Մատչելիության հղումներ

Արծրուն Հովհաննիսյան. Գործողություններից հետո հայկական կողմը դիրքային առումով առավել բարենպաստ վիճակում է


Չմանրամասնելով, թե հայկական կողմում դիրքային կոնկրետ ինչ փոփոխություններ են եղել, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը հաստատում է, որ սահմանին իրականացված գործողություններից հետո հայկական կողմը դիրքային առումով առավել բարենպաստ վիճակում է, ինչը չափազանց կարևոր է համարում` հաշվի առնելով, որ սահմանի մոտակա բնակավայրերը տարիներ շարունակ գնդակոծության տակ են եղել:

«Դե Պաշտպանության նախարարությունն իմ կարծիքով` հստակ ասել է, չնայած միգուցե և ամեն ինչ երբեք չենք խոստովանի զուտ այդ առումով, որովհետև զինված ուժերի դիրքային փոփոխությունները, առաջխաղացումները միշտ չի, որ բարձրացման ենթակա ինֆորմացիա են: Կարող եմ ասել, որ մեր Զինված ուժերը տվյալ օպերացիայից առաջ և հետո համեմատության մեջ ավելի բարենպաստ իրավիճակում են ինչպես դիրքերի առումով, այնպես էլ մարտական խնդիրների կատարման առումով. բազմապատիկ ավելի վնասներ և կորուստներ են պատճառել հակառակորդին: Դուք գիտեք, որ այսօր եղավ պաշտոնական ընդունելը ինֆորմացիայի Ադրբեջանի կողմից պաշտոնապես, որ ունեն լուրջ կորուստներ կորպուսի հրետանու պետի, կորպուսի շտաբի պետ, գեներալ-մայորի աստիճանով, բազում սպաներ, մայորներ, գնդապետ, հրետանու պետը, այլ զինծառայողներ: Անցնող օրը կորցրել են զգալի թվով ԱԹՍ-ներ, մարտական տեխնիկա, ավտոմոբիլային տեխնիկա և այլն:

Մեր Զինված ուժերը ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են ադրբեջանական ԱԹՍ-ներից մեկը, որը սովորական ԱԹՍ չի, հանդիսանում է այլ ԱԹՍ-ների համար կառավարման կենտրոն, այսպես ասած` պայմանական հրամանատարական կետ է օդից հանդիսանում և այլ հրետանային միջոցների ու այլ ԱԹՍ-ների կրակը կառավարում է: Ըստ էության, արդեն մոտ 1 տասնյակին մոտեցող թիվ է իրենց կորուստները ԱԹՍ-ների մասով միայն», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Տավուշի մարզում գտնվող պատգամավոր Սիփան Փաշինյանը երեկ լուսանկար էր հրապարակել «Ղարադաշ» գրությամբ: Բարձունքը ներկայումս հայկակա՞ն ուժերի վերահսկողության տակ է, հարցին Արծրուն Հովհաննիսյանը չպատասխանեց. - «Կոնկրետ դիրքերի մասով, որ դիրքը ինչ, ոնց է գտնվում և այլն, ես վստահ եմ, որ Պաշտպանության նախարարությունն առաջիկայում ամեն ինչի մասին մանրամասն կհաղորդի: Եկեք, սպասենք պաշտոնական տեղեկություններին»:

Արծրուն Հովհաննիսյանը դարձյալ հաստատեց վարկածը, որ ադրբեջանական կողմը մեքենայով հայկական դիրքերի դիմաց է հայտնվել մոլորվելու արդյունքում, իսկ հետագա գործողությունների պատճառները, ասում է, բազմաթիվ կարող են լինել: Թվարկում է այս ընթացքում Ադրբեջանի ունեցած կորուստները, որոնք թե մարդկային, թե տեխնիկական առումով բավականին մեծ է որակում. - «Գիտեք` առաջին հայացքից, իհարկե, շատ ցավոտ կորուստներ են, բայց առաջին անգամ չէ, որ ականատես ենք լինում, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, շատ ներողություն, թքած ունի մարդկային կյանքերի վրա, այդ թվում նաև գեներալ կամ գնդապետի վրա: Այնպես չի, որ իրենք նման աստիճանի կորուստներ երբեք չեն ունեցել: Երբեք մեզ չպիտի հուզի, թե ինչը կարող է ստիպել Ադրբեջանին ավելի ագրեսիվ լինել: Ադրբեջանը մաքսիմում ագրեսիվ է առանց որևէ բաների ստիպելու կամ նախապայմանների, առիթների: Ես անկեղծ ասած չեմ ընդունում մեր հանրության մեջ այդ տեսակետը, այդ ցեղասպանվածի սինդրոմից եկող տեսակետը, որ մենք չկատաղեցնենք դիմացինին, մենք ինչ-որ առիթ չտանք մեզ վրա կրակելու: Մեզ ցեղասպանողները մեզնից առիթի չեն սպասել»:

Սեյրան Օհանյան. Հայաստանի ԶՈւ-ն իրենց առջև դրված խնդիրն իրականացրել են բարձր մակարդակով

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կարծիք է հայտնում, թե անկախ նրանից որն է եղել Ադրբեջանի կողմից սադրանքի պատճառը, Հայաստանի զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրն իրականացրել են բարձր մակարդակով. - «Լոկալ ընդհարում է, այս լոկալ ընդհարմանը մեր զինված ուժերը, ընդհանուր առմամբ մեր հանրությունը պետք է պատրաստ լինի, բայց այս լոկալ ընդհարումները միշտ հետևանքներ ունենում են, այսինքն` իրենք փորձում են նորից այլ վայրերում, այլ տեղերում սադրանքներ կազմակերպել»:

Օհանյանն անդրադաձավ նաև երեկ ՀԱՊԿ-ի հրավիրված և կարճ ժամանակ անց անորոշ ժամանակով հետաձգված նիստին, որի օրակարգում պետք է լիներ ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանի սահմանի վիճակը: 2008-ից մինչև 2016-ի սեպտեմբերը պաշտոնավարած Օհանյանը ասում է` ՀԱՊԿ-ում կոնսենսուսի հասնելը միշտ էլ դժվար է եղել. - «Որովհետև տարբեր երկրներ տարբեր հարաբերություններ ունեն նաև Ադրբեջանի հետ, բայց գտնում եմ, որ ՀԱՊԿ-ը պետք է իր մեջ ուժ գտնի և դատապարտի Ադրբեջանին, որոնք որ սադրանք են կազմակերպել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG