Մատչելիության հղումներ

Վլադիմիր Գասպարյանը դստեր պրոդյուսերին տուն է նվիրել, կնոջն ու մյուս աղջկան՝ կոչումներ շնորհել. ՀՔԾ


Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են՝ բացահայտվել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի և ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված մի շարք առերևույթ հանցագործություններ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 միլիոն դրամի վնաս։

Ըստ պաշտոնական հայտարարության՝ Վլադիմիր Գասպարյանը 2011-2018 թվականներին զբաղեցնելով ոստիկանապետի պաշտոնը, ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15 միլիոն ու 10 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքերը սեփականության իրավունքով և ապօրինի կերպով հատկացրել է բնակարանի կարիք չունեցող, ոստիկանության 3 բարձրաստիճան պաշտոնյաների։ Նախկին ոստիկանապետը, նույն ճանապարհով, ըստ ՀՔԾ-ի, մեկ այլ անշարժ գույք էլ հատկացրել է ոստիկանության զորքերում գրանցված, երբևէ ծառայության վայր չներկայացած, բայց փոխարենն իր դստեր համար պրոդյուսերական ծառայություններ մատուցած աշխատակցին:

Գործում մեկ այլ դրվագ էլ առնչվում է Վլադիմիր Գասպարյանի մյուս աղջկան, որը 2015-ին զբաղեցնելով ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնը, երբևէ չի ներկայացել աշխատանքի ու չի կատարել ծառայողական պարտականությունները, բայց ստացել է տարեկան շուրջ 9 մլն դրամ աշխատավարձ՝ ավելի քան 55 հազար դոլար։

Այս ամենն, ըստ ՀՔԾ-ի, արվել է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի իմացությամբ ու ստորագրությամբ, ավելին, նրա հանձնարարությամբ Գասպարյանի աղջիկներից մեկին շնորհվել է փոխգնդապետի կոչում։

«Քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է նաև, որ ամբողջությամբ կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով կազմակերպվել է նրա դստերն ընդամենը երեք օրով բարձր պաշտոնի նշանակելու ձևական գործընթաց, որով ապահովվել է վերջինիս փոխգնդապետի զինվորական կոչում շնորհվելը», - մանրամասնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Ըստ ՀՔԾ-ի՝ առանձին դրվագով՝ տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ ոստիկանապետ եղած ժամանակ Վլադիմիր Գասպարյանի կողմից նրա կինը նշանակվել է ոստիկանության պետի ավագ ռեֆերենտ, սակայն անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր աշխատանքային պարտականությունները և մի շարք դեպքերում տևական ժամանակով չի ներկայացել աշխատանքի, սակայն ստացել է ավելի քան 19 մլն դրամ աշխատավարձ: Նրան էլ ոստիկանության փոխգնդապետի, ապա` գնդապետի կոչում է շնորհվել։

Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը «Ազատության» հարցերին չպատասխանեց, իսկ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանի խոսքով՝ իր պաշտպանյալն օգտվել է լռելու իրավունքից և հրաժարվել է ցուցմունք տալ, այլ մանրամասներ նա չհայտնեց։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն «Ազատությանն» ասաց՝ սպայի պատվից վերջերս խոսող Վլադիմիր Գասպարյանը փաստորեն կոչումներ է շնորհել դստերն ու կնոջը։ ՀՔԾ-ի այսօրվա հայտարարության ծավալուն տեքստից սա է զարմացրել իրավապաշտպանին:

«Սպայի պատիվը շատ կարևոր բան է, և այսպես այս աստիճանի ոտնահարել էդ ուսադիրի արժեքը, ես անկեղծ ասած, շոկի մեջ եմ միայն դրանից, թե չէ մնացած մասով առանձնապես զարմացած չեմ: Նորից եմ ասում՝ վստահ եմ ուղղակի, որ եթե շատ քչփորեն, հաստատ մի քանի անգամ ավելի խախտումներ կգտնեն, եթե ոչ ավելի ծանր հացագործություններ, չեմ բացառում՝ չխախտելով, իհարկե, անմեղության կանխավարկածը», - նշեց Կարապետյանցը:

Քրեական գործով պարզվել է, որ 1997-2011 թվականներին զինվորական ոստիկանության /2007թ.-ից` ռազմական ոստիկանության/ վարչության պետի, ապա` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանը ՊՆ զորամասի երեք զինծառայողի թույլ է տվել կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ: Նրանք զորամաս հաճախելու փոխարեն փաստացի աշխատել են որպես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրներ Լյովա և Ալեքսանդր Սարգսյանների վարորդ ու թիկնապահ, սակայն ՊՆ-ից որպես աշխատավարձ ստացել են շուրջ 55 մլն դրամ։

ՀՔԾ-ն նաև հայտարարել է, որ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանի ապօրինի հանձնարարությամբ, իր ենթականերից մեկը բուն գործառույթների փոխարեն՝ 2 տարի շարունակ, որպես վարորդ է ծառայել վերջինիս ընտանիքի համար՝ բայց աշխատավարձը ստացել է պետությունից՝ ընդհանուր հաշվով շուրջ 3 միլիոն 760 հազար դրամ։

Նախաքննությամբ նաև պարզվել է, որ Վարդան Թունյանը 2014-2018 թվականների ընթացքում յուրացրել է 2 միլիոն 762 հազար 275 դրամի 7445 լիտր բենզին:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցին այս մանրամասները չեն զարմացնում: Նա շարունակում է կասկածել, որ իրավապահ համակարգից ինֆորմացիայի արտահոսք կամ վաճառք կա, պնդեց՝ հենց դա է պատճառը, որ մինչև քրեական գործերի հարուցումը՝ սկսվում են իշխանության հասեցին այսպես ասած «սուր» քննադատություններ:

«Այսպես կոչված ընդդիմությունը կամ մերժվածներն իրենք իրենց իրավունք են վերապահում խոսել քաղաքական հետապնդման մասին: Մինչև քաղաքական հետապնդում հայտարարելը, ես կարծում եմ, պարոն Գասպարյանն առնվազն գոնե մի բան պետք է բացատրի՝ էդ ոնց եղավ, որ իր աղջիկները դարձան գնդապետ», - ասաց իրավապաշտպանը:

Պետությանը պատճառված շուրջ 114 մլն դրամից 64 մլիլիոնը վերականգնվել է, վնասի մնացած չափով արգելանք է դրվել մեղադրյալների գույքի վրա: Այս գործերով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին, ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանին և ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանին։ Հատուկ քննչական ծառայությունում շուրջ մեկ տարի քննվող այս բազմադրվագ քրեական գործն ավարտվել է այսօր, այն կուղարկվի դատարան՝ երբ դատախազը հաստատի մեղադրական եզրակացությունը։

XS
SM
MD
LG