Վանաձորի բոլոր չորս պոլիկլինիկաներում փաստում են, որ վերջին 10 օրերին մարզկենտրոնում կորոնավիրուսով հիվանդացության թվերը նվազել են, պիկերն անցել են։
Եթե հունիսի սկզբին թեստավորում էին օրական 15-30 քաղաքացու, ապա վերջին օրերին արդեն 5-10 թեստ են անում։ Մեկ ամիս առաջ Լոռիում վարակվածության դեպքերը կտրուկ աճեցին մեծ թվով աշխատակիցներ ունեցող կարի ֆաբրիկաներում։ Դրանից հետո ալիքը տարածվեց ֆաբրիկաների աշխատակիցների հետ շփումներ ունեցածների շրջանում։
Վանաձորի «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաների գրեթե բոլոր 3000 աշխատակիցներն ինքնամեկուսացվել էին։ Նրանց մի մասի մոտ հիվանդությունը հաստատվեց։ Ոմանք դեռ բուժվում են, բայց մեծ մասն արդեն դուրս է եկել ինքնամեկուսացումից և իրենց լավ են զգում։
Վանաձորի թիվ 2 պոլիկլինկայի տնօրեն Մարինա Սիմոնյանն ասում է, որ երեկ արել են 8 թեստ, այսօր թեստավորվածները 6-ն են. – «Նմուշառումների թիվը ինքը նույնպես ցույց ա տալիս, որ ալիքը իջնում ա: Նաև կարևորում եմ այն փաստը, որ ունեցել ենք օրեր, որ յոթ նմուշառում ա էղել, յոթն էլ դրական: Հիմա վերջին տվյալներով, վեց նմուշառում ա եղել, չորսը դրական, հինգ նմուշառում ա եղել, երեքը դրական: Դրանք նույնպես խոսում են նրա մասին, որ ինչ-որ տեղ կայունացման է գնում ընթացքը»:
Վանաձորի թիվ 4 պոլիկլինիկան Տարոն թաղամասում է, որտեղ կարի ֆաբրիկաների մեծ թվով աշխատողներ են ապրում։ Անցած ամիս ֆաբրիկաներում վիրուսի տարածման հետևանքով այստեղ ևս աճել են վարակակիրների թվերը։ Պոլիկլինիկայի տնօրեն Կարինե Բաղդասարյանն ասում է, որ նախկինում արված նմուշառումների 90-95 տոկոսի դեպքում հաստատվում էր կորոնավիրուսը։ Այսօր արդեն դրական թեստերը կիսով չափ նվազել են. – «Հիմա օրական մենք թեստավորում անում ենք ըստ ցուցումի, մինչև տասը հոգու: Եթե հաստատված թոքաբորբ ունեն, եթե գտնվում են ռիսկի խմբում և կոնտակտ են ունեցել հաստատված կովիդով հիվանդի հետ, հղիներ են, որոնք ունեն որոշակի գանգատներ կամ ջերմություն»:
Բոլոր չորս պոլիկլինիկաներում կովիդի կասկածով հիվանդների համար մուտքն առանձնացված է։ Տնօրեններն ասացին, թե պաշտպանության բոլոր միջոցները ձեռնարկում են, որ վիրուսակիրներից վարակը չհասնի իրենց։
Բայց արի ու տես թիվ երեք պոլիկլինիկայի տնօրենն ինքնամեկուսացած է։ Նրա գործավարի մոտ վիրուս է հաստատվել։ Տնօրենին փոխարինող տեղակալ Մարինե Ղազարյանն ասաց, որ վարչական մասի մի քանի աշխատակիցներ ևս ինքնամեկուսացված են, որպես գործավարի հետ կոնտակտավորներ։ Բուժաշխատողների շրջանում վիրուսակիրներ չկան։ Փոխտնօրենը քիչ հավանական համարեց, որ վարակը բուժհաստատություն մտած լինի հիվանդների միջոցով. – «Բայց ամեն դեպքում ոչ մեկս ապահովագրված չենք փողոցից, սուպերմարկետներից, ոչ մի տեղից: Կարող ենք նաև մենք դրսում վարակվել»:
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի հարևանությամբ գործող թիվ 3 պոլիկլինիկայում մինչև օրս 167 թեստ են արել, որոնց 72 տոկոսը դրական է եղել։
Այսօր պոլիկլինիկա էր եկել մի քաղաքացի։ Ասաց, որ «Սարտոն» կարի ֆաբրիկայի աշխատակից է։ Գանգատներ չի ունեցել, բայց ֆաբրիկայի չափող սարքը ջերմություն էր գրանցել։ «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ ֆաբրիկայում ջերմաչափել են, պարզվել է, որ ջերմություն ունի, և ուղարկել են պոլիկլինիկա: Ասաց, որ իրեն լավ է զգում:
Վանաձորում ամենաշատ թվով թեստեր արվել են քաղաքի կենտրոնում գործող թիվ մեկ պոլիկլինիկայում։ Տնօրեն Վանիկ Օհանյանն ասաց, որ կատարված 208 թեստերի կեսը դրական է եղել։ 63 հիվանդ հոսպիտալացվել է։
Վանաձորում պոլիկլինիկաների տնօրենները վստահեցնում են, որ նախկինում կորոնավիրուսի նկատմամբ թերահավատները կարի ֆաբրիկաներում գրանցված համատարած դեպքերից հետո սթափվել են։
Վանիկ Օհանյան. – «Սկզբնական էտապում շատերը չէին հավատում, բոլորի համար դա վերացական ինչ-որ մի երևույթ էր: Բայց էսօր տենց չի, էսօր առարկայական ա ամեն ինչ: Բոլորն էլ հիվանդ մարդու ճանաչում են, գոնե ամեքը մի հոգու»: