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մոտենում է 32 հազարին։ Անցած մեկ օրում հայտնաբերվել են ևս 489 վարակակիրներ, տոկոսային առումով թեստավորվածների 25.9 տոկոսն է։ Մահացածները 13-ն են, Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ բոլորն էլ ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Ամենաերիտասարդը 59 տարեկան էր, ամենատարեցը՝ 95, երկուսն էլ՝ կանայք։ Վարակից մարտի մեկից մինչև այսօր մահացել է 559 մարդ:

Հիմա բուժվածների մասին․ թիվը վերջին մեկ օրվա ընթացքում ավելացել է 710-ով, բուժվում է ավելի քան 11 հազար մարդ: Ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում գտնվող կորոնավիրուսով վարակվածների մասին վերջին տվյալները փոխանցեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակը. - «Այսօրվա դրությամբ ծանր վիճակում գտնվող ունենք 563 պացիենտ, իսկ ծայրահեղ ծանր վիճակում` 117 պացիենտ: Նրանցից 39-ը միացրած են թոքային օդափոխման սարքին: Չեմ կարող ասել բոլոր մոտ, բայց տոկոսը շատ մեծ է ուղեկցող հիվանդություններ ունեցող պացիենտների»:

Համեմատելով անցած շաբաթվա ու ընթացիկի թվերը` տեսնում ենք՝ այս շաբաթվա 5 օրերին թեստավորված ավելի քիչ անձանց մոտ է կորոնավիրուս հայտնաբերվել. միջին օրական թիվը անցած շաբաթ եղել է 28.9 տոկոս, այս շաբաթ՝ երկուշաբթիից ուրբաթ ընկած ժամանակահատվածում՝ 26.4 տոկոս։

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Հասմիկ Ղազինյանը, սակայն, կարծում է՝ խոսել իրավիճակի բարելավման մասին վաղ է. - «Բոլոր դեպքերում օրական մոտավոր 500 նոր ինֆեկցման դեպքեր դեռ անհանգստացնող է: Եթե ընտանիքում լինում է մեկ դեպք, և ընտանիքի այլ անդամներ միշտ չէ, որ հետազոտվում են` համարելով, որ իրապես իրենք կորոնավիրուսով ինֆեկցված են: Այնպես որ խոսել նվազման մասին, կարծում եմ, դեռ մի քիչ շուտ է, չնայած մեկ շաբաթվա տարբերությամբ մենք տեսնում ենք, որ համեմատական նվազումներ կան»:

Ինչո՞ւ վարակակիրների թվերը մի քանի հարյուրին՝ ընդհուպ 800-ին մոտեցան, վարակաբանը կարծում է` որովհետև մինչև հունիս ամիսը պարետատան բոլոր որոշումները մնում էին թղթի վրա՝ կրելով ձևական բնույթ։ Այս կամ այն չափով վերահսկողությունը հունիսից սկսեց: Վարակաբանն իր սեփական դիտարկումները ներկայացրեց, նկատել է` ավելի շատ մարդ է դիմակ կրում և ավելի ճիշտ ձևով. - «Սուպերմարկետները մեր ինֆեկցիայի հիմնական օջախն են, երևի Հայաստանն առաջին էր, որ որոշում ընդունվեց` տարեցները առևտուրը կանեն առավոտը ժամը 10-12-ը, չէ՞ որ սա պետք էր հսկել իսկապես: Ես ժամը 5-ին մտնում էի գնումների, բոլոր տարեցներն առանց դիմակների: Խոսքը վերաբերում է ապրիլ-մայիս ամիսներին: Սոցիալական տարածություն ասած հասկացությունը վերացված էր, սուպերմարկետներում պետք էր բոլոր բաժիններում լինեին ձեռքերի հիգիենայի պարագաներ: Դա բացակայում էր»:

Սևանի սեզոնն է բացվել։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը թե լավ, թե վատ կողմերից է խոսում. համաճարակի պայմաններում մարդկանց հոսքին զուգահեռ վարակակիրների թիվն է մարզում ավելանում. - «Դրականն, իհարկե, տնտեսականն է, նաև հաշվի առնելով, որ մեր շատ հայրենակիցներ չեն կարողանում երկրից դուրս գնալ և հանգստանալ, փորձում են մեզ մոտ Սևանի ափերին հանգստանալ: Բացասականն այն է, որ մեզ մոտ Սևան քաղաքը շարունակում է մնալ մարզում կորոնավիրուսով ամենաակտիվ հատվածը: Մեր Սևանի բնակիչները կամ հարակից համայնքների բնակիչներն ափամերձ հատվածներում աշխատում են և հաճախ շփման մեջ են լինում Երևանից կամ այլ հատվածներից եկող մեր հայրենակիցների հետ: Կարծում եմ` ինչն էլ բերում է վարակի տարածմանը: Երբ որ մարզում 20-30 դեպք է օրվա ընթացքում գրանցվում, դրա առնվազն կեսը սևանային կամ Սևանի հարակից հատվածներում է, ինչը ինչ-որ չափով պայմանավորվում եմ այլ մարզերից, այլ համայնքներից մեր հայրենակիցների տեղաշարժով»:

Հայաստանում արտակարգ դրությունը երկուշաբթի օրվանից ևս մեկ ամսով կերկարաձգվի, իսկ Լեռնային Ղարաբաղում արտակարգ իրավիճակի ժամկետն արդեն իսկ նախագահի հրամանագրով ավելացվել է 32 օրով՝ մինչև օգոստոսի 12-ը։ Արցախում մեկուսացված է 84 մարդ, բուժվողները 27-ն են: Անցած օրը 117 թեստ է անցկացվել, նոր վարակակիրներ չեն հայտնաբերվել, առողջացել է 3 քաղաքացի: Կորոնավիրուսի առաջին վարակակրի հայտնաբերումից ի վեր մահվան ոչ մի դեպք չի գրանցվել։

XS
SM
MD
LG