Մատչելիության հղումներ

Բելառուսում քաղաքական համավարակ է, ասում է Լուկաշենկոն


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

«Բելառուսում այժմ էլ քաղաքական համավարակ է». - շաբաթ օրը Մինսկից մոտ 100 կիլոմետր հարավ գտնվող Սոլիգորսկ քաղաք այցի ժամանակ, մեկնաբանելով երկրում ընթացող նախագահական քարոզարշավը, նման հայտարարությամբ հանդես եկավ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Դիմելով քաղաքի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից մեկի աշխատակիցներին՝ Լուկաշենկոն կրկին պնդում էր, թե օտար պետությունները փորձում են միջամտել Բելառուսի ներքին գործերին, ազդել քարոզարշավի ընթացքի վրա։

«[Երկրում] Նոր համավարակ է՝ քաղաքական, և այն կապված է ընտրությունների հետ։ Այս հարցում շատ զգուշավոր եղեք։ Ես չեմ եկել, որպեսզի ձեզնից [ընտրություններում] աջակցություն հայցեմ։ Դա դուք ինքներդ որոշեք ։Բայց հիշեք ամենակարևորը՝ մեզ արտերկրից չպետք է կառավարեն։ Եթե դուք կողմ եք այս գաղափարին, ապա մենք միասին կպաշտպանենք երկիրը հանուն մեր երեխաների։ Իսկ եթե դեմ եք՝ գնացեք ձեզ ուրիշ նախագահ գտեք», - դիմելով բանվորներին՝ հայտարարում էր Լուկաշենկոն։

Սոլիգորսկում Բելառուսի նախագահն այդպես էլ չհստակեցրեց, թե ովքեր են միջատում երկրի ներքին գործերին։ Նախորդ շաբաթավերջին, այնուհանդերձ, Մինսկում կայացած խորհրդակցություններից մեկի ժամանակ Լուկաշենկոն նշել էր, թե որոշ ուժեր երկրի ներսում փորձում են ապակայունացնել իրավիճակը, և այդ ուժերը հիմնականում կառավարվում են երկու տեղից՝ Լեհաստանից և Ռուսաստանից։

Ի դեպ, առաջիկա օրերին Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստվում է կրկին մեկնել Ռուսաստան՝ այս անգամ Ռժև քաղաքում կառուցված հուշահամալիրի բացմանը մասնակցելու նպատակով։ Երկրորդ համաշխարհայինի զոհերի հիշատակին նվիրված այդ հուշահամալիրի բացմանն, ըստ Լուկաշենկոյի, մասնակցելու է նաև Ռուսաստանի նախագահը։ Բելառուսի ղեկավարը, սակայն, անկեղծորեն խոստովանում է, որ այդքան էլ չէր ցանկանա այս թեժ պահին լքել երկիրը։ «Ամեն անգամ երբ լքում եմ Մինսկը, մի արտակարգ պատահար տեղի է ունենում», - պնդում էր նա՝ հիշատակելով Մոսկվա իր այցի օրը Մինսկի ջրամատակարարման համակարգում տեղի ունեցած վթարը, որի հետևանքով 800 հազար մարդ մնացել էր առանց խմելու ջրի։

«Ես իմ [ենթականերին] կատակով ասացի. - «Մեկնեցի թե չէ՝ Մինսկում ջուրն ապականեցիք»։ Երկրից հեռանալիս արդեն լուցկին եմ թաքցնում, որ հանկարծ երկիրը չհրկիզեն։ Իրոք, ես հիմա Բելառուսից հեռանալիս զգուշավորություն եմ ցուցաբերում», - հայտարարում էր Լուկաշենկոն։

Նախագահական ընտրությունները Բելառուսում կայանալու են ուղիղ 40 օրից՝ օգոստոսի 9-ին։ Թեկնածուների գրանցման փուլը մեկնարկելու է առաջիկա կիրակի օրը՝ հուլիսի 5-ին։ Այս պահին ընտրարշավի գլխավոր ինտրիգն է, թե ով է լինելու Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը։ Լայն ժողովրդականություն վայելող ընդդիմադիր գործիչներից երկուսը, որոնք ցանկանում էին մասնակցել ընտրություններին, այժմ ճաղերի ետևում են։ Բլոգեր Սերգեյ Տիխանովսկին ձերբակալվեց մայիսի 30-ին՝ ոստիկանի դեմ բռնություն կիրառելու մեղադրանքով, այժմ նախագահի պաշտոնում փորձում է առաջադրվել նրա կինը։ «Գազպրոմբանկ»-ի բելառուսական մասնաճյուղի նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոն ձերբակալվեց հունիսի 19-ին։ Բելառուսական դատախազությունը պնդում է, որ «Բելգազպրոմբանկ»-ը Բաբարիկոյի կառավարման ընթացքում անօրինականորեն շուրջ 400 միլիոն ամերիկյան դոլար է դուրս բերել երկրից։

XS
SM
MD
LG