Մատչելիության հղումներ

Վարչապետն արձանագրում է` սահմանադրական փոփոխություններն այսօր ուժի մեջ են մտել, ԲՀԿ-ն դիմում է ՍԴ


Սահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ, կեսգիշերին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն», - նշել է նա` հավելելով, որ երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։

Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը շեշտել է` Հայաստանի բոլոր պետական մարմինները պարտավոր են ի գիտություն ընդունել այս իրողությունը և առաջնորդվել ըստ այդմ։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահը պաշտոնական տեղեկագրում հրապարակել է Սահմանադրության փոփոխությունները։

Այսօր առավոտյան սահմանադրական վերջին փոփոխությունները հակասահմանադրական համարող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները Սահմանադրական դատարանի մոտ էին: ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին ասաց, որ արդեն բնօրինակ թղթային տարբերակը հանձնել են ՍԴ աշխատակազմի ղեկավարին. - «Աշխատակազմի ղեկավարը նշեց, որ կան սահմանված ընթացակարգեր, կքննվի հարցը, և կորոշվի՝ վարույթ ընդունվում է, թե ոչ»: Սահմանադրական դատարանը, նկատենք, դիմումը վարույթ ընդունելու կամ մերժելու համար 15 օր ունի:

ՍԴ վերոնշյալ 4 անդամները երեկ հայտարարությամբ իշխող ուժի ներկայացուցիչներին հորդորել էին «դուրս չգալ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից»։ Մասնավորապես, նշել էին, որ դա արձագանքն է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի` ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման և ևս երեք դատավորի պաշտոնանկ արվելու հայտարարությանը:

Այսօրվանից ուժի մեջ մտնող սահմանադրական փոփոխություններով բարձր դատարանի 9 հոգանոց կազմից հեռանում են այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարվա ժամկետը լրացել է։ Այս փոփոխությունների արդյունքում նախկին Սահմանադրություններով ընտրված անդամներից նոր ձևավորվող կազմում կշարունակեն պաշտոնավարել Աշոտ Խաչատրյանը, Արևիկ Պետրոսյանը, Արայիկ Թունյանը և Հրայր Թովմասյանը։ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ժամկետը, ըստ գործող Սահմանադրության, լրանում է 10 տարի անց։ Այս փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ կազմում թափուր է մնալու 3 դատավորի պաշտոն։ Սահմանադրական դատարանի այս փոփոխությունները չեն վերաբերում գործող Սահմանադրությամբ ընտրված դատավորներ Արման Դիլանյանին ու Վահե Գրիգորյանին:

Վերջինս այսօր ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ սա «համարձակ ու պատմական քայլ է», որը լուծում է Սահմանադրական դատարանի ճգնաժամը: «Ես համարում եմ, որ սա Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծում է, միանշանակ ողջունում եմ ԱԺ այս քայլը», - նշեց նա:

Հարցին, թե պատրաստվո՞ւմ է դառնալ ՍԴ նախագահ, նա բացասական պատասխան տվեց. - «Ոչ, դուք գիտեք, ես հրապարակել եմ»:

XS
SM
MD
LG