Մատչելիության հղումներ

Տեսչական մարմնի ներկայացուցիչ․ Գյումրիում ընդհանուր իրավիճակը դրական է


Շաբաթ օրը ստուգայցի ընթացքում արձանագրված խախումների հետևանքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն այսօր Գյումրիում կասեցրեց 5 բենզալցակալանի գործունեությունը։

Տեսչական մարմնի ներկայացուցիչ Էդգար Այվազյանը ներկայացրեց, թե հիմնականում ինչ խախտումների պատճառով են տնտեսվարողների գործունեությունը կասեցնում. – «Ջերմաչափումը աշխատակիցների, հիմնականում փակ աղբամանն է բացակայում և իրազեկման թերթիկ փակցված չի լինում: Հիմնական թերությունները դրանք են, որոնք գրեթե միշտ տեղում շտկվում են: Ստուգայցերի նպատակը իրենց գործունեությունը կասեցնելը չէ, նպատակը հակահամաճարակային կանոնների պահպանումը ապահովելն է առաջին հերթին իրենց համար, հետո` իրենց հաճախորդների ու մնացածի»:

Տնտեսվարողներն ընդունեցին, որ խախտումներ թույլ տվել են ու թեև դրանք վերացրել էին, այդուհանդերձ, նրանց գործունեությունը կասեցվեց։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պատասխանատու Դավիթ Պետրոսյանը չկարողացավ հստակ նշել, թե քանի տնտեսվարողի գործունեություն է կասեցվել: Թիվը առավել մեծ է մայրաքաղաքում. - «Գյումրիում ընդհանուր իրավիճակը դրական է` համեմատած շատ այլ վայրերի ու նույնիսկ Երևանի հետ, որովհետև այստեղ շինանյութի խանութներում, գազալցակայաններում ընդհանուր առմամբ պահպանվում են»:

Տեսչական մարմինը պարետատան որոշմամբ կասեցնում է տնտեսվարողի գործունեությունը: Իսկ ո՞ւմ վրա է դրված վերահսկողությունը, որ տնտեսվարողը արգելքի պայմաններում չի շարունակի աշխատել. - «Վերահսկողությունը ոստիկանության վրա է, դրա համար մեր հետ անպայման ոստիկանության աշխատակիցներ են գալիս, տեսնում են, որ արդեն կասեցված է գործունեությունը և արդեն 24 ժամ վերահսկելու են, որ գործունեություն չծավալեն: Եթե խախտում են, տուգանքներ են նախատեսված»:

Տեսչական մամնի աշխատակիցներին ուղեկցող ոստիկանության Մուշի բաժնի ավագ տեսուչ Պետրոս Մարգայանն ասաց, որ սահմանված երթուղի ունեն ու վերահսկում են: Կասեցումը խախտելու դեպքում վարչական տուգանք է սահմանված. – «Երթուղին վերահսկվում է: Եթե այլ հանձնարարական եղավ, հանձնարարականով նույնպես կգանք, կստուգենք, թե ինչպես է պահպանվում պարետի որոշումը»:

Տնտեսվարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը վերահսկում են տեսչական մի քանի մարմիններ։ Գյումրիում մի քանի տասնյակ տնտեսվարողների գործունեություն տարբեր կառույցներ պարետատան որոշմամբ կասեցրել են հիմականում 24 ժամով, կրկնակի խախտման դեպքում՝ 48 ժամով և մեկ դեպքում` 72 ժամով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG