Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը չի ստորագրելու ՍԴ մասին օրենքի փոփոխությունները


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը:

Այսօր արտահերթ նստաշրջանով և հատուկ 24-ամյա ռեժիմով Ազգային ժողովը քննարկեց «Սահմանադրական դատարանի մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» նախագծերի փաթեթը։

Ըստ այս փոփոխության, առաջարկվում է ՍԴ դատավորների թափուր տեղերի առաջադրումների հերթականությունը փոխել` առաջադրում կատարելու առաջին լիազորությունը վերապահել Կառավարությանը, ապա Հանրապետության նախագահին, այնուհետև Դատավորների ընդհանուր խորհրդին, ինչպես նաև ՍԴ այն անդամ-դատավորները, որոնց լիազորությունները դադարեցվել են մինչև ժամկետի ավարտը, կենսաթոշակի իրավունք են ստանալու:

Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը նախագահն ստորագրում ու հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը: Եթե նախագահը չի կատարում սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

Խորհրդարանից դեռևս չեն արձագանքել նախագահի որոշմանը, Արմեն Սարգսյանն էլ չի հստակեցրել՝ դիմելու է Սահմանադրական դատարան, թե՝ ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG